HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Զուրաբյան. «Եթե այդ մատյանները մենք հանենք, միանգամից ՀՀԿ-ի բոլոր պաշտոնյաները՝ Տիգրան Մուկուչյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, կթռնեն»

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում մերժվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության առաջարկը՝ հանրաքվեի  արդյունքների ամփոփման ժամկետը հետաձգելու մասին:

Նշենք, որ Լևոն Զուրաբյանը ներկայացրած միջնորդությամբ առաջարկում էր ԿԸՀ-ին սեփական նախաձեռնությամբ, հրապարակային վիճակահանությամբ, պատահական ընտրանքով կատարել վերահաշվարկ 5 տեղամասերում, որտեղ հաղթել է «այո»-ն, իսկ մասնակցության տոկոսը կազմել է ցուցակում առկա ընտրողների 60 տոկոսից ավելին:

Նշենք, որ երբ իր խոսքում Լևոն Զուրաբյանն ասաց, որ «այո»-ն չի անցել, դահլիճում ներկաներից մեկը ծափահարեց, որին ի պատասխան ԿԸՀ նախագահ Մուկուչյանն արձագանքեց, որ դուրս գա դահլիճից: Ծափահարողը սակայն ոչ միայն դուրս  չեկավ, այլև նրան պաշտպանեց Վարդգես Գասպարին, ով ընտրությունների օրը տեղամասերում կատարել է դիտորդական աշխատանք: 

 «Մենք ներկա ենք եղել, թե ձեր աջակիցները ինչպիսի լկտի, ցինիկ վերաբերմունք ենք դրսևորել դիտորդների նկատմամբ: Յութուբը ողողված է դրանով, հիմա մի հատ ծափահարելու համար մարդուն դուրս եք հրավիրում: Դուք կարող եք ձեր աջակիցների նման մեզ հրելով, ծեծելով դուրս հանել դահլիճից: Եթե դուրս չգանք, այլապես ինչ կանեք ձեր աջակիցներին, կասե՞ք գան մեզ ծեծեն: Կարո՞ղ է քրեական գործ էլ հարուցեք»,- ասաց Գասպարին:

Մուկուչյանն այս անգամ Գասպարիին նույնպես ասաց, որ դուրս գա դահլիճից, սակայն նրանք դուրս չեկան, այլ դահլիճում ներկա գտնվող դիտորդներն սկսեցին ծափահարել:

ԿԸՀ-ում իր խոսքում Լևոն Զուրաբյանն ասաց.

«Հիմա, եթե ամբողջ ազգը կասկածում է այդ հանրաքվեի վրա, և դուք ունեք այդ հնարավորությունը, ընդ որում՝ ճնշող փաստերի, ապացույցների ներքո, եկեք հանգստություն մտցնենք մեր հանրության մեջ, այդ հարցը լուծենք, կատարենք այդ հինգ տեղամասերում հաշվարկը և պարզ կերևա՝ ով է ճիշտ այս հարցում: Ես կոչ եմ անում ԿԸՀ բոլոր անդամներին գիտակցելու մի բան. սա ճակատագրական մի օր է, ճակատագրական մի խնդիր է : Ժողովուրդը ցանկանում է, որ իր կատարած ընտրությունը, իր կատարած կամարտահայտությունը ոչ ոք չկարողանա ոտնահարել: Կներեք ձեր բոլորիդ վրա դրված է ծանրագույն պատասխանատվություն, ապահովելու ժողովրդի կամարտահայտությունը: Եվ ես խնդրում եմ հասկանալ, որ եթե դուք դա չեք անում, դառնում եք ընդամենը նույն ընտրակեղծարարը, որոնց շայկաները քանի տեղամասերում զբաղված էին մենակ նրանով, որ խոչընդոտում էին մարդկանց ընտրական իրավունքի իրականացմանը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Այուհետև Լևոն Զուրաբյանը հարցրեց Տիգրան Մուկուչյանին, թե ապացույց ձեռք բերելու ԿԸՀ-ի իրավասությունն ի՞նչ է  նշանակում, ինչին ի պատասխան Տ.Մուկուչյանն ասաց, որ   ապացույց ձեռք բերելու իրենց իրավասությունը չի նշանակում սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկի իրականացում, իսկ ընդհանրապես սույն թեմային չառնչվող խնդիր է:

Արձագանքելով՝ Լևոն  Զուրաբյանն ասաց, որ ստացվում է այնպես, որ ԿԸՀ-ն ընդհանրապես չի կարող որևէ ապացույց ձեռք բերել:

Նիստից դուրս գալուց հետո Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե իրենք դրական որոշում ընդունեին, ապա դա կնշանակեր, որ հանրաքվեի այս ամբողջ օրինականությունը պայթելու էր ակնհայտորեն:

«Որովհետև իրենք հո շատ լավ գիտեն, որ ամենուրեք, հատկապես՝ այդ բարձր մասնակցությամբ տեղամասերում, կեղծված է, մարդիկ նստել, լրացրել են մատյանները, որոշ տեղերում նույնիսկ դա չեն արել, որովհետև վստահ են եղել, որ դա ոչ ոք չի էլ ստուգելու, իսկ որոշ տեղերում արել են: Այսինքն՝ այդ մատյանները եթե մենք հանենք, միանգամից Հանրապետական կուսակցության բոլոր պաշտոնյաները՝ Տիգրան Մուկուչյանից սկսած, ես իրեն էլ եմ համարում ՀՀԿ-ի պաշտոնյա, մինչև Սերժ Սարգսյան, կթռնեն: Ուրիշ տարբերակ չկա: Այսինքն՝ կբացվի իրենց ամբողջ ընտրակեղծարարությունը: Ստորագրված մատյանները Հայաստանի ամենամեծ պետական գաղտնիքն են համարվում: Անգամ ռազմական դիսլոկացիաների քարտեզն այդքան լավ չի պահպանվում, ինչքան այս ընտրությունների ստորագրված մատյանները: Որովհետև իրենց ամբողջ իշխանության ուզուրպացիայի գաղտնիքը գտնվում է այդ մատյաններում»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ժողովուրդը վաղուց գիտի որ սարքում են, իրենք ավելի լավ գիտեն, իհարկե: Դուրսն էլ գիտեն, չնայած բացահայտ չեն ասում: Ուրեմն, որը եղավ աբսուրդի նպատակը? Ինչ ուզում են թող պարզ ասեն ու անեն, քանի որ զորեղ են: Ինչ կարիք կա ԾԱՂՐԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ: Այս անիմաստ չարահոգիությունն է անտանելին ու աններելին, իմ կարծիքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter