HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանադրական հանրաքվե. դագաղին՝ վերջին մեխը, կամ Հայաստանում խաղաղ իշխանափոխության միակ ուղին

Եկա, տեսա ու...չհաղթեցի: Սա, կարծես, հայի բնութագիրն է դարձել:
Հաղթում է ոչ թե նա, ով ցանկանում, այլ ով հավատու՛մ է իր հաղթանակին:

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն ճիշտ նույնն էր. «այո»-ն հաղթեց պաշտոնապես, իսկ «ոչ»-ը՝ ոչ-պաշտոնապես:

Այս սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումներն այնքան շատ էին, որ քաղաքակիրթ ցանկացած երկիր այն անվավեր կճանաչեր՝ թեկուզ հենց ազգի իմիջը փրկելու համար:

Ապշեցնողը միայն ոստիկանների պասիվ պահվածքը չէր. այլ նաև այն, որ ընդդիմադի՛ր (տվյալ դեպքում «ոչ»-ի կողմնակից) ուժերից էին ակնկալում, որ «իրենց քվեները պահեն»: Քաղաքակիրթ երկրում հանրաքվե կազմակերպում է պետությունը. ու պետությու՛նն էլ պարտավորվում է «պահել» բոլորի քվեները:

Խրոնիկական դարձած հայաստանյան ընտրակեղծիքներն էլ միայն սիմպտոմներ են՝ ախտանիշներ: Հիվանդությունը շատ ավելի խորն է: Հիվանդությունն այն է, որ հայը հային չի՛ հարգում: Կամ ավելի կոնկրետ՝ հայ տղամարդը հայ տղամարդուն չի հարգում:

Սրան հասել են հայի թշնամիները՝ հայ տղամարդուն դարերով նվաստացնելով: Դա արել են և՛ պարսիկներն ու արաբները, և՛ ռուսներն ու թուրքերը: Այսօր էլ դա անում են. աղքատություն, արտագաղթ, օտարի համար ծանր աշխատանք: Այսօր էլ Հայաստանում ցրտահարությունից նույնիսկ ազատամարտիկ է մահանում՝ իր տնակում միայնակ:

Պատահական չէ, որ Հայաստանում միակ արդար ընտրությունը 90-ականների ամենասկզբին էր, երբ հայ տղամարդը կռվու՛մ էր: Այդ ժամանակ հայ տղամարդը ստիպում էր, որ իրեն հարգեն: Այդ ժամանակ ընտրությունների կենտրոնը արցախյան ճակատն էր… այսօրվա Մոսկվայի փոխարեն:

Այդ ժամանակ պոտենցիալ ընտրակեղծողը գիտեր, որ հայ տղամարդն արցախյան ճակատից կգա ու իրեն՝ ժողովրդի լեզվով ասած՝ «կգյուլի», եթե քվե գողանա:

Այսօր Մոսկվա՛ն է Հայաստանի քաղաքական կենտրոնը: Իսկ Մոսկվային ձեռք են տալիս այսպիսի ընտրություններ. հայը նորից Սիբիր կարտագաղթի ու Հայաստանն է՛լ ավելի կկախվի իրենից:

Միշտ չէ, որ ուժեղ ժողովուրդը մեծաքանակ ժողովուրդն է: Կարդացեք Հայոց պատմության հատկապես 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից մինչև 1921 թ. ընկած հատվածն ու կտեսնեք, թե ռուսն ինչպես է ամեն անգամ (ու նույն ձևով) իր ոտքերի տակ տրորել հայի հողը, կյանքն ու ապագան: 1990-ականների սկզբին էլ ռուսի օգնությանբ հայաթափվեցին Արցախի Շահումյանի գյուղերը:

Ռուսն ու թուրքն իրար հետ կռվել-հաշտվելու երկար պատմություն ունեն. շատ երկար պատմություն:

Պատկերացրեք ԱՄՆ-ն «Համասին» կամ «Հեզբոլլահին» նույնիսկ իր ամենահին զենքը վաճառեր ու շարունակեր մնալ Իսրայելի «ստրատեգիական գործընկերը». պատճառաբանելով, որ՝ «դե իրենցից չգնեն, մի ուրիշից կգնեն»:

Երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, ՆԱՏՕ-ն հակահրթիռային կայաններ տեղադրեց Թուրքիայում՝ որպես դաշնակցության նշան: Թուրքիային դա բնավ էլ պետք չէր. հարցը մեսիջն էր հակառակ կողմին: ՀԱՊԿ-ը ժամանակակից զենք է վաճառում Ադրբեջանին. «բիզնես» է:

Հայի թիվ մեկ խնդիրը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ է: Ի՞նչու հայը ռուսի՛ ճամբարում պիտի լինի. որ Ռուսաստա՞նն իրեն ապահով զգա: ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրար վրա հարձակվելու իրավունք չունեն. գումարած ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության 1949 թ. համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերը: ՆԱՏՕ-ն 28 անդամ ունի, իսկ քա՞նի անդամ ունի ՀԱՊԿ-ը. մե՞կ . նույն ինքը ռու՞սը:

Սերժ Սարգսյանի պլանը թերևս ՀՀԿ-ն Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության պես կառույց դարձնելն է. ու նախկին Կոմկուսի քարտուղարների պես Հայաստանը ղեկավարելը՝ Մոսկվայի հետ «փոխհամաձայնեցված»:

Բայց որո՞նք են այն «ռուսական արժեքները», որի հիման վրա Պուտինը «նոր Ռուսաստան» պիտի կառուցի՝ գուլագային անցյա՞լը, սիբիրյան դաժան հիշողություննե՞րը, ծայրահեղ պահպանողական-քաղաքականացված ռուս ուղղափառ եկեղեցի՞ն, հյուսիս-կովկասյան ազգերի զտումերն ու տեղահանումնե՞րը, օլիգարխային կապիտա՞լը, սպանված ժուռնալիստնե՞րը, «նույնասեռականների արշավից Ռուսաստանը պաշտպանե՞լը», ատոմային ռումբե՞րը:

Սպանված ժուռնալիստ Աննա Պալիտովսկայայի գործն արդեն իսկ բավական է՝ ռուսական պետության ողջ էությունը հասկանալու համար: Ու այսպիսի՞ երկիրն է Հայաստանի «ռազմավարական գործընկերը»:

Եվ ի՞նչ ԱՐԴՅՈՒՆՔԻ է հասել Հայաստանն այս ամբողջ «համագործակցությունից». անարդար ընտրություննե՞ր, արտագա՞ղթ, Ադրբեջանի կողմից ավելի մեծ տրամաչափի զենքերից հրաձգությու՞ն, Պերմյակովի կողմից կատարված սպանդի իրական պատճառների կոծկու՞մ: Սա՞ է ռուսի տված «անվտանգությունը»:

Մինչև ե՞րբ ռուսը հային «թուրքով» պիտի վախեցնի՝ հային թուրքից «փրկելու» համար: Թուրքի նկատմամբ հայի բարդու՞յթը չէ այլևս հայի պրոբլեմը:

Հայաստանի իշխանությունների կողմից ԵՏՄ մտնելն էլ պարզ պատճառ ունի. Եվրամիությունը իրենցից կոռուպցիայի ու օլիգարխիայի դեմ կոնկրետ քայլեր էր պահանջում, որը սեփական ոտքին կրակել կնշանակեր: Իսկ Ռուսաստանն իրե՛նց համար ապահով է. նույն օլիգարխային երկիրն է: Ղարաբաղի «անվտանգությունը» թող չշահարկեն :

Իսկ ո՞վ չի հասկանում,որ Հայաստանի հետ սահման չունեցո՛ղ ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն Հայաստանի համար էական նշանակություն չեն կարող ունենալ:
Բայց այս ամենն էլ, իրականում, իր պատճառն ունի. դա այն է, որ Հայաստանում (բավականաչափ ձևավորված) քաղաքական ուժ դեռ չկա, որն այլևս երբե՛ք դեպի Ռուսաստան ՉՆԱՅԻ: Կարևոր չէ, թե այդ ուժը (սկզբում) քանի կողմնակից կունենա: Կարևոր չէ նաև, թե այդ ուժր դեպի ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան, Պարսկաստան, Վրաստան, թե Հայաստան կնայի: Կարևորն այդ ուժի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ է Հայաստանում:
Ներկա Հայաստանում դեպի Մոսկվա նայող ո՛չ մի քաղաքական ուժ «ընդդիմադիր» չի կարող լինել: 125 տարի «հող ազատագրել» խոստանալը կամ նվազագույն աշխատավարձն ու խաղողի մթերման գինը բարձրացնել ցանկանալը (աշխարհա)քաղաքական գաղափարախոսություն չէ՛: Ոչ էլ «ավելի լավ նախագահ» լինել խոստանալն է քաղաքական գաղափարախոսություն:
Պայքարիր նաև փողոցում: Ընտրությունները հսկող անկախ դիտորդներիդ թիվը շատացնել ձգտիր: Այս նպատակի համար միավորված ֆոնդ ստեղծիր ու սփյուռքահայերին էլ փորձիր ներգրավել: Այս բոլորը լավ է և ճիշտ :

Բայց հիշիր, որ Հայաստանում խաղաղ իշխանափոխության միակ ուղին երկրում երկբևեռ (կամ բազմաբևեռ) աշխարհաքաղաքական կողմնորոշվածության քաղաքական դաշտ ունենալն է: Հենց ա՛յս պատճառով Վրաստանում (ընտրությունների միջոցով) խաղաղ իշխանափոխություն եղավ:

Ռուսաստանի մասին գրածիս գուցե և համաձայն չես. բայց դա էլ երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհաքաղաքական կողմնորոշվածության քաղաքական դաշտի մեջ պիտի տեղավորվի:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հայաստանյան ցույցերի ժամանակ Մոսկվան տեղից շարժվել սկսեց միայն այն ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում ԵՄ դրոշներ հայտնեցին: Այո, հե՛նց դրա համար:

Սահմանադրական հանրաքվե անցկացնելու նմա՛ն ձևը հային պատիվ չի բերում: Սովետական մտածելակերպի դագաղին սա վերջին մեխը պիտի լինի. իսկ դագաղն այդ Սիբիրում խորը պիտի թաղել:

Վարազ Սյունի, Ամստերդամ, 13.12.2015

Մեկնաբանություններ (2)

Վիկտոր Տեր-Աստվածատրյանց
Սահմանադրական հանրաքվե կազմակերպելը ապօիինի էր, ինչպես նշել էին մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև ՀԱԿ-ը (Armenia Today, 2015-10-09), քանի որ Սահմանադրական ռեֆորմը իր մեջ պարունակում է հենց մարդու իրավունքների հարցը, մարդու իրավունքների սահմանափակումները: Այսինքն նոր սահմանադրությունը իր մեջ պարունակում է հենց այն հարցերը, որոնք չէր կարելի դնել հանրաքվեի, քանի որ համաձայն Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի չորրորդ հոդվածի «Հանրաքվեի չեն կարող դրվել`….. գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը…»: Եվ իշխանությունների կողմից հանրաքվեի կեղծումը դա միայն ապօրինություններն են ավելի մեծ իշխանությունների ապօրինության մեջ-ապօրինի էր հանրաքվեի նշանակելը: Եվ ուրեմն այն, որ իշխանությունները կեղծել են հանրաքվեի արդյունքները- դա միայն ապօրինություններն են ավելի մեծ ապօրինության մեջ-ապօրինի էր հանրաքվեի նշանալելը:
Վիկտոր Տեր-Աստվածատրյանց
Սահմանադրական հանրաքվե կազմակերպելը ապօիինի էր, ինչպես նշել էին մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև ՀԱԿ-ը (Armenia Today, 2015-10-09), քանի որ Սահմանադրական ռեֆորմը իր մեջ պարունակում է հենց մարդու իրավունքների հարցը, մարդու իրավունքների սահմանափակումները: Այսինքն նոր սահմանադրությունը իր մեջ պարունակում է հենց այն հարցերը, որոնք չէր կարելի դնել հանրաքվեի, քանի որ համաձայն Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի չորրորդ հոդվածի «Հանրաքվեի չեն կարող դրվել`….. գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը…»: Եվ իշխանությունների կողմից հանրաքվեի կեղծումը դա միայն ապօրինություններն են ավելի մեծ իշխանությունների ապօրինության մեջ-ապօրինի էր հանրաքվեի նշանակելը: Եվ ուրեմն այն, որ իշխանությունները կեղծել են հանրաքվեի արդյունքները- դա միայն ապօրինություններն են ավելի մեծ ապօրինության մեջ-ապօրինի էր հանրաքվեի նշանալելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter