HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Չինաստանի քաղաքացիներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և քննչական կոմիտեի դիմել են դատարան

Չինուհի Լիեն Ֆընգ Չյուին և նրա հայրենակից Չուան Վանգին ընդդեմ Հայաստանի հանրապետության, ՀՀ քննչական կոմիտեի և վերջինիս հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանի դիմել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջով:

Լիեն Ֆընգ Չյուի և Չուան Վանգի ներկայացուցիչ, փաստաբան Ավագ Լալայանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս գործը վերաբերում է անմեղության կանխավարկածի խախտմանը: Չինաստանի քաղաքացիներին մեղադրել են մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ:

«Մինչև դատարանի կողմից դատական ակտ կայացնելը վարույթն իրականացնող մարմինը՝ հանձինս քննիչի, նյութ է հրապարակել, ցուցադրվել են իմ պաշտպանյալների անձնագրերի պատճենները, թեև անունները չէին նշել: Սակայն, ցույց տալով անձնագրերի պատճենները, դրանց վրա երևացել են նրանց անունները, անձնական տվյալները, նկարները, և հակառակը դիտվել չէր կարող: Կոնկրետ նշել են, որ նրանք կատարել են հանցանք»,-ասաց փաստաբան Լալայանը:

Ըստ նրա՝ 15.06.2015թ. «Փաստինֆո» լրատվական կայքում տեղադրվել է «Ար» հեռուստաընկերության պատրաստած «Չինուհիներին ստիպել են, որ մերսելուց բացի նաև մարմնավաճառությամբ զբաղվեն» վերնագրով տեսանյութ, որտեղ քննիչը հանդես է եկել որպես պաշտոնատար անձ, և այն դիտվել է նաև որպես քննչական կոմիտեի դիրքորոշում: Իսկ Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է որպես պատասխանող՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննչական կոմիտեն հանդես է գալիս ՀՀ անունից, և պաշտոնատար անձանց գործողությունների համար պատասխանատու է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Ներկա պահին գումարային պահանջը կազմում է 50.000 դրամ վիրավորանքի և 60.000 դրամ զրպարտության համար: Ավագ Լալայանը նշեց, որ գումարի չափն ավելանալու է:

«Ի վերջո, եթե ապացուցվում է, որ պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել, Հայաստանի Հանրապետությունն է պատասխանատվություն կրում և հատուցում վնասը»,-ասաց Ավագ Լալայանը:

Չինաստանի քաղաքացիների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն գտնվում է դատաքննության փուլում:

Լիեն Ֆընգ Չյուի և Չուան Վանգի հայցադիմումի հիման վրա քաղաքացիական գործը քննելու է դատավոր Կարինե Պետրոսյանը: Առաջին նախնական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 30-ին, սակայն չի կայացել: Հաջորդը նշանակվել է 2016թ. հունվարի 27-ին:

Անմեղության կանխավարկած. երազա՞նք, թե՞ իրականություն

«Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, անմեղ է համարվում, մինչև որ նրա մեղավորությունը չապացուցվի օրենքին համապատասխան»: Այս ձևակերպումն ամրագրված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասում:

Նմանատիպ կարգավորում ունի նաև Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածի 1-ին մասը:

ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը ևս անմեղության կանխավարկածի օգտին է, ըստ որի՝ «Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»

Թեև կա անհրաժեշտ օրենսդրական բազա անմեղության կանխավարկածը հարգելու և պաշտպանելու համար, սակայն Հայաստանում այդ իրավունքը հաճախ է խախտվում՝ սկսած վարույթն իրականացնող նախաքննական մարմնից վերջացրած բարձրաստիճան պաշտոնատար անձանցով: Լրատվամիջոցները ևս չեն հարգում անմեղության կանխավարկածի իրավունքը և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում հաճախ իրենց հրապարակումներով անձին ներկայացնում են որպես հանցագործ՝ ձևավորելով հանրային կարծիք:

Հետագայում արդարացված կամ անեղ ճանաչված անձը, որքան էլ ջանքեր գործադրի, չի կարողանա ամբողջությամբ «մաքրել» իր անունը, վերականգնել բարի համբավն ու հեղինակությունը, վերացնել «հանցագործի» պիտակը, ինչը երբեմն կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

Խոսելով ընդհանրապես անմեղության կանխավարկածի մասին՝ փաստաբան Ավագ Լալայանը նշեց, որ Հայաստանում այս հարցը շատ արդիական է: Նա բերեց «02» կամ նմանատիպ այլ անվանումով ոստիկանական հաղորդումների օրինակը, որով խախտվում է մարդկանց անմեղության կանխավարկածի իրավունքը:

«Դեռ քննություն չիրականացրած, նախաքննությունը չավարտած, դատական ակտը չկայացրած՝ որոշվում է, որ բացահայտվել է հանցագործություն, և հանցագործները տվյալ անձինք են: Մարդկանց ցույց տալով, անունները հնչեցնելով՝ նյութ են հրապարակում: Սա, միանշանակ, անմեղության կանխավարկածի խախտում է»,-ասում է փաստաբանը՝ հավելելով, որ իր բերած օրինակը ակնառու է, սակայն քրեական գործերով զբաղվող փաստաբանների պրակտիկայում այլ եղանակներով խախտված իրավունքի դեպքեր ևս կլինեն:

Լուսանկարում` քննիչ Տիգրան Կիրակոսյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter