«Նոր Հայաստան»-ը հանրահավաքների շարք է սկսում Հայաստանի մարզերում
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ժամը 17.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել «Նոր Հայաստան» դաշինքը: Մինչև հանրահավաքը սկսելը «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները Ազատության հրապարակում գետնին փռեցին թղթից պատրաստած փոքրիկ վրաններ և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրեցին այդ մասին ու ասացին, որ գան վրանները հավաքեն: Վալերի Օսիպյանը քիչ անց մոտեցավ քաղաքացիներին, ծիծաղելով մի քանի բառ փոխանակեց նրանց հետ ու հեռացավ:
Այնուհետև սկսվեց հանրահավաքը: Իր ելույթում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ազատամարտիկ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված Արմենակ Արմենակյանի հիշատակը, քանի որ այսօր նրա ծննդյան օրն է: Այնուհետև նա ասաց, որ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարականի մեջ է, և ոչ ոք դրանում չի կասկածում:
«Իրենից սկսած՝ յուրաքանչյուր հայ մարդ, հայաստանցի, միջազգային հանրության հիմնական դերակատարները գիտեն, որ քարտը խփված է՝ իրեն հայտնի եզրն օգտագործելով»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ պետք է շարունակել աշխատանքը թե՛ Երևանում, թե՛ ամբողջ Հայաստանում և թե՛ ամբողջ աշխարհում:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց առանց վրանի արդեն 11 օր Ազատության հրապարակում գիշերող քաղաքացիներին և ասաց, որ մարդու առողջությունը, կյանքը վտանգի տակ է, իսկ ոստիկանությունը ոչ թե պետական հանացագործին է բռնում, այլ ապօրինբար վրանի հետևից է վազում: Նա խնդրեց վերանայել այդ սխալ որոշումը:
«Թարս է դրված, հակառակն է դրված, պետական հանցագործներին պիտի բռնեք և վրանները պիտի թույլ տաք: Հասկացա՞ք: Նոր Հայաստանում այդպես պետք է լինի: Այնպես որ, այսօրվանից նստացույցը վերածվում է շուրջօրյա հերթապահության: Մեր տղաներին մի քանի օր ուղարկում ենք օջախում տաքանալու, սնվելու, հետո գալու հերթապահության»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 16-ից սկսած՝ «Նոր Հայաստան»-ը նախաձեռնելու է քաղաքացիական որոշումներ կատարող ժողովների շարք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ու ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով՝ քննարկում, հարցուպատասխան, որոշում:
«Մենք տանելու ենք ժողովրդի իշխանությունը դեպի Հայաստանի բոլոր մարզեր և առաջին դուռը, որ պիտի թակենք, պետական հանցագործ, ընտրագող, ժողովրդին ստրկացնող Լիսկա մականունով մարզպետ Սուրեն Խաչատրյանինն է: Մի քանի տարի առաջ նա ինձ սպառնաց՝ ասելով, որ եթե դու հասնես իմ դուռը, իմ քաղաքը, իմ գլուխը պիտի ջարդի: Դո՛ւ, Սուրեն Խաչատրյան, ինձ հետ գործ ունես և պետք է պատասխան տաս մեր բոլորի առաջ: Դե արի՝ գլուխս ջարդի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 11-ին Կապանում տեղի կունենա հանրահավաք, ժամը 14-ին Գորիսի փողոցներով կանցկացվի երթ, 15.30 Սիսիանում՝ հանրահավաք, 17.30 հանրահավաք Եղեգնաձորում, իսկ Երևանում Ազատության հրապարակում 17.00-ին ասուլիս:
«Դեկտեմբերի 17-ին, ժամը 11-ին պետական հերթական հանցագործի, էլի ցավով եմ ասում, գլխավոր շտաբի պետի Հովիկ Աբրահամայանի հայրենի Արտաշատում տեղի կունենան հանրահավաք: Հարգելի արտաշատցիներ, մենք ձեր կողքին ենք և պետք է ազատագրենք Արտաշատը խաների ճիրաններից: Հանրահավաքը էջմիածնում ժամը 13.00-ին, Արմավիրում՝ 14.30-ին, Թալինում՝ 16.30-ին, դեկտեմբերի 18-ին ժամը 17.00-ին մեծ հանրահավաք և երթ Ազատության հրապարակում, դեկտեմբերի 19-ին ժամը 11.00-ին հանրահավաք Աբովյանում, Հրազդանում՝ 12.30-ին, Գավառում երթ՝ 14. 30-ին, Մարտունիում՝ 15.30, Իջևանում՝ 17.30-ին:
Իսկ դեկտեմբերի 20-ին, ժամը 11.00-ին հանրահավաք Աշտարակում, Ապարանում երթ՝ 12.00-ին, հանրահավաք Սպիտակում՝ 13.00-ին, մեծ հանդիպում Վանաձորում՝ 14.30-ին և Գյումրիում ժամը 17.00-ին:
Այնուհետև, խոսքն ուղղելով ՀՀ ոստիկանապետին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ավելորդ զգուշացումներ չտան:
«Դուք գիտեք, թե մենք ինչպես ենք վերաբերվում ոստիկաններին, ինչպիսի համերաշխության կողմնակից ենք և խնդրում եմ, որ թույլ չտաք, որ մեր տղաները պաշտպանեն կուսակցապետ հանցագործներին ու սպառնան քաղաքացիներին իրենց անունից»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել