HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես միշտ ասել եմ՝ նրանց արյունը աթոռի ոտքերով է գնում, ոչ թե աորտայով». Արամ Մանուկյանը՝ իշխանությունների ու նրանց քծնողների մասին

Լիլիթ Թադևոսյան

Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է և հայ Ազգային Կոնգրեսն ինչպես ամեն տարի այս տարի նույնպես Ազատության հրապարակից անցկացրեց երթ, այս անգամ` դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Երթին մասնակցում էին ոչ միայն ՀԱԿ ներկայացուցիչներն ու ակտիվիստները, այլև «Նոր Հայաստան» դաշինքի անդամները, այդ թվում` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդները:

Հասնելով ԿԸՀ-ի մերձակա տարածք՝ երթի մասնակիցները կանգ առան, քանի որ ԿԸՀ շենքը շրջապատված էր մի քանի շարք պատ կազմած ոստիկաններով, որոնք զինված էին սաղավարտներով ու վահաններով, իսկ ուղիղ մուտքի մոտ կանգնած էին ավտոմատներով զինված ոստիկաններ:

Երբ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բանակցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, նա էլ զեկուցեց իր վերադասին, երթի մասնակիցների հնարավորություն տրվեց մոտենալ և կանգնել ԿԸՀ շենքի դիմացի մայթին, որտեղ նույնպես դեպի ԿԸՀ շենք տանող ոստիկանները երկու շարքով պատ էին կազմել: Նշենք նաև, որ ԿԸՀ շենքի մուտքի մոտ կանգնած էին նաև ՀՀ փոխոստիկանապետեր Լյովա Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը:

Տեղում ելույթ ունեցան ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Առաջինը ելույթ ունեցավ Արամ Մանուկյանը, ով ակնարկելով ոստիկանների մեծաքանակ լինելը՝ կատակելով ասաց. «Հիմա հասկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանը», և եթե ամեն ցուցարարին, եթե տասը ոստիկան չեղավ, դուք ապահով չեք լինի: Սերժը ձեր մասին է մտածում, չե՞ք զգում ինչ ապահովության մեջ եք: Չորս կողմը նայեք:  Հագած, կապած, պինդ, ապրեք տղերք»,- ասաց Արամ Մանուկյանը:

Այնուհետև նա ասաց, որ որևէ տեղ հանցագործ չփնտրեն, քանի որ «մեր երկրում մի հանցագործ կա, որի կամքը սպասարկում են քծնողները, լակեյները, պնակալեզները, ստամոքսով մտածողները»:

«Այս երկրում մնացածները ազատ քաղաքացիներ են, Հայաստանի հպարտ քաղաքացիներ, և նրանք ամենուր են, պետական պաշտոնյաներ են, գյուղապետեր են, ոստիկաններ են, նախարարության աշխատողներ են: Դուք փնտրեք միայն մեկ հոգի և նրան սպասարկող մեկ խումբ: Եվ եթե մենք մտածենք, որ այդպես է, մեր խնդիրը հեշտանում է: Մեր ժողովրդի 90 տոկոսը մեր նման են մտածում: Եվ այդ մարդկանց «ոչ»-ը, այդ մարդկանց հայրենասիրությունը պահպանել է պետք: Գալու է վերջը, գալու է մի հոգու վերջը, գալու է նրան քծնողների վերջը, նրանք հետո գալու են նոր իշխանությունների կոշիկները լիզեն: Նրանք հետո պատրաստ են միայն կոշիկ լիզեն, միայն՝ իրենց ստամոքսը լիքը լինի: Ես միշտ ասել եմ՝ նրանց արյունը աթոռի ոտքերով է գնում, ոչ թե աորտայով»,- ասաց Արամ Մանուկյանը:

Այնուհետև ցույց տալով ԿԸՀ շենքը՝ պատգամավորը ամոթանք տվեց այնտեղ նստածներին, որ քծնում են ու կեղծարարներ են, որից հետո բոլորը վանկարկեցին  «ամոթ, ամոթ»:

Այնուհետև ելույթ ունեցավ Արեն Մարտիրոսյանը, ով ասաց, որ դեկտեմբերի 6-ին, ժողովուրդը միասնական կամքով ցույց տվեց, որ ոչ միայն դեմ է նոր Սահմանադրությանը, այլ դեմ է նաև իշխող վարչախմբին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 

«Դեկտեմբերի 6-ին ամբողջ աշխարհը տեսավ, որ Սերժ Սարգսյանը հասարակության մոտ չունի վստահության որևէ նշույլ և եթե 2013 թվականի նախագահական ընտրություններին գոնե 15 տոկոս իրեն կողմ քվեարկաշ կար, ապա 2015 թվականաին՝ երկու տարի հետո, այդ տոկոսը հինգ տոկսից ավել չէր: Եվ միայն լայսնամասշտաբ, համակարգային կեղծարարության արդյունքում հնարավոր եղավ նմանատիպ թվեր նկարելը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նաև ասաց, որ չակերտավոր ընդդիմադիրները արդեն օգնում են իշխանավորների այս կամ այն թևին, որպեսզի մյուս թևի վրա հարձակում տեղի ունենա:

«Եվ միանշանակ է, որ նաև ոստիկանության քվեարկությամբ,  այս օրերին մեզ հետ անցկացրած ժամերին իրենց մոտեցումները հայտնելով ակնհայտ է, որ մենք այս պահին ունենք մեզ աջակցող ոստիկանություն, իշխող համակարգում մեզ համակրող ևա նհրաժեշտ պահին մեզ աջակցող նորմալ ծառայողներ և որ ամենակարևորն է՝ ունենք իշխանություններին  դեմ քվեարկած, նրանց հրաժարականը արդեն թղթով ապացուցած քաղաքացիներ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ միասին շարունակում են  պայքարը և կանգնել չկա:

Իսկ Լևոն Զուրաբյանն իր ելույթում ասաց, որ  շատերը հնարավոր է չեն հասկացել, բայց դեկտեմբերի վեցին կատարվել է կարևորագույն մի բան մեր ամբողջ ազգի համար:

«Այդ «այո»-ն ու «ոչ»-ը, և դրանց միջև ձևավորված բաժանարար գիծը, դա հենց այնպես գիծ չէ, դա իսկապես գիծ է , որը անցնում է ազնվության և խարդախության միջև: Նորից Հայաստանում զուլալվեց քաղաքական պատկերը, նորից պարզ դարձավ, թե ով է կանգնած ժողովրդի կողքին, ով է պատրաստ պաշտպանել ժողովրդի ձայնը, իսկ ով կա՛մ փախչում է այդ պայքարից, կա՛մ ամեն ինչ անում է, որ ոտնահարի ժողովրդի կամքը»,- ասաց Զուրաբյանը:

Նշենք նաև, որ ԿԸՀ-ի մոտ պարբերաբար վանկարկում էին  «Մուկուչյան՝ Աշոտյան», «Սերժիկ հեռացիր» կարգախոսները:

 

     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter