Էթիկայի հիմնահարցեր. քննադատության հնարավորությունը
Սուսաննա Գյուլամիրյան
Մարտի 17-ին «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով բավական արդիական ու հետաքրքիր թեմայով` «Բարոյագիտության խնդիրը եւ քննադատության հնարավորությունները»:
Գիտության եւ արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող մտավորականները` արվեստաբան, փիլիսոփա, մշակութաբան, ներկայացրին Հայաստանում քննադատության մշակույթի ներկա վիճակը եւ խնդիրները: Ստորեւ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ գիտաժողովի բանախոսների ելույթների ամփոփումները:
Ընդհանուր հղացքը
Հայաստանի արդի հասարակության ձեււավորման առավել հրատապ խնդիրներից են արժեքային համակարգի կազմավորումն ու ֆունկցիոնալ կիրառումը, ավելի շուտ` այն արժեքների, որոնք էմանսիպացնող ու դրական դեր են խաղում հասարակության համար:
Եթե ընդունում ենք, որ էթիկական չափումը այն կարեւորագույն գործոնն է, առանց որի սոցիալական մարմնի գոյությունը պառակտված է, իսկ ինքնին էթիկան հայեցակետերի մի համակարգ է` ուղղված սոցիալական կյանքին, որտեղ տեղ են գտել այս կամ այն հասկացությունները` կապված գոյի եւ մարդկային կերպի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ արդի հայաստանյան սոցիալական մարմնի գոյությունն ընթանում է մի համատեքստում, որտեղ տեղ են գտել համատարած կոռուպցիան, փոխադարձ անհանդուրժողականությունը, ուժի, իշխանության գրոհը եււ սոցիալական ձայնի ակներեւ նահանջը:
Քննադատական ռեֆլեքսիայի գործոնը, որն էմանսիպացնող եււ հասարակության զարգացմանը նպաստող չափանիշներից է, արդի հայաստանյան իրավիճակում եւս բացակայում է, եւ դա ունի իր «տեղային» պատճառներն ու առանձնահատկությունները, ինչն էլ հանգեցրել է մի իրավիճակի, որտեղ կարող ենք արձանագրել թույլ սոցիալական ինտեգրացիայի փաստը ի տարբերություն ավելի ուժեղ իշխանական կազմակերպման:
Հետխորհրդային մշակութային իրավիճակը ձեււավորվում է հետեւողական հակաինտելեկտուալիզմի վրա, իսկ հասարակության ստեղծագործական ուժերը, որոնք, կարծես թե, պիտի ձգտեն մի այլ, այլընտրանքային մշակութային մոդելի, չունեն մշակութային արտադրության, կազմակերպման որեւէ իրական նախագիծ:
Մշակութային, սոցիալական, նաեւ արվեստի քննադատությունը հիմնականում լոյալ է ձեւավորված կարգավիճակի նկատմամբ, իսկ սկզբունքային եււ արմատական քննադատությունը բացակայում է:
Այս մեկօրյա գիտաժողովը լավ առիթ է ծանոթանալ հայ ինտելեկտուալների, տեսաբանների մեկնաբանությունների հետ առաջարկված խնդիրների շուրջ, ինչպես նաեւ հայ հասարակության համար առավել հրատապություն ունեցող խնդիրները ի հայտ բերելու, հասարակական քննարկման առարկա դարձնելու հնարավորությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել