Գինեգործարանի երիտասարդ տիրուհին ու Արմավիրի դրախտը
Երբ տաքսին ուղևորվում էր դեպի Արմավիր՝ «Կարաս» գինու գործարան, ես մտածում էի՝ արդյոք գինու այս ապրանքանիշի մասին գրելը գովազդ չէ, մանավանդ, երբ այդ գինեգործարանի սեփականատերը հայտնի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանն է։ Հենց այդ պահին էր, երբ տաքսու վարորդը սկսեց խոսել. «Գիտեք չէ՞, եկել են ստեղ, մի մեծ քարքարոտ տարածք են վերցրել, քարերից մաքրել են ու որ մտնես՝ դրախտավայր ա»:
Գինեգործարան մտնելուց առաջ մեզ մոտեցավ պահակակետի աշխատակիցը, վարորդին քաղաքավարի կերպով խնդրեց միացնել լուսարձակները և գործարանի տարածքում դանդաղ վարել: Սրանք առաջին կանոններն են, որ յուրաքանչյուրը պետք է պահպանի՝ տարածք մտնելուց:
«Կարասի» գինեգործարանը, խաղողի այգիներն ու նորագույն տեխնոլոգիաները մեծ ներդրում են Հայաստանում՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև նոր մտածելակերպի, աշխատելաոճի ու մոտեցումների առումով:
Մենք զրուցեցինք գինեգործարանի երիտասարդ տնօրենի՝ արգենտինահայ Խուլիանա Դել Ագիլայի հետ, ով «Կարասի» սեփականատիրոջ՝ Էդուարդո Էռնեկյանի քրոջ աղջիկն է:
Խուլիանան ապրում է Բուենոս Այրեսում, սակայն հաճախ է այցելում Հայաստան: Այս ընտանիքը ևս երկու գինու գործարան ունի Պատագոնիա, որի աշխատանքները նույնպես Խուլիանան է կարգավորում: Նա անընդհատ տեղաշարժվում է՝ Բուենոս Այրեսից դեպի Պատագոնիա, այնտեղից էլ Հայաստան:
-Մինչ գինեգործությունն ինչով էիր զբաղվում, որն է քո մասնագիտությունը կամ ոլորտը, որով հետաքրքրված ես եղել:
-Ես հոգեբան եմ, սովորել եմ Բուենոս Այրեսում, գինեգործության մեջ իմ պատմությունը սկսվել է, երբ ես դեռ 19 տարեկան էի: Այդ ժամանակ քեռուս՝ Էդուարդո Էռնեկյանի հետ ճանապարհորդեցինք դեպի գինեգործության կենտրոններ, եղանք Բորդոյում, նա ինձ ծանոթացրեց գինու աշխարհի հետ՝ որոշ տեսակներին ու դրանց առանձնահատկություններին: Հետո նույն ճանապարհորդությունը մենք կազմակերպեցինք դեպի Հայաստան, մասնակցեցինք գինեգործների համար նախատեսված միջոցառումներին: Սիրեցի Հայաստանը, հայաստանյան պտուղը, գինին, որոշեցի գալ այստեղ՝ աշխատելու: Այդպես էլ սկսեցինք:
-Այսպիսով, թողեցիր մասնագիտությունդ՝ հանուն ընտանեկան բիզնեսի:
-Այո, ես այդ ժամանակ հոգեբանություն էի սովորում: Ավարտելուց հետո հասկացա, որ չեմ ուզում աշխատել որպես հոգեբան, այլ ուզում եմ գինեգործությամբ զբաղվել: Իմ ընտանիքի բիզնեսը շատ կարևոր է ինձ համար, ինչպես նաև այն աշխատանքը, որ իրականացնում ենք Հայաստանում, որովհետև մեր բիզնես ծրագրի նպատակը մարդկանց հնարավորություններ տալն է: Գինին երկրորդական կողմն է այս ծրագրի, առաջնային առաքելությունը սոցիալական է. մեր առաջնային նպատակն էր Արմավիրում բնակվող մարդկանց աշխատանքով ապահովելը, որի իրագործման արդյունքը լավ գինին է: Ոչ միայն փորձում ենք այստեղ աշխատող անձանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել, այլ նաև միջավայրը: Փորձում ենք հնարավորինս կայուն լինել և ստեղծել բնապահպանական միջավայր:
-Դու ունես հայկական արմատներ, ե՞րբ են դրանք հայտնվել Արգենտինայում:
-Այո, մայրս հայ է, իմ պապերը Ցեղասպանությունից են փախել դեպի Արգենտինա: Ես երրորդ սերունդն եմ: Բուենոս Այրեսում մենք ապրում ենք այնպիսի թաղամասում, որտեղ բոլոր հայերը շատ համախմբված են: Իմ ամենամոտ ընկերներն էլ հայեր են, և հայկական միջավայրն ինձ համար իսկապես կարևոր է: Հիմա փորձում եմ հայերեն սովորել, քանի որ տանը քիչ էինք հայերեն խոսում: Հայաստանում աշխատելով՝ կարևոր է, որ լեզուն սովորեմ:
-Հայաստանն ու Արգենտինան բացարձակ տարբեր վայրեր են: Ինչպես ես կարողանում փոխել միջավայրը և արագ ինտեգրվել տարբեր միջավայրերին:
-Այո, Արգենտինան բացառապես այլ աշխարհ է, իսկ Հայաստանում մարդիկ ու կարիքները ամբողջովին այլ են: Հենց այդ տարբերությունն էլ ինձ գրավում է, այստեղ ես իրականում շատ բաներ եմ սովորում մարդկանցից: Մարդիկ այստեղ շատ բարի են, ուժեղ. նրանք ամեն օր փորձում են ավելի լավը լինել: Արգենտինայում լրիվ այլ պատմություն է, այնտեղ ամեն ինչ քիչ թե շատ լավ է: Բարեկեցիկ կյանքի համար իրական պայքարն այստեղ շատ շոշափելիորեն զգացվում է:
-Հաճա՞խ ես շփվում գործարանի աշխատակիցների հետ:
-Փորձում եմ, քանի որ հայերեն չգիտեմ, ինձ համար շատ դժվար է շփվել նրանց հետ, բայց փորձում եմ:
-Նկատեցի, որ աշխատակիցները սիրում են քեզ:
-Ես գիտեմ, որ շատ երիտասարդ եմ: Ես դեռ շատ բաներ պիտի սովորեմ Հայաստանի, գինեգործության ու բիզնեսի մասին: Այնպես որ, եթե նրանք ինձ սիրում են, ես իսկապես շնորհակալ եմ դրա համար: Դա ինձ ավելի համեստ է դարձնում. ես ամեն օր փորձում եմ լավագույնս աշխատել՝ առանց տպավորություն ստեղծելու, որ այստեղ տնօրենը ես եմ: Ստացվում է, որ այո, ես տնօրենն եմ, բայց ես փորձում եմ շատ սովորել ու լինել հնարավորինս համեստ:
-Որն է քո պատասխանատվությունների շրջանակը. բիզնեսի՞ ոլորտը, արտադրությա՞ն, թե՞…
-Ամեն ինչից մի քիչ: Այսպիսով՝ ես պետք է գործի գցեմ ամբողջ բիզնեսը, համոզված լինեմ, որ ամեն ինչ իր հունով է գնում: Խաղողի այգիները, գինեգործարանը, արտահանումները, ամեն ինչ: Բայց այստեղ ես ունեմ լավ մասնագետների թիմ՝ 4 արգենտինացի տղաներ, ում ես վստահում եմ, նրանք լավ են աշխատում: Երբ ես Հայաստանում չեմ լինում, վստահ եմ, որ կան լավ մարդիկ, ու գործն առաջ են տանում:
Գաբրիելն Արգենտինայի Մենդոզա քաղաքից է, «Կարաս» գինու գործարանի գլխավոր մասնագետն է: Մի քանի տարի է, ինչ աշխատում է Հայաստանում. «Թերթում աշխատանքի հայտարարություն տեսա, ինքնակենսագրությունս ուղարկեցի, ինձ կանչեցին հարցազրույցի, առաջարկեցին աշխատել Հայաստանում: Ոչինչ չգիտեի Հայաստանի մասին, նույնիսկ չգիտեի, թե որտեղ է գտնվում: Որոշեցի գալ, եկա, ու հիմա արդեն շատ բան գիտեմ, քանի որ այս երկրում շատ հեշտ է հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ ու միանգամից սովորել այստեղի սովորույթները: Այստեղ միայնակ եմ տեղափոխվել, բայց ինձ կարծես տանը զգամ՝ ի շնորհիվ տեղացիների ջերմության»,- պատմում է Գաբրիելը: Գաբրիելը գինեգործության վերաբերյալ իր գիտելիքները հաճախ է կիսում խաղողի այգիներ այցելող երիտասարդների և աշխատակիցների հետ: Նա պատմում է, որ գործածվող տեխնոլոգիաները հիմնականում նոր են հայաստանցիների համար, բայց կարևոր է, որ տեղացիները մեծ ձգտում ունեն և շատ արագ յուրացնում են իր փոխանցածը: |
-Ընդունված է ասել, որ Հայաստանում մեծ ներդրումներ անելը շատ ռիսկային է՝ կոռումպացված և անազատ բիզնես միջավայրի պատճառով: Ո՞վ է քեզ խորհուրդներ տալիս կամ աջակցում՝ նման միջավայրում աշխատել կարողանալու համար:
-Ես կարծում եմ, որ այսօր ամեն տեղ է դժվար բիզնես անել: Պետք է գործարարի ոգի ունենաս և շատ-շատ աշխատես: Բայց իմ ընտանիքը դեռ 13 տարի առաջ եկել է Հայաստան, հավատացել այստեղ ներդրում անելու գաղափարին, փորձել նպաստել այս երկրի զարգացմանը: Ես նույնպես պետք է հավատամ այդ գաղափարին, քանի որ այստեղ ունեցած մեր բիզնեսը հարստանալու նպատակ չի ենթադրում, մենք ավելի շատ օգնելու առաքելություն ունենք, քան գումար աշխատելու:
-Մեծ ներդրումների արդյունքում որոշ շահույթ արդեն ստանո՞ւմ եք, թե՞ դեռ ոչ:
-Գինեգործության բնագավառում ասույթ կա, որ ամենադժվար շրջանը առաջին 100 տարիներն են: Պետք է մեծ ոգևորություն ունենաս, որ ստանաս այն արդյունքը, ինչն անկնկալում ես, որ ունենաս այն որակը, որի մասին մտածել ես, որ կառուցես այն բիզնեսը, որը քեզ հարստություն կբերի: Մենք դեռևս ձեռնտու և աշխատող բիզնես կառուցելու ոգևորության շրջանում ենք:
-Ինչպիսին ես տեսնում ընկերության առաջիկա 5 տարիները:
-Ամեն ինչ կախված է Հայաստանից, թե ինչպես Հայաստանը կզարգանա: Հայաստանում մարդիկ և ամեն ինչ ահագին արագ փոփոխվում են, ինչը ոգևորող է: Բարձրորակ գինու և լավ սնունդի գնահատողների թիվը գնալով մեծանում է, մարդիկ սկսել են բազմազանություն պահանջել: Մեր աճը պայմանավորված է Հայաստանի աճով, տեսնենք:
-Ի՞նչ ալկոհոլային խմիչքներ ես դու սիրում:
-Իհարկե, սիրում եմ գինի, նաև կոնյակ: Իրականում, ես համարյա ամեն ինչ էլ խմում եմ, սիրում եմ խմելը:
-Մենք արդեն խոսեցինք Հայաստանում ներդրում ունենալու դրական կողմերի մասին: Կուզեի՝ նշես նաև բացասական կողմերը:
-Մենք իսկապես հեռու ենք ամեն ինչից, այսինքն՝ փակ սահմանները դժվարանցանելի են դարձնում Հայաստան բերող ճանապարհները: Մենք անընդհատ դժվարությամբ ենք Հայաստան բերում շշերը կամ այլ բաներ: Դա է պատճառը, որ փորձում ենք օգտվել տեղական շուկայից: Բացի այդ՝ երբ գործիդ մեջ ներգրավում ես շրջապատում գտնվող անձանց, նրանց նույնպես աճելու հնարավորություն ես տալիս, ինչը վերածվում է փոխշահավետ համագործակցության: Այսպիսով՝ հեռու լինելու և բաց սահմաններ չունենալու բացասական կողմն այդքան էլ չի արտահայտվում, քանի որ դրա լուծումը մենք գտել ենք տեղական արտադրանքը սպառելու ճանապարհով: Բայց արտահանման հարցում մենք մեծ դժվարություններ ենք ունենում, քանի որ շատ երկար ենք սպասում մինչև ուղարկվող ապրանքը տեղ հասնի:
-Ուր եք արտահանում այս պահին արտադրանքը:
-Մեր առաջին արտահանումը մյուս շաբաթ կհասնի ԱՄՆ, նաև ուղարկում ենք Ռուսաստան, Լեհաստան, փոքր չափաքանակով՝ Գերմանիա, Կանադա և Բելգիա: Դեռ սկսում ենք, բայց նորմալ է ընթանում: Այս պահին մեր հիմնական կենտրոնացումը դեռ տեղական շուկան է:
-Տեղական շուկայում կան այլ գինիներ, որոնք բավականին էժան են վաճառվում՝ համեմատած «Կարասի»: Ինչպես եք մշակում գնային քաղաքականությունը:
-Մենք փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում լավագույն արտադրանքը ստանալ: Շուկայում առաջարկած մեր գինն այն մինիմումն է, որով մենք կարող ենք ստանալ որակյալ արտադրանք: Հիմա քանի որ մեծանում ենք ու կարող ենք մեզ որոշ բաներ թույլ տալ, ուզում ենք գործարանում առանձնացնել տարբեր տեսակի գինիների արտադրությունը, որ կարողանանք ավելի մատչելի առաջարկներ էլ ունենալ: Մենք տեղյակ ենք, որ մեր արտադրանքը փոքր-ինչ թանկ է, բոլորը չեն, որ կարողանում են իրենց թույլ տալ գնել այն: Բայց շուտով մենք կառաջարկենք նոր տեսականի, որն ավելի շատ մարդիկ կկարողանան գնել: Կարևոր է նշել, որ մեզ համար շարունակելու է սկզբունքային լինել որակի հարցը. չենք պատրաստվում վաճառել ամեն բան՝ զուտ էժան վաճառելու համար:
-Որքանով տեղյակ եմ՝ նաև որոշ արգենտինական գինիներ եք ներկրում, “Postales” և էլի մի քանի տեսակներ:
-Այո, “Fin del Mundo”-ի մի քանի տեսակ գինիներն ենք ներկրում՝ Պատագոնիայի մեր գինեգործարանից:
-Որտեղ եք վաճառում ներկրած գինիները:
-Նույն տարածողների հետ ենք աշխատում, ինչ «Կարասի» դեպքում: Վաճառում ենք տարբեր գինու խանութներում ու ռեստորաններում:
-Արդյոք գինու խանութներն ու տարածողները բիզնես կապեր ունեն ձեր ընկերության հետ:
-Ոչ, մենք լավ հարաբերություններ ունենք նրանց հետ, բայց բիզնես կապեր չունենք:
-Հայաստանում եղած ժամանակ Երևանո՞ւմ ես բնակվում, թե՞ Արմավիրում:
-Արմավիրում, այստեղ՝ հենց գործարանի տարածքում տուն ունենք, որտեղ էլ ապրում եմ: Նաև կացարան ունենք աշխատակիցների համար. եթե չեն ուզում տուն գնալ այդ օրը, կարող են նաև մնալ: Գարունը և բերքահավաքի ժամանակ անիվների վրա տնակներ ենք բերում խաղողի այգիներ, որտեղ աշխատակիցները կարող են ճաշել, հանգստանալ: Նպատակը ժամանակի կորուստ չունենալն է. հիմնական ճաշարան հասնելու համար նրանք պետք է ահագին ճանապարհ անցնեն, իսկ այսպես՝ ճաշարանը գալիս է իրենց մոտ:
-Արմավիրցիներն ասում են, որ գինեգործարանը կարծես առանձին պետություն լինի պետության մեջ. ունի սահմանված օրենքներ ու կանոններ, որոնք պետք է խիստ պահպանել: Օրինակ՝ գործարանի տարածքում մեքենան պետք է միացնի լուսարձակները, վարի ցածր արագությամբ և այլն:
-Խաղողի այգիներում բոլոր օրենքներն ու կանոնները իմ արգենտինացի թիմակիցներից Մանուելն է մշակում ու հետևում, որ պահպանվեն: Այդ կանոնները զուտ աշխատանքը հեշտացնելու համար են: Իրականում, բոլորն այստեղ արագ յուրացնում են կանոններն ու պահպանում դրանք:
Մանուելն արգենտինացի է, արդեն 8 տարի է՝ ապրում և աշխատում է Հայաստանում, ոչ միայն խոսում է հայերեն, այլև փորձում է Արմավիրի բարբառով շփվել տեղացիների հետ: Նա իր հայուհի կնոջ և զույգ տղաների հետ բնակվում է Երևանում: Կինը նույնպես աշխատում է գործարանում՝ որպես ադմինիստրատիվ պատասխանատու: Մանուելն Արգենտինա վերադառնալու միտք չունի դեռևս, ասում է, որ Հայաստանում արդեն հաստատվել է, իրեն լավ է զգում: «Առաջին տարին էր ինձ համար մի քիչ դժվար, քանի որ լեզուն չգիտեի ու պետք է անընդհատ աշխատողների հետ շփվեի: Հետո, կամաց-կամաց սովորեցի ու արդեն ամեն ինչ հասկանում եմ, թե ոնց շփվեմ աշխատողների հետ, ինչպես բացատրեմ նրանց ինչ-որ բաներ: Հիմա, ճիշտն ասած, շատ ազատ շփվում եմ նրանց հետ, միշտ կապի մեջ եմ բոլորի հետ»,- ասում է Մանուելը: |
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել