HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահագործման է հանձնվել 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր շահագործման է հանձնվել 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորները, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ շրջել են նորակառույց մասնաշենքերով, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված ՔԿՀ-ի պայմաններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Ինչպես նշվում է կառավարության մամուլի հաղորդագրությունում՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մեր երկրում ներկայում առավել քան կարևորվում է ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ մարդու իրավունքների և օրինական շահերի, նրա հիմնարար ազատությունների հուսալի պաշտպանությունը, այդ արժեքների իրացումը երաշխավորող կանխատեսելի մեխանիզմների առկայությունը:

«Չափազանց կարևոր է ինստիտուցիոնալ այնպիսի հաստատությունների ստեղծումը, որոնց շնորհիվ նշված խնդիրը կդառնա իրական: Մենք, այս առումով, պետք է իհարկե առաջնահերթ ուշադրություն դարձնենք ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց պատժի կրման առանձնահատկություններին»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: 

Նա նաև կարևորել է կալանավորների իրավունքների ապահովումը, նրանց կալանքի կամ պատժի կրման արժանապատիվ պայմանների ստեղծումը: Նրա խոսքով՝ սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում կառավարության կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական ակտերի կատարելագործման ուղղությամբ:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստակամ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ հետագա բարեփոխումների իրականացման գործում: 

«Առիթն օգտագործելով, ցանկանում եմ վերստին հաստատել, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել ՀՀ-ին, մասնավորապես Արդարադատության նախարարությանն իր գործունեության և բարեփոխումների իրականացման շրջանակում: Այս կառույցը հրաշալի հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել Եվրոպայի խորհրդի առաջարկությունները՝ աջակցելով Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը: Սվիտալսկին կարևորել է «Արմավիր» ՔԿՀ-ում համապատասխան ծառայությունների, մասնավորապես, կրթության, բժշկական օժանդակության և մարդու իրավունքներին արժանի այլ ծառայությունների բարձրորակ մատուցումը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումը հերթական առաջընթաց քայլն է ՀՀ-ում արդարադատության, մասնավորապես, քրեակատորաղական ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Նշելով, որ այս ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական միությունն ու ԵԱՀԿ-ն, դեսպանն ընդգծել է. «Մենք կարողացել ենք մեր ներդրումն ունենալ, որովհետև այստեղ՝ Հայաստանում, ունենք ամուր գործընկերություն, գործընկերներ, ի դեմս՝ Արդարադատության նախարարության, քրեակատարողական համակարգի: Ցանկանում եմ գովեստով արտահայտվել ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի գործունեության և նվիրումի մասին՝ ուղղված արդարադատության և քրեակատարողական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Միացյալ նահանգների կառավարությունը հպարտությամբ է գործակցում մեր այս գործընկերների հետ՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումների շուրջ»,- ասել է Միլսը:

Այսպիսով, ամբողջությամբ ավարտին են հասցվել «Արմավիր» ՔԿՀ-ի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքները, կարանտինի, պատժախցերի և հիվանդանոցի մնացած հատվածները: Հիմնարկի շինարարության իրականացումն ընթացել է 2007-2015 թվականներին. այն կառուցվել է երկու փուլով՝ 2007-2009թթ. և 2009-2015թթ.: 2014-ին շահագործման էր հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, ինչն իր մեջ ներառում է հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը: Ռեժիմային գոտում առկա է 46 դատապարտյալի համար նախատեսված 23 պատժախուց, գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:

Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter