Էջմիածնում նախընտրական քարոզչությունը սկսվեց կրակոցներով ու հրդեհով
Միսաք Գաբրիելյան
Նախընտրական կրքերը ծայրաստիճան սրվել են Էջմիածնում: Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 00.30-ի սահմաններում, ավտոմատից կրակահերթ է բացվել պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանի BMW մակնիշի 70-444 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:
Թեկնածուն վայրկյաններ առաջ է դուրս եկած եղել մեքենայից, ուստի ֆիզիկապես չի տուժել: Դեպքը տեղի է ունեցել Երեւան-Էջմիածին ավտոմայրուղու հարեւանությամբ գտնվող Հակոբյանի բարեկամի տան մոտ, ում վերջինս եկել էր այցելության: Կրակահերթի ուղղությունը եղել է դիմացի ավտոկանգառից:
Փաստի առթիվ Էջմիածնի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նույն օրը, գիշերվա ժամը 3-ի սահմաններում հրկիզել են մեկ այլ թեկնածուի` Սուսաննա Հարությունյանի սեփականությունը հանդիսացող «Ճշգրիտ սարքերի փորձագիտական» գործարանի այն հատվածը, որտեղ տեղակայված է թեկնածուի նախընտրական շտաբը: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացրած Էջմիածնի հրշեջ ծառայությունից հրաժարվեցին որեւէ մանրամասն ներկայացնել դեպքի առիթով, իսկ Արմավիրի պետական հրդեհային հսկողության տեսչության պատասխանատուներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ դեպքի կապակցությամբ մասնագիտական եզրակացություն կտան 10 օր անց միայն: Հրդեհի առթիվ առայժմ քրեական գործ չի հարուցվել. «Սպասում են մասնագիտական եզրակացության, որ ըստ այդմ հարուցեն: Անօրեն այս երկրում ամեն անակնկալի սպասում ենք, «մասնագետների» եզրակացությունն էլ կարող է էդ անակնկալների թվում լինել»,- ասաց Ս. Հարությունյանի թիմակից Ա. Մանուկյանը;
Ե՛վ Հակոբյանի, եւ՛ Հարությունյանի համախոհները կատարվածի մեջ կասկածում են պատգամավորության թեկնածու Ս.Սարոյանին: Սրա համար համար հիմք են նախկինում Հակոբյանի, ներկայումս Սարոյանի «հավատարիմներից» մեկի` Սարգիս Քոչարյանի` օրեր առաջ Սարոյանի շտաբում արած հայտարարությունը, թե` «ամսի 8-ին կգաք Հակոբի հոգեհանգստին»:
Սարոյանի շտաբի լրատվական կենտրոնի ղեկավար Հակոբ Մարտունին իրենց ուղղված մեղադրանքները համարեց «պրովոկացիոն քայլիկներ` թույլիկների կողմից»: Ավելին, ըստ նրա` «Ինձ հասած տվյալներով` կրակողն էլ են իրենք եղել, հրկիզողն էլ, քանի որ զգում են իրենց պարտությունը, հետեւաբար դիմում են այդ քայլերին»: Հ. Մարտունու ասելով` իրենց թեկնածուն քաղաքում եւ գյուղերում մեծ սեր ու հարգանք է վայելում. դրա վկայությունը 540 հոգու շրջանում իրենց կողմից անցկացրած սոցիոլոգիական հարցումն է: Լրատվականի համակարգողը հավատացած է նաեւ, որ «օրինավոր դաշտից ( նկատի ունի զինված ուժերը-Հ. Ա. ) ակտիվ քաղաքականություն մտնող մարդն իրեն նման արարքներ չի կարող թույլ տալ, որովհետեւ այնտեղ այդպիսի բաներ չէին անում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել