HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական «Նոյի բարիքները» բրենդը գերմանական շուկայում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն վարչատարածքի Շաֆհայմ քաղաքում շաբաթներ առաջ կայացավ հայկական A&D Food Gmbh ընկերության ներկայացուցչական սրահի բացման արարողությունը:

Ընկերությունն իր ապրանքատեսակներից նվիրել է նաև Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելին, Բունդեսթագի պառլամենտականներին և մի շարք այլ հեղինակավոր մարդկանց:  «Սուրբ ծննդյան» տոների առթիվ այս օրերին Մանհայմում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին իր տաղավարով մասնակցում է նաև  A&D Food Gmbh ընկերությունն իր Noahs Früchte (Նոյյան բարիքներ) բրենդով: Հայկական տաղավարը ներկայացնում է Բադեն Վյուրթեմբերգ մարզում ընկերության պատասխանատու Բագրատ Առուստամյանը, ով մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ հայկական տաղավարը մեծ թվով այցելուների է հյուրընկալում: Գերմանացիները համտեսում են հայկական գինի, հյութեր և հատկապես ընկույզի մուրաբա: Զրուցեցինք A&D Food Gmbh ընկերության տնօրեն Դավիթ Սուքիասյանի հետ:

-Որքա՞ն ժամանակ եք գերմանական շուկայում հայկական արտադրանք  ներկայացնում:

-Ընկերությունն իր գործունեությունը ԳԴՀ-ում սկսել է դեռևս 2011 թվականից: Հիմնադիրները Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր Հայաստանի`հիմնականում գյուղմթերքների արտահանումը խթանելու նախագիծ մշակեցին: ԳԴՀ-ում մեկնարկեցինք և գյուղացիական տնտեսությունների արտադրանքն արտահանելու, իրացնելու նախագիծը կայացավ` տարեցտարի ավելի մեծ տեղ զբաղեցնելով գերմանական շուկայում: Սկզբում մեծածախ շուկաների հետ էինք փորձում աշխատել, սակայն մեկ տարին բավական էր հասկանալու համար, որ մենք դեռ մի տասը տարի պետք է աշխատենք մեծածախ շուկայում հաջողելու համար: Հայկական արտադրանքը գերմանացիների համար ճանաչելի չէ, հետևաբար նախ անհրաժեշտ էր հասարակությանը ծանոթացնել հայկական ապրանքատեսակներին, այնուհետև ներկայացնել մեծածախ շուկաներին: Մենք սկսեցինք համագործակցել փոքր խանութների հետ, որոնք վաճառում են համեմատաբար թանկ և որակյալ ապրանք: Առաջին երեք ամիսները բավական էին հասկանալու համար, որ դա է մեր շուկան: Աստիճանաբար ավելացրեցինք խանութների քանակը: Այսօր համագործակցում ենք 300 խանութների հետ։  Մենք Գերմանիայում արտադրում ենք հայկական գինիներ և հյութեր: Մեր հումքով պատվիրում ենք գերմանական շշալցման մի գործարանի, քանի որ մենք այստեղ գործարան չունենք: Հայաստանում մուրաբաների, ջեմերի մասով համագործակցում ենք «Նոյյան», իսկ գինիների մասով`  «365 ՎԱՅՆՍ» ընկերության հետ: Ներկայումս նաև հայկական չրեր ենք ներկայացնում, եվրոպացիները շատ սիրում են հայկական չիր:

-Գերմանական շուկայի ուսումնասիրության արդյունքում ի՞նչ պարզեցիք: Օրինակ` ինչպե՞ս հետաքրքրել շարքային գերմանացուն, հատկապես, երբ տեղական շուկան համարվում է աշխարհի ամենահարուստ և ամենաբազմազան շուկաներից մեկը: Ի դեպ, սպառողներն ունեն ինչպես գների իմաստով, այնպես էլ` մատուցվող ապրանքների շատ մեծ ընտրություն, նաև քմահաճ են:

-Մենք առաջարկում ենք բոլոր ապրանքատեսակների 100% բնականը: Մեր ներմուծվող, արտադրվող բոլոր ապրանքատեսակներն այստեղ պիտակավորվում են միանգամայն նոր մակնշմամբ, այլ գունային համակարգ ունեցող մեր պիտակներով: Շուկայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ, եթե չմոտենանք իրենց մատուցման չափանիշներին, երբեք հետաքրքիր չենք լինի իրենց համար: Եվրոպական, մասնավորապես գերմանական շուկան երկու գույն է վերցնում և մենք փորձել ենք մոտենալ իրենց` ապրանքատեսակները ներկայացնելով իրենց գույներին համապատասխան պիտակավորումներով: Եթե նկատել եք մեր հայկական ապրանքատեսակները հիմնականում վառ գույներով, նկարազարդումներով են, բայց հասկացանք, որ այս շուկայում գունային, պատկերային այդ առատությունը ֆունկցիոնալ չէ: Իրենք գնելիս երկու գույն են ուզում տեսնել: Ճիշտն ասած` մեր, հայերիս թերությունը մատուցման մշակույթի մեջ է. Մենք ունենք լավ արտադրանք, բայց չունենք ներկայացման ձև: Եվ մեր պետական այրերը պետք է շատ լուրջ մտածեն արտահանման մասին: Պետք է լինի պետական ստուգող մարմին, որն իր մասնագիտական խմբով կորոշի տվյալ ապրանքն արդյո՞ք իրավունք ունի նման ձևով այլ երկիր գնալու, թե ոչ: Հակառակ դեպքում` ցանկացած մեկը կարող է Հայաստանում ֆաբրիկա բացել, թեյը օղու հետ խառնել, անունը կոնյակ դնել և ներմուծել Եվրոպա: Օրինակ` Բեռլինում «Արարատ» կոնյակի ներմուծող ունենք: Մարդիկ շատ հավանում են, այն թեև թանկ, բայց որակով է: Դրա կողքին ռուսական շուկայում հայտնվում են հայկական կոնյակներ, որոնց դժվար է կոնյակ անվանել: Մարդիկ այդ էժան կոնյակը գնում և բնազդաբար կարծիք են կազմում, թե` հայկական կոնյակը վատն է: Ո՞վ է տուժում… Պետությունն ու գյուղացին: Մենք կոնյակ արտադրող, արտահանող չենք, բայց նույն պատկերը գինու շուկայում է:

 Կարծեմ տարիներ առաջ հանձնաժողով ստեղծելու փորձ արվել է, այսինքն` առաջարկվել է ստեղծել արտահանումը հսկող, արտադրանքը փորձաքննության ենթարկող պետական մարմին:  Մինչդեռ քաղաքական խմորումներ են եղել, թե` նոր մի կառույց է ստեղծվում կոռուպցիոն բուրգի մասնիկ դարձնելու համար, փողը կվերցնեն մեկին իրավունքը կտան, իսկ մյուսը` գումար չի տա, իրավունքն էլ չեն տա և այլն: Այդպես էլ այդ թեման սառեցվել է:

-Գերմանական շուկայում բոլոր ոլորտներում ուժեղ մրցակցություն կա: Ինչպե՞ս եք դիմակայում դրան, և արդյո՞ք ձեր ապրանքատեսակները մրցունակ են ալկոհոլային խմիչքների, ըմպելիքների, սննդամթերքի շուկայում:

-Մենք պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն: Այս պահին հայկական արտադրանքը չի կարող մրցունակ լինել գերմանական շուկայում: Մեր ապրանքատեսակները թանկ են, իսկ այս շուկայում մատչելի գներով կարող եք նույն ապրանքատեսակից այլ արտադրություն գնել: Տեսեք, մենք փորձում ենք որակյալ գինի ներմուծել Հայաստանից, որի ինքնարժեքն արդեն 6-7 եվրո է առանց ավելացված արժեքի հարկի: Այսինքն` տվյալ ապրանքը խանութում պետք է վաճառվի 15 եվրոյով, որն արդեն բարձր գին է, հետևաբար մրցակցությունից դուրս ենք հայտնվում: Այլ հարց է, թե մենք ինչ ենք անում. Փոքր ծավալներով, փոքր խանութներին այդ թանկ գնով ապրատեսակը վաճառում ենք: Հայկական արտադրանքն ի սկզբանե թանկ է: Ինչո՞վ գրավել… Որակով, իսկ որակը պետք է ներկայացնել, իսկ դա ո՞ւմ գործն է` պետության: Մեր հիմնադիրները հայրենասեր, մարդկային տեսակով ուղղակի խենթեր են, տարեկան ներդրումներն անում և ավելացնում են` անկախ շահույթների հեռանկարներից: Իրենք արեցին մի բան, որը ոչ ոք չէր արել: Այսօր «Նոյի բարիքները» բրենդը վաճառվում է ոչ միայն գերմանական թանկարժեք խանութներում, այլն նաև` ուղարկում ենք եվրոպական մի շարք այլ երկներ` Հոլանդիա, Ֆրանսիա, Բելգիա Լատվիա, Լիտվիա և այլն: Ի դեպ, նշեմ, որ մենք ունենք մի ապրանքատեսակ, որը ոչ միայն աշխարհում, այլ նաև` Հայաստանում չկա: Դա ընկույզի ջեմն է. Մասնակցեցինք ցուցահանդեսների և շատ հաջողություններ ունեցանք:

-Գերմանիայի առևտրային ցանցում, սպասարկման ոլորտում ամուր դիրք ունի թուրքական համայնքը: Նրանք ունեն խանութներ, շուկաներ, սրճարաններ, ռեստորաններ, արագ կերակրի պատրաստման կետեր և ողջ Գերմանիայում իրացնում են իրենց ազգային ուտեստները, արտադրանքը: Էլ չեմ ասում ինչ ծավալներով են իրացնում Թուրքիայից ներմուծվող գյուղմթերքը: Ինչպե՞ս է նրանց հաջողվում շուկայում ամրապնդել դիրքերը և իրացնելով ամեն ինչի թուրքականը զարգացնել իրենց տնտեսությունը:

-Կներեք, Թուրքիան Թուրքիան է: Յուրաքանչյուր գերմանացի գիտի Թուրքիայի մասին: Մեր վիճակագրության համաձայն` Հայաստանի մասին լսել է Գերմանիայի հասրակության 70%-ը, այսինքն`  30%-ը ընդհարնապես չի լսել: 50%-ը գիտի Հայաստանը որտեղ է, 30%-ը կարծում է, որ Հայաստանը մուսուլմանական երկիր է և ընդհանրապես շատ քիչ ինֆորմացիա կա Հայաստանի մասին: Սա պաշտոնական վիճակագրություն չէ, այլ մեր ընկերության վիճակագրությունն է: Անդրադառնալով թուրքերին միայն կարող եմ ասել, որ օրինակ՝ Թուրքիան խոշոր գումարներ է ծախսում միայն ցուցահանդեսների միջոցով իրենց պետությունը ճանաչելի դարձնելու համար… Նույնիսկ Ադրբեջանի հետ չենք կարող համեմատվել: Ցուցահանդեսներին ներկա գտնվեք և ինքներդ ականատես եղեք, թե` ինչ գումարներ է ծախսում Ադրբեջանը երկիր ներկայացնելու համար և ինչ ենք անում մենք: Անհամեմատելի է: Օրինակ` նռան հյութի մասով մենք մեծ խնդիր ունենք, որովհետև շատերը նռան հյութը Ադրբեջանինը ճանաչում են որպես ամենալավը: Ադրբեջանն այս տարիների ընթացքում խոշոր գումարներ է ծախսել նռան նյութ ներկայացնելու համար, իսկ մենք որտե՞ղ ենք ներկայանում։

-Սպառողական շուկայում եվրոպացիները հայկական արտադրության հատկապես ո՞ր ապրանքատեսակն են հավանում:

-Ջեմերն են շատ հավանում, նաև` ընկույզի մուրաբան, որն իրենց համար միանգամայն նորություն է: Ընկույզի մուրաբան շատ մեծ պահանջարկ ունի, մեծածախ իրացնողներ ունենք, որոնք մեզնից ձեռք են բերում և մեծածախ վաճառք են կազմակերպում:Մեր մրգային գինիներն էլ սիրում են` չնայած նրան, որ Եվրոպայում մրգային գինիների նկատմամբ վերապահում կա, քանի որ ջուր շատ են խառնում: Իրենք սովորում են նրան, որ մենք որակյալ գինի ենք վաճառում: Ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ մեր ապրանքատեսակները տեղ են գտել այն խանութներում, որոնց հաճախորդները վճարում են թանկ և գնում են որակով ապրանք: Առաջիկայում կփորձենք հայկական մեղր առաջարկել Եվրոպային. Ճիշտն ասած`օգոստոս ամսից գումարը փոխանցել, պատվիրել ենք Հայաստանից, բայց մինչ օրս չենք ստացել: Հնարավոր է թղթային խնդիրներ կան, որովհետև առաջին անգամ է մեր մեղրը Եվրոպա մտնելու: Հույս ունեմ այս ամիս կուղարկեն, իսկ եթե ոչ` գումարը հետ կպահանջենք:

-Գերմանացիները սիրում են ճամփորդել և, երբ սկսում ես Հայաստանի մասին տեղեկատվություն տալ անմիջապես քարտեզների, համացանցի միջոցով փորձում են երկրի մասին պատկերացում կազմել և ճամփորդություն կազմակերպել: Ձեր ընկերության հաճախորդները որքանո՞վ հետաքրքրված են մեր երկրով:

-Կարող եմ ասել, որ մեր գործունեությունը նաև զբոսաշրջությունը խթանելու առաքելություն ունի: Մեր հաճախորդներից արդեն 25-30 հոգանոց խմբերի  տուրիստական չորրորդ արշավն ենք կազմակերպել դեպի Հայաստան: Մեր ընկերության տեղեկատվական թերթիկների տեքստերում, նաև` կայքում պարտադիր Հայաստանի ավանդույթների, առանձնահատկությունների մասին ակնարկներ ենք մատնանշում: Բնականաբար  դա շատ աշխատող մեխանիզմ է: Հատկապես բոլոր հնարավոր տարբերակներով տեղեկացնում ենք, որ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Մանհայմի մեր տաղավարը հենց այդ վերտառությամբ պաստառով էլ ներկայացրել ենք:Դրանից բացի, մեր հաճախորդների հետ հանդիպումներ ենք ունենում Շաֆհայմի ներկայացուցչական սրահում, որտեղ իրենց հետ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենում Հայաստանի, հայկական մշակույթի  մասին:

-Նրանք նաև քաղաքացիական հետաքրքիր գիտակցություն ունեն: Ոչ բոլորը, բայց շատերը սկզբունքորեն  օգտվում են իրենց հայրենակիցներին պատկանող ռեստորաններից, սրճարաններից, խանութներից` միայն նրա համար, որ զարգանա իրենց տնտեսությունը: Ինչպիսի՞ն է Եվրոպայում ապրող հայերի մոտեցումը: «Նոյի բարիքների» սպառողներից արդյո՞ք շատերն են հայեր:

-Ճիշտ եք, իրենց մոտ այդ որակը կա: Ցավոք`հայն անընդհատ պայքարի մեջ է հայի հետ: Լսել եմ, որ որոշ քաղաքներում հայկական ռեստորաններ կան, հավատացեք հայերն այնքան շատ չեն գնում, ավելի շատ ռուսներն են գնում: Բայց, անշուշտ կան հայեր, որ կարող են ժամեր շարունակ մեքենա վարել, որպեսզի հայի ռեստորանից օգտվեն:

Զրուցեց` Լուսինե Ստեփանյանը

Մեկնաբանություններ (1)

Արտյոմ
Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter