HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմեն. «Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ոչ ՀՀ օրենդրության պահանջներից եւ ոչ էլ միջազգային իրավական չափորոշիչներից»

Այսօր Վարուժան Ավետիսյանը դիմել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին` Ազատության հրապարակում վրանի տեղադրման կապակցությամբ: Հաշվի առնելով հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանր սպառնացող վտանգը, ինչի կապակցությամբ նաեւ ցուցարարների՝ վրան տեղադրելու խնդրանքը, օմբուդսմենը հրատապ գրություն է ուղարկել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է օմբուդսմենի գրասենյակը` ստորեւ ներկայացնելով Կարեն Անդրեասյանի գրությունը.

«Քաղաքացի Վարուժան Ավետիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպում են շուրջօրյա հանրային հավաքներ, որոնք ուղեկցվում է 24 ժամ անընդհատ անցկացվող նստացույցով: Վ. Ավետիսյանը նշել է, որ հաշվի առնելով օդի բացասական ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերին բաց երկնքի տակ գտնվող նստացույցի եւ առհասարակ՝ հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, դիմել է լիազոր մարմին՝ հավաքի ժամանակ օգտագործվող առարկաների շարքում նաեւ վրաններ ընդգրկելու խնդրանքով: Լիազոր մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, կարծիք ստանալու նպատակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին եւ ստացված կարծիքի հիման վրա մերժել վրան տեղադրելու մասին դիմումը:

Վ. Ավետիսյանն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ ՀՀ ոստիկանությունը բռնությամբ արգելում է ցրտից պատսպարվելու այդ միակ տարբերակին դիմելու բոլոր փորձերը եւ վարչական պատասխանատվության է ենթարկում վրան տեղադրելու փորձ կատարող հավաքի մասնակիցներին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներն ու խնդրին վերաբերող միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառույցների եւ վրանների տեղադրումը:

Հավաքի ազատության իրավունքի իրացման անկյունաքարային մոտեցման համաձայն՝ ցուցարարները պետք է ապահովվեն իրենց տեսակետներն արտահայտելու համար անհրաժեշտ բավարար հնարավորություններով: ՄԻԵԴ-ն ամրագրվել է նաեւ այն սկզբունքը, որ հավաքի մասնակիցները նույնքան իրավունք ունեն ողջամիտ ժամկետում օգտագործելու համապատասխան ընդհանուր օգտագործման տարածքները, որքան այլ անձինք՝ այլ առօրյական նպատակներով:

Թեեւ հավաքի անցկացման ժամանակ վրանների տեղադրումը հավաքների ազատության իրավունքի իրականացման պարտադիր նախապայման չէ, սակայն միեւնույն ժամանակ վրանի տեղադրման իրավաչափության հարցն անհրաժեշտ է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի/անձանց կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու, առողջության պահպանման իրավունքի ապահովման՝ պետության համապատասխան պոզիտիվ պարտավորությունների համատեքստում, որից բխում է անձի կյանքի եւ առողջության համար առկա վտանգի պարագայում հավաքների ազատության իրավունքի ապահովման նպատակով բավարար միջոցների, այդ թվում՝ համապատասխան դեպքերում՝ վրանի տեղադրման թույլատրման անհրաժեշտությունը:

Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո´չ ՀՀ օրենսդրության պահանջներից եւ ո´չ էլ միջազգային իրավական չափորոշիչներից: Նման մոտեցման մեխանիկական կիրառումը վրանի տեղադրման բոլոր դեպքերի նկատմամբ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին եւ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին: Իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով իրենց լիազորություններն իրականացնելիս, պարտավոր են ղեկավարվել համաչափության, կամայականության արգելքի եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հետեւաբար, մեկ վրանի տեղադրումը, որպես եղանակային վատ (ցուրտ) պայմաններով պայմանավորված հավաքն ուղեկցող գործողություն, իրավաչափ է եւ չի հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հավաքի մասնակիցների կյանքի ու առողջության պաշտպանության կարեւորությունը եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմ հնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան 2-օրյա ժամկետում պարզաբանումներ տալ հավաքի վայրում վրան տեղադրելն արգելելու հիմքերի ու պատճառների վերաբերյալ, քննարկել վրան տեղադրելը թույլատրելու հարցը եւ արդյունքների մասին իրազեկել»:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter