HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառում ձնմաքրման աշխատանքներ չեն կատարում

Այսօր Գավառի ընթերցողներից մեկը նամակ է գրել «Հետք»-ին` հույս հայտնելով, որ հրապարակումից հետո ինչ-որ բան կարող է փոխվել իրենց քաղաքում։ Ներկայացնում ենք նամակը․

«Իմ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է, թե կարծես Գավառում խնդիրներն ի սպառ բացակայում են, մինչդեռ դրանք շատ են, չափից դուրս շատ: Իսկ Գավառը փոքր քաղաք է, և այստեղ խնդիրներ լուծելն այդքան էլ բարդ գործ չէ:

Այս պահին ինձ ամենաշատը հուզող խնդրի մասին խոսեմ։ Գավառում վերջին անգամ ձյուն է եկել ավելի քան տասն օր առաջ, բայց ձնամաքրման աշխատանքները դեռ չեն սկսվել, չեն սկսվել նաև նախորդ տարիներին եկած ձյան մաքրման աշխատանքները և առհասարակ այդ աշխատանքները Գավառում ոչ սկսվում են, ոչ էլ ավարտվում: Հարց է առաջանում` լավ ինչի համար է համապատասխան ենթակառուցվածքը, մասնավորապես` այսպես կոչված քաղաքապետարանը, միգուցե նրա համար, որ քաղաքապետը ապրում է լրիվ ուրիշ քաղաքում, կամ երևի չեն հերիքում բազմամիլիոն գումարները, որոնք նրանք գայլի ախորժակով ուտում են, թերևս հստակ չգիտեմ:

Մի բան հստակ է, որ ափսոսում են 150-200.000 դրամը չուտել` փոխարենը մաքրելով ճանապարհները: Ճանապարհների վրա ամրացած սառույցը, իհարկե, վտանգավոր է, բայց կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ, երբ հերթական ձյունը գա: Ցերեկները ժամը 11:30-13:30-ը սառույցը փոքր ինչ հալչում է, հետո նորից սառույց, նորից սառցե բլուրներ և սառցե քարեր:

Լավ սրանք չեն հասկանում, որ ձյան գալուց անմիջապես հետո եթե ճանապարհները մաքրեն, ամեն ինչ այսքան չի բարդանա, չեն հասկանում, որ ամեն տարի ասֆալտապատման խնդիր չեն ունենա:

Ցավոտ հարցերն այնքան շատ են, բայց այս մեկը հիմա այս օրերին ամենաարդիականն է: Ինձ թվում է, որ եթե մամուլում գոնե մեկ անգամ մեկ խնդիր բարձրաձայնվի այլ գոնե այդ տարի այլևս չի կրկնվի: Փաստորեն, ակնկալիքս ձեզնից այն է, որ «Հետքի» միջոցով սայլը տեղից շարժենք, ամոթի զգացում առաջացնենք, որ այս տարվա մյուս ձյուները, որոնք չափից դուրս շատ են լինում Գավառում, ճանապարհներից մաքրվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter