
Թումանյանի քաղաքապետարանում բացվում է Հանրային ծառայությունների գրասենյակ
2015 թվականի դեկտեմբերի 16-ին ևս մեկ Հանրային ծառայությունների գրասենյակ՝ ներդրված Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով (ՀԿՏՀ), բացվում է Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում: «Գրասենյակի շնորհիվ հանրային ծառայությունները առավել հասանելի կդառնան քաղաքացիների համար՝ համայնքային ծառայությունների տրամադրումը կենտրոնացնելով մեկ գրասենյակային տարածքում, ինչը հանդիսանում է «մեկ պատուհանի» հիմնական սկզբունք: ՀԿՏՀ էլեկտրոնային կառավարման համակարգը բարձրացնում է համայնքային ծառայությունների տրամադրման արդյունավետությունը, ինչպես նաև՝ նպաստում է ենթակայության և թափանցիկության զարգացմանը: Այս ամենը կբերի քաղաքացիների ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման գործընթացում»,- տեղեկացնում է Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակը:
Թումանյանի ՀԿՏՀ-ով ներդրված Հանրային ծառայությունների գրասենյակը, համաձայն հաղորդագրության, կպարզեցնի վարչական ընթացակարգերը և քաղաքացիներին առավել հասանելի կդարձնի անհրաժեշտ տեղեկատվության ու ծառայությունների ձեռք բերումը, ինչպես նաև կակտիվացնի քաղաքացիների և հանրային կառավարման համակարգի փոխգործակցությունը: Ընդլայնված համայնքապետարանի շրջանակներում Թումանյանի մեկ պատուհանի համակարգը կսպասարկի 7 համայնքներ:
Գերմանական Միջազգային համագործակցության գրասենյակի աջակցությամբ Հայաստանի 6 մարզերում արդեն բացվել են 10 Հանրային ծառայությունների գրասենյակներ իսկ ՀԿՏՀ-ը ներդրվել է 130 համայնքներում: Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լրացուցիչ ֆինանսավորմամբ կբացվեն նոր 10 նման գրասենյակներ (որոնցից երկուսը՝ Շինուհայրի և Թումանյանի գրասենյակները), և ավելի քան 100 համայնքներում կներդրվի ՀԿՏՀ համակարգը:
Ծրագիրը ներառում է Հանրային ծառայությունների գրասենյակի ստեղծումը ֆիզիկապես, այդ թվում՝ վարչական շենքում համապատասխան գրասենյակային տարածքի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև տրամադրում է անհրաժեշտ համարկգչային սարքավորումներ և ՀԿՏՀ ծրագրային փաթեթ, որը կապ է հաստատում բոլոր համայքների հետ:
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը տվյալների կառավարման միասնական տեղեկատվական համակարգ է, որը ստեղծվել է հատուկ տարածքային ինքնակառավարման մարմինների համար: Որպես համացանցի վրա հիմնված համակարգ, ՀԿՏՀ -ը ներառում է ոչ միայն կառավարման բազմազան գործիքներ, այլև առաջարկում է առցանց համագործակցության տարբեր մեխանիզմներ:
ՀԿՏՀ-ով ներդրված Հանրային ծառայությունների գրասենյակները տարածքային կառավարման համալիր ծրագրի միայն մի մասն է կազմում, որը համաֆինանսավորվել է ՇՀԳ, ԱՄՆ ԶԳ, ԳԶԳ կողմից և իրականացվել է զարգացման գործընկերների կոնսորցիումի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ջանքերով: Մյուս բաղադրիչները ներառում են ժամանակակից հանրային պլանավորման և բյուջետավորման մեթոդների ներդրում, ընտրված հանրային ենթակառուցվածքների նախագծերում ներդրումներ, նաև տեղական ժողովրդավարության շրջանակներում կանանց հնարավորությունների ընդլայնում: Ծրագիրը աջակցում է Հայաստանում համայնքների ընդլայնման ծրագրին:
Մեկնաբանել