Հարուցվել են քրեական գործեր՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու և 04/05 տեղամասում` դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է asparez.am կայքում տեղադրված հրապարակումն առ այն, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում, արձանագրվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր։ Նույն կայքում տեղադրվել է նաև նշված ընտրախախտման վերաբերյալ տեսանյութ։
Նկատի ունենալով, որ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ։
Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «asparez.am» կայքէջում զետեղվել է հրապարակում այն մասին, որ դիտորդի ձեռքից նախագահը խլել է տեսագրություններով հեռախոսը, ջնջել պարունակությունը և վերադարձրել:
Հրապարակման հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր՝ պարզելու մատնանշված հանգամանքները։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության դիտորդ Գոհար Աբրահամյանը բացատրություն և հաղորդում է տվել այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ս.Ավագյանը խլել է իր բջջային հեռախոսը` խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին բավարար տվյալներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով։ Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։
Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվում է 11 քրեական գործ՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), ևս 3 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել