HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ ընտանիքը փորձում է հաղթահարել հայաստանյան դժվարությունները

Դիանա Ղազարյան

Մադլեն Շամլյանի և Ռուբեն Սիսեռյանի ընտանիքը չորս ամիս առաջ է Հայաստան եկել: Սիրիայում սկսված պատերազմի հետևանքով կորցրել են սեփական տունն ու Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում գտնվող կլինիկան: Ռազմական գործողությունները հասել էին նաեւ այդ թաղամաս։ Նրանք պարտադրված տեղափոխվել էին ազգականի տուն: Կլինիկան վառվել էր, և երեք տարի անգործ են եղել։

Իրենց ունեցած ողջ սեփականությունը կորցնելով դեռ մտածում էին՝ ամեն ինչ լավ է լինելու, վատ օրերն անցնելու են, միայն սպասել է պետք: Մադլեն Շամլյանը նշում է՝ ոչ մի բան էլ չփոխվեց: Պայմանները ավելի վատթարացան: Սննդի գները կրկնապատկվեցին, էլեկտրականություն չկար, իսկ եթե կար, ապա մեկ ժամով: Իրավիճակը անկառավարելի դարձավ, երբ գործի դրվեցին հրթիռները և քաղաքացիներ սպանվեցին փողոցներում: Ընտանիքին մնաց մի ելք՝ թողնել Հալեպը և գալ Հայաստան:

«Հայաստան ենք եկել լավ և ուրախ մտքերով: Պատրաստված ենք եկել: Արդեն երեք տարի է` սիրիահայերը Հայաստան են գալիս: Նրանցից լսել էինք այստեղի դժվարությունների, նյութական խնդիրների, տների վարձակալման թանկ գների, աշխատատեղերի սղության և ցածր աշխատավարձերի մասին: Այս ամենը գիտենալով հանդերձ ենք եկել: Փառք Աստծո, եկանք և սկսեցինք ինքնուրույն աշխատանք փնտրել: Ոչ մեկ չօգնեց: Մեր դժվարությունները, խնդիրները սկսեցինք մեր ձեռքով հարթել»,- պատմում է Մադլեն Շամլյանը:

Նա, որպես բժշկուհի, ներկայացել է առողջապահության նախարարություն, աշխատանք խնդրել: Աշխատանք են առաջարկել Ալավերդիում, Իջևանում և Սևանում: Նրանց արձագանքին, թե Երևանում են աշխատավայր փնտրում, պատասխանել են՝ Երևանում գործ չկա: Բացատրել են՝ այստեղ ազգականներ, բնակարան չունեք, այնտեղ առավել բարձր աշխատավարձով և ցածր գներով տուն կվարձակալեք: Համաձայնել են: Մինչ օրս նախարարությունից  պատասխան չեն ստացել։  

Սկսել են ինքնուրույն փնտրել աշխատանք՝ ամուսնու հետ այցելել են մանկական հիվանդանոցներ, տարբեր բուժհաստատություններ: Վերջապես աշխատանք են գտել «Սուրբ Աստվածամայր» բժշկակական կենտրոնում: Մադլենն ասում է, որ գոհ է, աշխատավայրում գրկաբաց են ընդունել, պայմաններին ծանոթանալու համար՝ ժամանակ տրամադրել: Որպես հերթապահ-բժշկուհի` արդեն երեք ամսվա պայմանագիր ունի:

Այս ամիսների ընթացքում պետության կողմից աջակցություն չեն ստացել: Միայն «Առաքելություն  Հայաստան» ՀԿ-ն է երեք ամսվա բնակարանի վարձակալության գումարի մի մասը վճարել: Մի ընկերությունից էլ հագուստ և երկարաճիթ կոշիկներ են փոխանցել:

Մադլենն ասում է, որ ամենաշատը մտահոգում է բնակարանի հարցը։ «Վարձակալման համար վճարվող գումարը դժվար գալիս, հեշտ գնում է»,- ասում է նա։ Կարծում է` եթե այդ հարցում սիրահայերին ինչ-որ չափով աջակցեն, երկրից գնալու մասին չեն մտածի, և 100-ից 95-ը իրենց ապագան Հայաստանում կտեսնի:

Մադլենին նաև անհանգստացնում են ավագ որդու` դպրոցում ունեցած խնդիրները: Արամը սովորում է 12-րդ դասարանում: Դպրոցում չկան սիրիահայեր: Մայրն ասում է՝ երևի իրեն օտար է զգում, դրա համար էլ չի ցանկանում դպրոց գնալ:

Որդին անընդհատ կրկնում է՝ չեմ հասկանում, չեմ կարողանա սովորել, ինձ չեն բացատրում, չեմ հասկանում իրենց խոսացածը, մեզ չեն սիրում: Ծնողները շվարած են, չգիտեն՝ ոնց պետք է լինի: Կարծում են՝ ընտելանալու համար ժամանակ է պետք: Տնօրինությանը տեղյակ են պահել երեխայի մտահոգությունների մասին: Խոստացել են օգնել, բայց տղան, միևնույն է, չի ցանկանում դպրոց հաճախել: Հակառակ պարագան է փոքր տղայի` Հայկի դեպքում: Նա արդեն հարմարվել է, դպրոցում ունի սիրիահայ ընկերներ:

«Այլ երկիր գնալու մասին չենք մտածում: Սիրիայից եկել ենք այստեղ մնալու մտքով: Եթե երկիրս լավանա, կարող եմ վերադառնալ Սիրիա: Բայց, ինչպես ոմանք Հայաստանից գնում են Կանադա, Շվեդիա, Գերմիանի, մենք չենք ցանկանում: Համոզված եմ՝ այստեղի պայմանները լավ լինեն, ոչ մեկ էլ Հայաստանից չի գնա»,- ասում է Մադլենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter