HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացակա հասարակություն

Հայաստանի մարզերում մարդկանց հետ ունեցած զրույցներից, որոնք հիմնականում շոշափում են խորհրդարանական առաջիկա ընտրությունների թեման, հանգում ես նույն կարծիքին, ինչ լրագրողների հետ հանդիպելիս հայտնեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը։

Նա ասաց. «…ընտրազանգվածի կողմից ընտրական գործընթացի նկատմամբ համաժողովրդական հետաքրքրություն բավարար չափով չի դրսեւորվում։ Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը չեն նպաստում անտարբերությունն ու, եթե չասեմ, հեգնական վերաբերմունքը»։

Ես, իհարկե, չէի կարող այսքան երկար ներկայացնել իմ տպավորությունը, հավանաբար մեկ բառով ասեի, որ ժողովուրդն ընտրությունները համարում է ավելորդ միջոցառում, ինչի պատճառը հասարակական կյանքի բացակայությունն է։

Մարդիկ՝ լինեն Երեւանում, թե հանրապետության մարզերում, չեն ապրում հասարակական-քաղաքական կյանքով, որովհետեւ պետական հաստատություններն ու զանգվածային լրատվության ազդեցիկ միջոցները (հիմնականում երկու-երեք հեռուստաընկերություններ) ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում չեն կազմակերպում այնպիսի քննարկումներ, որոնք երկրի զարգացման հեռանկարների մասին մտորելու առիթ կտան։ Օրինակ՝ այս տարվա փետրվարի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ երկաթուղին, այնուամենայնիվ, շրջանցելու է մեր երկիրը, հեռուստաընկերություններից ոչ մեկը քննարկում չնախաձեռնեց, որպեսզի հասարակության համար պարզ դառնա, թե ինչ ենք կորցնում տարածաշրջանային այդ ծրագրից դուրս մնալով։

Փոխարենն այդ հեռուստաընկերությունների եթերը կազմված է երեք հիմնական տարրից՝ լրատվություն (իշխանությունների գովազդ + հակաթուրքական քարոզչություն), զվարճալի ծրագրեր (այդ թվում՝ շահումով խաղեր ու վիճակահանություններ) եւ սերիալներ։ Այս երեք տարրի առկայությունը Հայաստանի բնակչությանը (տվյալ դեպքում՝ ընտրազանգվածին) ժամանակի մեջ դարձնում է բացակա։

Իշխանությունների ինքնագովազդին առանձնապես չհավատալով` ժողովուրդն, այնուամենայնիվ, կարծում է, որ կա գործերի ինչ-որ հերթ, որը մի օր անպայման իրենց էլ է հասնելու։ Տավուշի մարզի գյուղերից մեկում մարդիկ օրհնում էին նախագահին այն բանի համար, որ տասը տարի արտաքին աշխարհի հետ նորմալ կապ չունենալուց հետո, ի վերջո, երկրի ղեկավարի հրահանգով ասֆալտապատվել էր գյուղի ճանապարհը, թեեւ կարող էին մտածել, որ կենսական անհրաժեշտություն ունեցող այդ գործը տասը տարով ուշացել է։

Հակաթուրքական քարոզչությունը, որն ուղեկցվում է պատմական արդարության վերականգնման պահանջով, լսարանին տեղափոխում է դեպի անորոշ ապագա, որտեղ Հայաստանը հաղթած կլինի իր դարավոր թշնամուն եւ պարտադրած կլինի վերականգնել հասցված վնասը, ինչի հատուցումից կշահեն բոլորը։ Զարմանալի չէ, որ վերջին շրջանում մարդիկ ավելի հաճախ են խոսում Արեւմտյան Հայաստանի հողերի վերադարձի եւ Թուրքիայի կողմից ֆինանսական փոխհատուցման մասին, ինչը նույնքան է հավանական, որքան վիճակախաղի պատահական տոմսով դրամ կամ արժեքավոր իր շահելը։

Շահումով խաղերը սրա առավել առարկայական տարբերակն են։ Դրանք խոստանում են բարիք առանց որեւէ ջանքի՝ «ջնջիր եւ կշահես»։ Այս դեպքում հեռուստադիտող լսարանը հույսը դնում է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժերի ծրագրերի վրա, այլ՝ բախտավոր դիպվածի։ Սա նաեւ հասկանալի է դարձնում հասարակության առանձին անդամների (էլիտայի) կարգավիճակը՝ ինչ կա որ, մարդիկ շահել են իրենց հարստությունը, այսինքն՝ ձեռք են բերել առանց ջանք ու աշխատանքի։

Սերիալները շարունակում են այս գործը։ Եթե նկատել եք, դրանց հերոսները հիմնականում հարուստ մարդիկ են (էլիտար ընտանիքներ), ովքեր ունեն ոչ թե ինչ-որ սկզբունքներ ու գաղափարներ, այլ պայքարում են ինքնահաստատման համար։ Սա մարդկանց տանում է մի տեղ, ուր A ընտանիքի հաղթանակը կամ գերակայությունը B ընտանիքի նկատմամբ ավելի կարեւոր է, քան սեփական ճակատագիրը։ Այստեղ ավելորդ չէ մեջբերել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լեո Պլատվոետի տպավորություններից եւս մեկը. «…սպասվող ընտրությունը շատերը համարում են պայքար քաղաքական էլիտաների, եւ ոչ սկզբունքների ու գաղափարների միջեւ»։

Պլատվոետի դիտարկումներն անվրեպ են, իսկ եզրահանգումները, կարծես, հակասում են դրանց։ Առաքելության ղեկավարը մեկ ասում է, թե էական տարբերություններ չկան «թեկնածուների եւ հավակնորդ կուսակցությունների քաղաքական ծրագրերի միջեւ», մեկ էլ զարմանում, որ «մի շարք ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրված է ընդամենը մեկ թեկնածու»։ Իսկ ամենահակասականը քարոզարշավի ժամանակ հավասար խաղի կանոնների, «ինչպես նաեւ արտահայտվելու ազատության եւ հավաքների ազատության սկզբունքների» պահպանման մտահոգությունն է։

Եթե ընտրությունը բացառված է, ո՞ւմ են պետք նշված ազատությունները, հատկապես որ հասարակությունն էլ բացակա է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter