HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մահափորձ Գյումրու քաղաքապետի դեմ

Ապրիլի 2-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի եւ նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:

Կրակահերթի հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենայի հինգ ուղեւորներից երեքը՝ Արտյոմ Սամվելի Ադամյանը (ծնված 1985 թ.), Սիսակ Արամի Վարդանյանը (ծնված 1981 թ.) եւ Հովհաննես Լեւոնի Միրզախանյանը (ծնված 1970 թ.) տեղում մահացել են: «Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի ավտոմեքենայում գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վարազդատ Ղուկասյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, եւ ենթարկվել վիրահատության:

«Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի ուղեւոր, Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետ Հովհաննես Գրքիկյանը եւ «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վաչիկ Գյուղջօղլյանը, ուղեւոր Տիգրան Սիմոնյանը հրազենային վնասվածքներ չեն ստացել եւ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն: Կատարվել է տեղազննություն, նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները դեպքի հանգամանքները եւ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 77 պարկուճ, որից 52-ը՝ 7,62 միլիմետր տրամաչափի «ԱԿՄ» տեսակի, իսկ 25-ը` «ԱԿՍ» տեսակի 5,45 միլիմետր տրամաչափի պարկուճներ: Դիակների վրա հայտնաբերվել է 14 գնդակ:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրությունը 03.04.2007

Քաղաքական պատվե՞ր, թե՞ անձնական հաշվեհարդար

Չնայած նախաքննական մարմինը դեռ զերծ է մնում Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի որեւէ վարկածի մասին հրապարակային խոսելուց, այնուամենայնիվ, երկու հիմնական վարկածներ են շրջանառվում՝ քաղաքական պատվեր եւ անձնական թշնամական հարաբերություններ:

Քաղաքական պատվերի տարբերակն ամենաառաջինը մտավ շրջանառության մեջ: Պատճառն այն էր, որ մահափորձը տեղի էր ունեցել Ղուկասյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստից վերադառնալու ժամանակ: Սակայն մյուս կողմից՝ հանցագործները գուցե եւ ցանկացել են այս կերպ քաղաքական պատվերի կեղծ տարբերակը հանել ասպարեզ՝ նպատակ ունենալով շեղել իրավապահներին:

Ամեն դեպքում, այս վարկածը բացառել չի կարելի, քանի որ Վարդան Ղուկասյանը հակառակորդներ ունի ոչ միայն Գյումրու բիզնեսի ու կրիմինալի ոլորտներում, այլեւ իրական մրցակիցներ քաղաքական դաշտում:

Գյումրու բնակիչներից մեկի այն կարծիքին, թե «քաղաքական-հասարակական հասունացած պահ չկար, եւ այդ պատճառով թերեւս քաղաքական գործոն չի եղել», կարելի է հակադարձել Վ. Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի հարաբերությունների սրումը, որը սկսվեց դեռ այն ժամանակ, երբ կառավարության որոշմամբ աղետի գոտում կառուցվող բնակարանների բաշխման գործառույթն անցավ մարզպետարանին, իսկ Ղուկասյանն ընդդիմացավ: Մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի հարաբերությունները հետագայում չկարգավորվեցին:

Խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանից ՀՀԿ-ի անդամատոմս ստացած Ղուկասյանը շուտով լծվեց իր քաղաքի բնակիչներին հանրապետականացնելու գործին, եւ եթե հավատանք ՀՀԿ-ի այն պնդումներին, թե Գյումրիում կուսակցությունը մոտ 20.000 անդամ ունի, ապա Ղուկասյանն իսկապես մեծ արդյունքների հասավ` ի հեճուկս հատկապես քաղաքական մրցակից դաշնակցականների: Ավելին` երբ հիմա մարզպետ Մանուկյանն ընդգրկվել է ՀՅԴ-ի համամասնական ցուցակում եւ օրենքի պահանջով աշխատանքից արձակուրդ է վերցրել, իսկ նրա պաշտոնակատար դարձել է հանրապետական Միքայել Վարդանյանը եւ միանգամից մարզպետարանի շենքին փակցրել ՀՀԿ-ի պաստառը` վերջինիս ազդեցության ոլորտը ավելի մեծացնելով, այս ամենից հետո հասկանալի է դառնում երկու կուսակցությունների վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

«Սա Գյումրին գլխատելու փորձ էր: Այդ քստմնելի արարքը չէր կարող անարձագանք մնալ, որովհետեւ Վարդան Ղուկասյանը փոքր դերակատար չէր քաղաքում»,- ասում է Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը:

Ղուկասյանը Գյումրու թիվ մեկ դերակատարն է ոչ միայն որպես քաղաքապետ, այլեւ որպես «ռազբորկաներին» առնչվող անձ եւ քաղաքի առաջին բիզնեսմեն:

Գյումրու ղեկավարը եւ նրա հարազատները ժամանակ առ ժամանակ հայտնվել են տարբեր անախորժությունների մեջ: 2005-ի գարնանը «Դուետ» սրճարանում Մայիս Կարապետյանի սպանությունը վերագրվում էր քաղաքապետի որդուն, բայց շուտով Շիրակի մարզի դատախազությունը հանցավոր ճանաչեց Արա Մրյանին: Նույն թվականի ամռանը Վ. Ղուկասյանի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում վեճ էր ծագել հայերի եւ ռուսական զորամասի սպաների միջեւ, ու քաղաքապետը երկու անգամ օդ էր կրակել: Քրեական գործ չէր հարուցվել: 2005-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող խժդժությունների դեպքում էլ միշտ շրջանառության մեջ է եղել Ղուկասյան ազգանունը:

ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը մամուլին ասել էր, որ «Գյումրիի ունեցվածքի 70-80 տոկոսը գտնվում է Ղուկասյան ների ընտանիքի մոտ»: Մամուլում գրվել է նաեւ, որ Վ. Ղուկասյան ին են պատկանում Գյումրու բոլոր երթուղային գծերը, Շիրակացու փողոցի գրեթե բոլոր խանութները եւ առեւտրի կետերը, բազմաթիվ բենզալցակայաններ:

Այս ամենը հիմք են տալիս ենթադրելու, որ Ղուկասյանի դեմ մահափորձը գուցե եւ անձնական հաշվեհարդար է եղել` կապված նրա բիզնեսի եւ կլանային հարաբերությունների հետ:

Գյումրեցիներից ոմանց կարծիքով` հանցագործների նպատակը քաղաքապետին վախեցնելն է եղել, քանի որ նրանք բավարարվել են կրակահերթով, չնայած որ տեղում երեք մարդ են սպանել: Մյուս կողմից` այդ տարերային կրակահերթի ժամանակ կարող էր զոհվել նաեւ քաղաքապետը, որը ծանր վիրավորվել է: Մի բան ակնհայտ է. հարձակվողները շտապել են եւ ստուգողական կրակոցի ժամանակ չեն ունեցել, այլապես հետեւանքները շատ ավելի ողբերգական կլինեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter