Լեռ Կամսարի տեսած բանտից 80 տարի է անցել, բայց…
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» ռուսերեն թարգմանելով` գրքի կեսն արդեն անցել եմ: Կարդում եմ, թագմանում… տխրում եմ, թեկուզ և Կամսարը երգիծաբան է, ու նրա գրի մեջ կոմիզմն այնքան շատ է: Իսկ տեղ-տեղ լացն ու ծիծաղը հաջորդում են իրար:
«Ա՜խ, բանտին մեջ որքան կից կապրին սա լացն ու ծիծաղը։ Այնքան, որ հաճախ կփոխարինեն իրարու...»,- կարդում եմ Լեռ Կամսարի օրագրից:
Այս տողերը Կամսարը գրել է ուղիղ 80 տարի առաջ` 1935 թվականի նոյեմբերին
«Նոյեմբերի 27. – Այսօր արդեն բանտ եմ նստած։ Բայց ոչ, ի՞նչ կխոսիմ՝ բանտ եմ կանգնած։
Բանտարկյալը երբ չի գիտեր, թե ի՞նչ է իր մեղքը՝ նստիլ չի կրնար։ Անիկա կանգնել իսկ անկարող է։ Անիկա կքալե, անիկա կվազե բանտին մեկ անկյունեն մյուսը։
Երբ Օթելլոյին քայլերով հևասպառ կքալեմ ու կձայնեմ՝ «ի՜նչ է հանցանքս», կնայիմ շուրջս` իմ ընկերներս, իմ բարի և սիրող ընկերներս կարեկից ինծի այնքան, որ օգնել չկրնալուն ինքզինքնին կորսնցուցեր են, «հանգստացիր,- կըսեն,- առանց հանցանքի չես մնար»։
Ու Մակարը, բանտակիցներես այդ ամենանվիրվածը, ինծի համար իր կյանքը չխնայող տղան, կըսե վերջապես.
- Հանգստացիր, սիրելիս, եթե հանցանք չունեցար, կրնաս իմ մեղադրանքես օգտվիլ։ Կմեղադրվեմ երկու հոդվածով՝ մեկը քեզի, մյուսն ինծի։
- Բոլորս մեկանց կխնդանք»…
Հենց այստեղ է Կամսարը գրել. «Ա՜խ, բանտին մեջ որքան կից կապրին սա լացն ու ծիծաղը։ Այնքան, որ հաճախ կփոխարինեն իրարու...»
Չհաշված Եվրոպայի պարտադրմամբ արված մի քանի կարևորագույն փոփոխությունները` բանտը նույնն է
Բայց նամակիս սկզբում գրել էի, որ կարդալով ու թարգմանելով «Բանտիս օրագիրը», տխրում եմ: Իսկ տխրում եմ այն պատճառով, որ գիտակցում եմ` Կամսարի ժամանակվա բանտից անցել է ուղիղ 80 տարի, բայց ամեն ինչ (չհաշված եվրոպաների պարտադրմամբ արված մի քանի կարևորագույն փոփոխությունները) գրեթե նույնն է մնացել, ամենակարևորը` բանտային պատժողական մտածողությունը չի փոխվել, նույնն են նաև բանտային բառերը:
Կասեք` մանրուք է, բայց բառերը գալիս են մտածողությունից: Իսկ զարգացած աշխարհը վազքով առաջ է գնում, կրթվում, փոխվում, գիտությամբ առաջնորդվում: Մենք մնում ենք անցյալում ու վախենում փոփոխություններից:
Հիշում եք` երբ 1 տարի առաջ ռուսերեն էի թարգմանել 23 տարի սովետական բանտում անցկացրած Հենրիկ Շաթիրյանի «Խարան» վեպը, ռուսերեն հրատարակության առաջաբանում գրել էի ներկայիս բանտի ու նախորդ դարի 60-70-ականների սովետական բանտի նմանությունների մասին: Լեռ Կամսարին թարգմանում եմ, ու մտովի գրում ռուսերեն հրատարակության առաջաբանը: Անպայման գրելու եմ, որ թեպետ 80 տարի է անցել Կամսարի տեսած բանտից, բայց ներկայիս բանտը, որտեղ արդեն 20-րդ տարին եմ «նստած» ու պատժիչ մեքենան տեսնում եմ ներսից, ժառանգն ու «իրավահաջորդն» է սովետական բանտի:
Կլյուչնիկները
Տեսեք` 1935 թ-ի դեկտեմբերի 21-ին Կամսարը գրում է. «Հոս ոչնչի մասին չեն նախազգուշացներ մարդուն, հոս ամեն ինչ հանկարծական է։ Կմտնե կլյուչնիկդ ու կըսե. «Հավաքիր իրերդ» ու դուրս կտանե քեզի։ Չես գիտեր, մեռնելո՞ւ, թե ապրելու համար կերթաս։ Այդ պատճառով հոգեբանորեն միշտ պատրաստ պիտի ըլլաս թե ապրելու, թե մեռնելու»։
«Կլյուչնիկ» բառը ես եմ ընդգծել: Եթե 1 ժամ անցկացնեք բանտում, շատ անգամ կլսեք այդ բառը: Կամսարի գրածի բովանդակությունն էլ խորթ չի մահապատժի դատապարտվածների համար: Երբ 1990-ականների վերջին երկաթե դուռը բացվում էր, մտածում էինք` կամ ջարդելու են առանց պատճառի, կամ տանելու են գնդակահարության:
Պերեդաչիները
Կամսարը 80 տարի առաջ գրել է. «Հետո էլ դառնում եմ կնոջս` չլինի երեխաների բերանից կտրես ու ինձ պերեդաչա բերես բանտում եղածս ժամանակ: Այդ նշանակում է երեխաներին մորթում ես, միսը ինձ հրամցնում, ասա, անիրավ, ես իմ երեխաների համար որդեկեր հայր եմ եղել»: «Պերեդաչի» բառը այս պատերի մեջ ամենաշատ լսվող բառերից է մինչ օրս:
Այս հատվածը թարգմանելուց ազդվել եմ, քանի որ հարազատներս մահապատժի առաջին տարիներին 10.000 դրամ անգամ վճարելով ոտավորներին (քսիֆ տանող-բերող բանտի աշխատակիցներն էին) անգամ մեղր, կարագ, կոնֆետ էին ուղարկում բանտ:
Պրագուլկաները
«Պրագուլկա» բառը մինչ օրս էլ կիրառվում է, «զբոսանք» քչերն են ասում: Կամսարը 80 տարի առաջ գրել է.
«-Պրագուլկա,- գոռում են:
Պրագուլկան, սակայն, 15-30 րոպե ժամանակամիջոց է, երբ բանտարկյալները դուրս կելնեն լվացվելու ու բանական կարիքները հոգալու: Այս ժամանակամիջոցը կչափեին ոչ սովորական գործարանային ժամացույցով, այլ մեր կլյուչնիկներուն տրամադրությամբ: Ժամացույց մը, որուն սլաքները չիմացանք ցայսօր, թե ինչ ուժով ետ- առաջ կշարժվեն»:
Մինչև Հայաստանի` Եվրախորհրդի անդամ դառնալը`մահապատժի տարիներին, երբ «կարցեր»` (պատժախուց) էին մեզ իջեցնում, հսկիչները առավոտը գալիս, դուռը բացում էին, տանում էին բնական կարիքները հոգալու: Վերջ, դրանից հետո դուռը փակվում էր վրադ 24 ժամ, իսկ կարցերում զուգարան չկար:
Նույնն են անգամ զգացողությունները
Դեկտեմբերի 11-ին Կամսարը գրել է մի պատմություն, թե ինչպես է խցակից Լևոնը բանտի ներքևից կնոջ ձայն լսում, դունչը ճաղերից հանում է ու փորձում խոսացնել: Բայց աղջիկը ռուսերեն է պատասխանում` что?: Լևոնը դիմում է խցակից Մակարի օգնությանը, որը ռուսերեն գիտեր: Մակարն էլ ընկերոջը օգնելու փոխարեն` ինքն է սեր բացատրում վայրկյաններ առաջ ծանոթացած Մարուսյային: Մի քանի րոպե անց Մակարն ու Մարուսյան խոստանում են իրար հանդիպել ազատության մեջ ու միասին լինել:
Այսինքն` նույնն են նաև զգացողությունները` չտեսության հասնող կարոտը մարդու, նաև` հակառակ սեռի նկատմամբ: Ուրեմն` 1990-ականների մահապատժի տարիներին խցում մի բանտարկյալ կար, որը սովետական տարբեր բանտում էր եղել նախկինում: Պատմում էր, որ «էտապով» իրեն շատ էին տանում բանտից բանտ: Ասում էր, որ էդ պահերին ուրախանում էր: Իսկ ուրախանալու պատճառը գնացքի մեջի մատնաչափ ծակերն էին: Եթե բախտները բերում էր, գնացքի մատնաչափ անցքերով պատնեշներից այն կողմ կին կալանավորներ էին լինում, հերթ էին կանգնում ու մատի ծայրերով կպնում կանանց մատներին:
Կամսարը գրում է, որ հայելի ու օրացույց չէր թույլատրվում բանտում: Գրում է, որ խցակիցներից մեկը օրերը նշում էր պատի վրա խազեր քաշելով, իսկ մեկ ուրիշը` չարաճճին ձանձրույթից ջնջում կամ ավելացնում էր խազերը: Նույն ձանձրույթից խազեր քաշողը ամեն կիրակի գլխարկ էր դնում, որ տարբերվի մյուս օրերից: Իսկ երբ չարաճճին խազերը ավելացնում կամ պակասացնում էր, հանկարծ կիրակին շաբաթական երկու անգամ էր կրկնվում, այսինքն` խազեր քաշողը շաբաթական երկու օր էր գլխարկ դնում: Անկախ Հայաստանի բանտային ձանձրույթի թեմային անդրադարձել եմ իմ` «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքում:
Իսկ ամենատխուրը այս տողերը թարգմանելն էր. «Դեկտեմբերի 31. – Այսօր առտվանց հայտնի եղավ, որ իրիկուն Նոր տարի է։ Ու կալանավորներս սարսափով սկսեցինք նախապատրաստել մեզի՝ իրիկուն մեր երեխաներու հետ չըլլալու...»
Հ.Գ. Ձանձրույթի, տարիներով արմատացած, քարացած երևույթների դեմ պայքարի իմ բանալին գտել եմ. ինքնակրթվել, աշխատել, գրել, թարգմանել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել