
Զարուհի Փոստանջյան. «Հայաստանում օրենքները չեն բխում իրավունքի սկզբունքից»
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Ազգային վիճակագրական ծառայության 2016-18թթ. տարեկան ծրագիրը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ասաց, որ խորհրդարանն այդպես էլ չանդրադարձավ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետությունում համպետական միջոցառմանը: Նա նշեց, որ դրա կապակցությամբ ԱԺ-ում պետք է հնչեին ելույթներ, քննադատություններ:
«Շատ եմ ցավում, որ հիմնականում քաղաքական ուժերը ուղղակի փորձեցին լռության մատնել այն հանցավորությունը, որը տեղի ունեցավ այդ օրը, բայց ես պարտավոր եմ ելույթներով հանդես գալ և անդրադառնալ այդ խնդրին, որը շարունակաբար գործում է ՀՀ-ում, այսինքն՝ հանցավոր ռեժիմը: Եվ պետք է ասեմ՝ կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները և պարտավորությունները, ըստ էության, չեն գործում»,- ասաց Փոստանջյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր գնացել կոմունալ վարձերի մուծումներ կատարելու, և քաղաքացիները դժգոհել են, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը, որը կառավարութունը պարտավորվել էր մասամբ փոխհատուցել, այլևս չի փոխհատուցում, այսինքն՝ այս ամիս ՀՀ քաղաքացիները թանկացված վարձեր են մուծելու, մասնավորապես՝ էլեկտրաէներգիաի վարձը:
Պատգամավորի խոսքերով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ում չեն գործում արդար օրենքներ, օրենքները չեն բխում իրավունքի սկզբունքից, այլ գործում է հանցավոր, ապօրինի ուղղակի գումարների հավաքագրում, որը վտանգում է մարդկանց գոյության իրավունքը իրենց հայրենիքում:
Այս ընթացքում նրան ընդհանտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով հետևյալը. «Մի երկու բառ էլ էս վիճակագրական աշխատանքներից խոսեք»: Արձագանքելով՝ Փոստանջյանն ասաց, որ վիճակագրականից էլ կխոսի:
«Ցեղասպանությունից հետո՝ 1920 թվականին, ՀՀ բնակչությունը կազմեց շուրջ 750 000 մարդ: Դա, իհարկե, հիմնականում 1915 թվականի ներգաղթն էր, որը հնարավորություն տվեց այս փոքրիկ, մի բուռ հայրենիքում ավելացնել բնակչության թիվը, որը մինչ այդ կազմում էր 300 000 մարդ: Դրանից հետո՝ 1965 թվականին, մենք ունեինք արդեն 2,5 միլիոն բնակչություն, իսկ այսօր արդեն նույն այդ 2,5 միլիոն բնակչությունն է: Այ սա է վիճակագրութունը, մեր պատկերը»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ եթե այսպիսի տեմպերով առաջնորդվեն՝ այս 2,5 միլիոնն էլ չենք ունենալու:
Նա նաև ասաց, որ վերջին տվյալներով շուրջ 10 միլիարդ դոլար այս տասը տարվա ընթացքում ՀՀ-ից ապօրինի դուրս է բերվել: Փոստանջյանի խոսքով՝ այդ տասը միլիարդ դոլարը նշանակում է, որ աշխատատեղերը վերացել են:
Այստեղ Գալուստ Սահակյանը դարձյալ միջամտեց Փոստանջյանին և ասաց, որ եթե թեմայի վերաբերյալ հարց չունի, ապա նրա խոսափողն կանջատեն ու չթույլատրեց, որ Փոստանջյանը շարունակի իր ելույթը:
Մեկնաբանել