HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Սերժ Սարգսյանի պլանները՝ սահմանադրական հանրաքվեից հետո

Դեկտեմբերի 2-ին մի քանի հեռուստալրագրողների տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ թեեւ չի հրաժարվում նոր Սահմանադրության ընդունումից հետո ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոններին չհավակնելու մասին նախկինում արած հայտարարություններից, սակայն իր պլաննների մասին կխոսի 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես ինչու՞ եմ ասում 2017թ.-ից հետո, որովհետև լրջորեն խոսել վարչապետ դառնալու կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ՝ ինչպե՞ս պետք է վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը»,- ասել էր նա՝ հասկանալի դարձնելով, որ իր՝ վարչապետ, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում երկրի ղեկավար դառնալու հարցը թողնում է օրակարգում:

Հանրաքվեի նախօրեին նման շրջադարձային հայտարարություն անելը ռիսկի էր ենթարկում նոր Սահմանադրության նախագծի ընդունումը: Ակնհայտ էր, որ մեծ կարող էր լինել այն ընտրողների թիվը, ովքեր տրամադրված էին նախագծին «Այո» ասել՝ կամովին իշխանությունից հեռանալու հարցում Սերժ Սարգսյանին «օգնելու» նկատառումով: Վարչապետի պաշտոնը ստանձնելով երկրի ղեկն իր ձեռքում պահելու հնարավորության մասին անգամ թեթև ակնարկը կարող էր փոխել այդ մարդկանց մտադրությունը և դրդել նրանց՝ կողմնորոշվելու դեպի «Ոչ»-ը, որն առանց այն էլ տիրապետող էր հանրության մեծամասնության տրամադրություններում: Այսինքն՝ պարզ էր, որ Սահմանադրության նախագծի ընդունման համար նոր խոչընդոտ ստեղծելուն միտված այս հայտարարությունն անելու համար Սերժ Սարգսյանը պետք է շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ պատճառներ ունենար:

Նման ռիսկի գնալը կարող էր արդարացվել երկու դեպքում: Առաջին՝ եթե իսկապես նա ցանկանար տապալել իր իսկ նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների գործընթացը: Այս տարբերակը, սակայն, բացառեց Սերժ Սարգսյանն ինքը՝ նույն հարցազրույցում հայտարարելով. «Եթե ես 100 տոկոսով վստահ չլինեի առաջարկվող համակարգի ֆունկցիոնալության վրա, չէի գնա այսպիսի փոփոխությունների, որովհետև, ի վերջո, պատասխանատվությունը շատ մեծ է...»: 

Երկրորդ տարբերակն այն է, որ նախագահն այդպիսով փորձեց կանխել թե՛ անձամբ իր և թե՛ իշխանության համար առաջացած ավելի լուրջ ռիսկերի խորացման միտումները: Այդ հնարավոր ռիսկերի մասին ակնարկեց Սերժ Սարգսյանն ինքը՝ հայտարարելով, թե իրենք ունեն նախագահի առնվազն երեք թեկնածու: Մի կողմից դրանով Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ, թե որքան մեծ է ՀՀԿ-ի «կադրային ռեզերվը»: Սակայն, մյուս կողմից, սա ակամա բացահայտեց նախագահացու այդ երեք պոտենցիալ «ժառանգների» հարցում վերջնական որոշում չունենալու, չկողմնորոշվելու փաստը և դրանով պայմանավորված՝ իշխանության ներսում ներքին խմբավորումների առկայությունը և իշխանության «ժառանգորդի» կարգավիճակը ստանալու  համար այդ խմբավորումների լիդերների միջև ընթացող դիրքային պայքարը: Այդ պայքարը կարող էր ու, թերևս, պետք է սանձազերծվեր հենց իշխանությունից հեռանալու՝ Սերժ Սարգսյանի՝ հրապարակայնորեն արված  հայտարարության պատճառով: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը որսացել էր ՀՀԿ-ի ներսում սկսված այդ պայքարը, որը հղի է իշխանության մոնոլիտը ներսից քայքայելու, իշխանության ռեսուրսները փոշիացնելու, այդպիսով՝ գալիք ընտրություններից առաջ քաղաքական իշխանության դիրքերը թուլացնելու և պարտության տանելու հեռանկարով:

Օրակարգում թողնելով իր՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը՝ Սերժ Սարգսյանն այսպիսով լուծում է մի քանի կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ:

Նպատակ առաջին

Այս քայլն ուղղված էր բուն սահմանադրական հանրաքվեով ցանկալի ու անհրաժեշտ արդյունքների ապահովման հարցում իշխանության ներքին այդ բոլոր բևեռների կոնսոլիդացմանը: Ակնարկը շատ պարզ էր. ես դեռ խաղի մեջ եմ, հեռանալու մտադրություն չունեմ, հետևաբար, մի կողմ թողնելով անձնական ներքին ամբիցաները և դիրքային պայքարը, կենտրոնացեք «Այո»-ի հաղթանակն ապահովելու այդ պահին գերխնդրի վրա, ինչը և, ի վերջո, տեղի ունեցավ:

Նպատակ երկրորդ

Այս քայլն ուղղված էր 2017թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի փառահեղ հաղթանակն ապահովելուն: Եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնին իր հավակնության մասին անուղղակի ակնարկները հնչեցներ հանրաքվեից հետո, նրան մեղադրելու էին ոչ միայն անսկզբունքային գտնվելու, այլև նոր Սամանադրության ընդունումը ցանկացած գնով ապահովելու՝ հանրությանը, քաղաքական ուժերին և սեփական թիմին միտումնավոր մոլորության մեջ գցելու, մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Սա ահռելի հարված էր լինելու ներկայիս քաղաքական մեծամասնության հեղինակությանը՝ խորհրդարանական գալիք ընտրություններում զգալիորեն բարդացնելով ՀՀԿ-ի վիճակը: Բայց ամենակարևորը, իհարկե, սա չէ:

Փաստացի, հանրաքվեի արդյունքում նոր Սահմանադրության ընդունումը հնարավոր եղավ հենց Սերժ Սարգսյանի շուրջ իշխանական կոնյունկտուրայի և ռեսուրսների մոբիլիզացման արդյունքում: Նոր Սահմանադրության անցկացման համար 63 տոկոս քվե ապահովելը պարզորոշ ցույց տվեց, որ միմիայն այս գործոնը կարող է հասարակական ուժեղ վերահսկողության պայմաններում ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի համար ապահովել խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ստանալու շանսը: Իսկ դա  էական է, որովհետև միայն խորհրդարանական միակուսակցական մեծամասնություն կազմելու դեպքում ՀՀԿ-ն կարող է երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով պահպանել իշխանությունը և ապագա վարչապետի կենսունակությունը: Այսինքն, անկախ նրանից՝ վարչապետ կդառնա Սերժ Սարգսյա՞նը, թե՞ նրա ակնարկած թեկնածուներից որևէ մեկը, ՀՀԿ-ն իշխանությունը կարող է պահել, եթե քաղաքական մեծամասնությունը լինի միայն ՀՀԿ-ական, այլ ոչ թե կոալիցիոն:

Միակ բացառությունը ներկայիս քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում այն է, որ ՀՀԿ-ի կցորդը դարձած ԲՀԿ-ն անցնի խորհրդարան զգալի մանդատներով:  Միայն նրա հետ կոալիցիան է, որ ոչնչով չի տարբերվելու միակուսակցական մեծամասնություն ունենալուց: Հենց սրանով կարելի է բացատրել, թե ինչու է Սերժ Սարգսյանն իր իսկ կողմից բարոյազրկված ԲՀԿ-ին դեռևս պահում խաղի մեջ և արհեստականորեն նրա համար «ֆորա» ապահովում: Մինչդեռ, եթե իշխանությունը ԱԺ խորհրդարանական ընտրություններին գնա իշխանության ժառանգման հարցում ակնհայտ անորոշություններով, նրա մոտիվացվածությունը լինելու է չափազանց թույլ: Հայտարարելով, որ կարող է դառնալ վարչապետ, Սերժ Սարգսյանն առաջին հերթին հենց իշխանության ներսի կենտրոնախույս ուժերին վերահսկողության տակ պահելու խնդիր է լուծում, և այդ հայտարարության հասցեատերը գլխավորապես հենց իր թիմն էր:

Նպատակ երրորդ

Պետք է ենթադրել, որ այս հայտարարության իրական հասցեատերերից առաջինը գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Նախագահը հասկացնում է, թե նրան միանգամից «գահընկեց անելու» նպատակ չի հետապնդում և հանգիստ կարող է դեռ աշխատել: Խնդիրն այն է, որ հայտարարելով, թե ինքը երկրի ղեկավարի առնվազն երեք թեկածու ունի, Սերժ Սարգսյանն առաջին հերթին հարված է հասցնում հենց Հովիկ Աբրահամյանի դիրքերին՝ վերջինիս հասկանալի դարձնելով, որ նա իր համար ֆավորիտ չէ իշխանության ժառանգորդը դառնալու առումով, ինչպես կարող է հենց ինքը՝ Աբրահամյանը մտածել: Սա երկընտրանքի առաջ կարող է կանգնեցնել գործող վարչապետին՝ կողմնորոշվելու՝ գնո՞ւմ է Սերժ Սարգսյանի գծած՝ իր համար բազմաթիվ անորոշություններով լի ճանապարհով՝ սպասելով, թե ինչ ճակատագրի իրեն կարժանացնի, թե՞ հանուն իշխանության գրավման պետք է առանձին խաղ սկսի՝ հենվելով առաջին հերթին իր կողմից հովանավորվող և հիմնականում հենց իր շնորհիվ կենդանի պահվող ԲՀԿ-ի ռեսուրսի վրա: Վերջին տարբերակն ընտրելը նշանակում է գնալ ինքնաբացահայտման ճանապարով, կամ որ նույնն է՝ դառնալ Սերժ Սարգսյանի մրցակիցը: Իսկ դա, ինչպես հայտնի է, այնքան էլ լավ ավարտ չի ունենում հենց մրցակից դարձողների համար:  

Նպատակ չորրորդ

Չի բացառվում, որ անկախ ամեն ինչից՝ Սերժ Սարգսյանն իսկապես ուզում է մնալ իշխանության «կնքահոր» կարգավիճակում՝ արդեն վարչապետի պաշտոնն զբաղեցնելով: Նա, իհարկե հայտարարել է, թե չի պատրաստվում իր պաշտոնավարման ժամկետից անգամ մեկ օր պակաս աշխատել: Սա անուղղակի հավաստիացում էր թիմին առ այն, որ չի պատրաստվում խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարական տալ նախագահի պաշտոնից և ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելով՝ մեծամասնություն ձևավորելու պարագայում միանգամից վարչապետ դառնալով լուծել իշխանության ամբողջական «վերաթողարկման» հարցը: Բայց անցկացված Սահմանադրությունը նրա համար ապահովում է այլընտրանքային «թաքնված» մի մեխանիզմ: Դրա 212-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնում, որը նախագահն ընդունում է անհապաղ: Այսինքն՝ իր պաշտոնավարման ժամկետը սպառելուց հետո, երբ ԱԺ-ն կընտրի ՀՀ նոր նախագահին, կառավարությունը ստիպված է լինելու հրաժարական տալ: ԱԺ մեծամասնությունն այդ դեպքում լիարժեք հնարավորություն է ստանում Սերժ Սարգսյանին «թախանձելու»՝ մի կողմ դնել հպարտությունը և իշխանությունից հեռանալու խոստումները և հանուն «երկրի փրկության»՝ ընդունել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու իրենց առաջարկը: Եվ իբրև իսկական հանրապետական՝ Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի կարող անտեսել իր գործընկերների խնդրանքը և «դժկամությամբ կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը: Արդյունքում կստացվի, որ մի կողմից Սերժ Սարգսյանը կատարեց ինքնակամ պետության ղեկավարի պաշտոնը չզբաղեցնելու՝ ժողովրդին տված խոստումը, իսկ մյուս կողմից կատարեց պարտքը իր կուսակիցների առջև: Նման սցենարը նշանակում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունը լինելու է ժամանակավոր՝ անկախ նրանից՝ ով է լինելու վարչապետը: 

Սա, իհարկե, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը գործընթացները պարտադիր այս նպատակակետին է տանում: Ոչ ոք չի կարող ասել՝ ի վերջո ի՞նչ կա նրա մտքին, մինչև այդ մասին բազմաթիվ նոր հարցականներ առաջադրելով՝ չխոսի անձամբ ինքը: Սերժ Սարգսյանը շախմատիստ է, իսկ շախմատիսները միշտ ունենում են պահեստային քայլեր ցանկացած իրավիճակի համար՝ կամ պարտվողի դերում չհայտնվելու կամ էլ ստեղծված անցանկալի իրավիճակից նվազնագույն կորուստներով դուրս գալու համար: Այնպես որ, սպասենք 2017-ի խորհրդարանական ընտություններին, որոնք փաստացի սկսվել են դեռ 2013-ին, երբ առաջին անգամ նախագահը հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու և իշխանության անցնցում վերարտադրման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծող խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին: Չնայած մյուս կողմից՝ 2017-ին սպասել չարժե: Մինչ այդ սկսվելու են քաղաքական ուժերի վերադասավորումները, որոնք շատ ավելի պերճախոս կլինեն, քան Սերժ Սարգսյանի կողմից արվելիք որևէ հայտարարություն կամ տրվելիք որևէ պարզազաբանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter