HY RU EN

Իրանի դեսպանատունը 99 տարով անհատույց կօգտագործի Կապույտ մզկիթն ու հարակից հողամասը

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Մեսրոպ Մաշտոցի 12 հասցեում գտնվող  «Կապույտ» մզկիթ» («Գյոյ» մզկիթ) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը, իր սպասարկման համար անհրաժեշտ հողամասով (այսուհետ` հուշարձան) համարել Հայաստանի Հանրապետության սեփականությունը և դրա տնօրինման լիազորությունը վերապահել մշակույթի նախարարությանը։

Նույն որոշմամբ` hուշարձանն ու հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 99 տարի ժամկետով հանձնվել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:

Հուշարձանը ընդգրկվել  է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին հանձնարարվել է Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ապահովել հողամասի նվիրատվության մասին պայմանագիր կնքել և կազմակերպել գույքային իրավունքների պետական գրանցումը:

Հուշարձանի և հողամասի գույքային իրավունքների պետական գրանցումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության լիազորված ներկայացուցիչի հետ կկնքվի գույքի անհատույց, 99 տարի ժամկետով օգտագործման իրավունքի պայմանագիր:

Կսահմանվի պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը, որոնք ենթակա են իրականացման «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին, ինչպես նաև պայմանագրում կնախատեսվի դրույթ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան պահպանական պարտավորագրի ստացման վերաբերյալ: