
Գյումրու 2016թ. բյուջեի նախագծի հանրային քննարկման ժամանակ աշխատակազմի կրճատման առաջարկ հնչեց
Գյումրի քաղաքի 2016թ. բյուջեն կրկին լինելու է սոցիալական՝ պայմանավորված քաղաքում առկա աղքատության մեծ ցուցանիշով: Սեփական եկամուտների ավելացմանը զուգահեռ՝ հաջորդ տարի պակասելու է պետության կողմից տրվող դոտացիան: Անցնող տարվա ընթացքում իրականացված սոցիալական ծրագրերի մեծ մասը գալիք տարում կրկին ընդգրկվել է 3 մլրդ 95 մլն դրամ կազմող համայնքային բյուջեում:
Գյումրու քաղաքապետարանում դեկտեմբերի 11-ին կազմակերպվել էր 2016թ. համայնքային բյուջեի հանրային քննարկում: Օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր համայնք, բյուջեի նախագծի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում պետք է ընդունի առաջարկներ համայնքի բնակիչներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ կազմակերպի հանրային քննարկում գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ:
Հանրային քննարկման եւ առաջարկների առնչությամբ իրազեկումներ արվել էին տեղական երկու հեռուստաընկերությունների եւ մեկ պարբերականի միջոցով, հայտարարությունը տարածվել էր նաեւ սոցիալական ցանցով, չնայած այս ամենին, քննարկման մասնակիցները սակավաթիվ էին: «Զարմանալի է, որ այսքան պասիվ վերաբերմունք կա այս հարցի շուրջ»,-նկատեց քաղաքապետը ՝ առաջարկելով նախ լսել ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանին, հետո անցնել առաջարկներին:
«Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները հանրային քննարկմանը մասնակցում էին առաջարկների բավական մեծ փաթեթով:
«Բյուջետային ուղերձն ավելի առարկայական դարձնելու նպատակով ցանկալի է մատնանշել համայնքի զարգացման կոնկրետ ոլորտային ուղղվածություն: Բյուջեի նախագծի բյուջետային ուղերձում առանձնացնել 2016թ.-ի բյուջետային տարվա գերակա ոլորտային ուղղությունները, օրինակ՝ զբոսաշրջությունը կամ փոքր եւ միջին ձեռներեցության աջակցությունը, երիտասարդության խնդիրների լուծումը եւ այլն,-առաջարկեց «Կոմպաս» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը,-ուղերձի 2-րդ կետում մանրամասնել, թե ինչպես պետք է հաշվի առնվի գնաճը բյուջեի նախագծի կազմման ժամանակ ու ներառել տեղեկատվություն, որը ցույց է տալիս, թե քանի տոկոսով է փոփոխվել բյուջեն՝ նախատեսվող գնաճի ազդեցության պատճառով»:
Ըստ Կարեն Պետրոսյանի, շատ ավելի ցանկալի կլիներ բյուջեում շատրվանների նորոգման կամ կառուցման համար հատկացվող գումարը նշելուց զատ նշել նաեւ, թե կոնկրետ, որ մի շատրվանի վերանորոգմանն է ուղղվելու հիշյալ գումարը:
«Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ծրագրում լավ կլիներ հաջորդ տարում առանձնացնել գումարներ աղբամաններին կից շինությունների կառուցման համար,-հերթական առաջարկը ներկայացրեց Կ. Պետրոսյանը,-քանի որ, ըստ մեր դիտարկումների, բնակիչներն ընդհանուր առմամբ գոհ են դրանց կիրառումից եւ տարածքն էլ ավելի կոկիկ ու մաքուր է: Ցանկալի կլիներ նաեւ «Արտաքին լուսավորության ցանցի շահագործում եւ պահպանում» ծրագրին կից ներկայացնել այն փողոցների ցանկը, որոնք նախատեսվում է լուսավորել»:
«Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության սոցիալական ծրագրերի պատասխանատու Ֆլորա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2016թ. քաղաքապետարանը շարունակելու է աջակցել կազմակերպությանը եւ արդյոք գումարներ նախատեսված են միայնակ ծերերի համար իրականացվող «Տաք ձմեռ» ծրագրի համար:
«Ինչպես գիտեք. մենք տարիներ շարունակ ծրագրեր ենք իրականացրել օտարերկրյա դոնորների տրամադրած գումարների հաշվին, սակայն տարիների հետ լճացում է գնում, եւ իրենք արդեն հրաժարվում են ֆինանսավորել այդ ծրագրերը,-նկատեց Ֆլորա Սարգսյանը,-այնպես որ, քաղաքապետարանի հետ համագործակցության շարունակական լինելը բխում է ոչ միայն մեր, այլեւ հիմնականում սոցիալապես անապահով միայնակ ծերերի շահերից»:
Ֆինանսատնտսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը հավաստիացրեց, որ 2016թ. բյուջեի նախագծում «Կարիտասին» տրամադրվող գումարները ներառված են եւ սոցիալական ծրագրերի համար հատկացվող գումարները եւս չեն պակասել:
Քննարկման ժամանակ հնչած առաջարկներից մեկն էլ վերաբերում էր քաղաքապետարանի աշխատակազմի կրճատմանը: Կարեն Պետրոսյանը նշեց, որ ուսումնասիրելով համայնքային կառավարման միջազգային փորձը՝ նկատել են, որ աշխատակազմին ուղղվող գումարները շատ ավելի քիչ են, իսկ Հայաստանում այն կազմում է բյուջեի 30 տոկոսը, որը շատ է, պետք է հարցն ուսումնասիրել եւ փորձել հնարավորինս կրճատել աշխատակազմը: Ինչպես նաեւ առաջարկ եղավ քաղաքում գործող գրադարանների օպտիմալացման:
«Կարելի է նաեւ բյուջեում 1 մլն դրամ սիմվոլիկ գումար առանձնացնել նորարարական գաղափարների համար: Սա համայնքում կխթանի նորարարական գաղափարների ներդրումը: Գյումրիում կան լիքը երիտասարդներ, որ ունեն լիքը գաղափարներ, սակայն դրանք իրականացնելու գումարային դժվարություններ ունեն: Եթե այդ գումարը լինի, կարծում եմ՝ առաջին հերթին կշահի համայնքը»,-նկատեց Կ. Պետրոսյանը:
Մեկնաբանել