Ուշ չէ, եթե անգամ ուշացել ես
Ազատուհի Խաչատրյան
Ուղղանկյուն նկարակալների առաջ նստածները ո՛չ երեխաներ են, ո՛չ էլ բուհի ուսանողներ: Մարդիկ, որ մատիտը ձեռքներին նկարել են սովորում, վաղուց ունեն մասնագիտություն ու աշխատանք, բայց ունեն նաև գիտակցում, որ երբեք ուշ չէ երազանքներին վերադառնալու ու դրանք իրականացնելու համար:
«Հաշվապահ եմ, բայց չեմ սիրում իմ մասնագիտությունը, գործից հետո գալիս եմ նկարելու, շատ է դուրս գալիս: Նկարելիս ամեն ինչի մասին մոռանում եմ ու լիցքաթափվում»,- ասում է 23-ամյա Սվետլանան: Մտածում է, որ հետագայում կարող է նաև դրանով գումար վաստակել: «Հիմա շատ տարածված է դալանները, փողոցները նկարազարդել, կարող եմ դրանով զբաղվել»,- հավելում է նա: Երեք ամիս է, ինչ կենտոն է գալիս, շուտով կավարտի իր առաջին նկարը: Սվետլանային շատ հարցեր չեմ տալիս. պետք է առանց թերացումների ավարտի աշխատանքը:
«Սվետիկը շատ ընդունակ է, նկարում է անշտապ, համբերատար, հետաքրքասեր է ու ջանք չի խնայում, ունի այն, ինչ պետք է լավ նկարելու համար»,- ասում է ուսուցչուհին՝ Հասմիկ Հոխանյանը, որ իրեն ավելի շատ նրանց ընկեր ու նկարելու հարցում խորհրդատու է համարում, քան ուսուցիչ:

Հասմիկը սկսել է մի աշակերտով, հիմա տասնհինգն են: Տարբեր տարիքի են, սկսած 13-ից մինչև 40 տարեկան: Մեծերի հարցում տարիքային սահմանափակում չունեն:
«Նկարելու համար տաղանդ պետք չէ, այստեղ բոլորն էլ մարդիկ են, ովքեր պարզապես սիրում են նկարելը և իրենց կյանքի ընթացքում ուզել են զբաղվել դրանով, բայց ինչ-ինչ պատճառներով հեռացել են նկարչությունից: Սաներիս մեծ մասը մասնագիտությամբ տնտեսագտներ ու հաշվապահներ են»,- ասում է Հասմիկը:
Քիչ հետո գալիս է տնտեսագետը, ողջունում է մեզ, դնում նկարակալը, հարմարեցնում արձանիկը, որը պետք շարունակի նկարել: Էդգարը (33 տարեկան) դասախոս է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Դասախոսություն կարդալուց հետո գալիս է այստեղ ու ինքն է դառնում ուսանող: «Փոքր ժամանակ գնացել եմ նկարչական դասերի: Միշտ ուզել եմ վերսկսել նկարելը: Ընկերներիս միջոցով իմացա կենտրոնի մասին ու եկա»,- ասում է Էդգարը ու դիմում Հասմիկին, թե արձանիկի ոտնաթաթը չի հաջողվում նկարել:

Նրանց հետ զրույցը ընդհատումներով է ստացվում, մեկ նկարում են, մեկ զրուցում ենք: Փորձում եմ հնարավորինս քիչ միջամտել: Հասմիկը, որքան էլ ընկերական, բայց բծախնդիր է, որ նկարները լավ ստացվեն: «Ես էլ նրանց հետ ոգևորվում եմ, երբ լավ են նկարում, իսկ երբ չի հաջողվում ծայրահեղ դեպքում եմ ինքս մատիտ վերցնում ու ուղղում: Ուզում եմ իրենք անեն ամեն ինչ»,- ասում է Հասմիկը:
Հասմիկը յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերում: Առաջնահերթ են նկարելու ցանկությունն ու աշխատասիրությունը:
«Ես կարող եմ» արվեստանոց-գրախանութը գործում է արդեն երկու տարի: Նման կենտրոն բացելու միտք հղացել է Արևիկ Աստաբացյանը, ով այժմ կենտրոնում երեխաներին նկարչություն և անիմացիա է ուսուցանում: «Հասկացա, որ լիքը բան կա, որ դեռ արված չէ: Դրանցից մեկն էլ մեծահասակների համար նկարչության դասեր սկսելն էր: Շատ հասուն մարդիկ ուզում են զբաղվել արվեստով, անկախ նրանից, որ արվեստից հեռու մասնագիտություններ ունեն: Հիմա, երբ ունենք երկու տարվա փորձ մեծահասակների հետ աշխատելու, տեսնում ենք, որ կան մարդիկ, ում կյանքում շատ կարևոր դեր ունեցան մեր դասերը , և նրանցից ոմանք սկսել են աշխատել արվեստի բնագավառում: Կարող եմ վստահ ասել, որ սա լավագույն մտքերից էր, որ մեր թիմով համարձակեցինք իրականացնել»,- ասում է Արևիկը:

Իսկ անվան ընտրության մասին ասում է. «Քանի որ նպատակները մեզ վախենալու էին թվում, որոշեցինք էնպիսի անուն ընտրել, որ մեզ կօգնի չհուսահատվել: Մինչ օրս մեր կենտրոնում աշակերտների և աշխատողների համար օրենք է գործում. երբեք չասել՝ չեմ կարող կամ չի ստացվում»:
Վերջերս եղավ կենտրոնի սաների նկարների առաջին ցուցադրությունը «Երազանքից իրականություն» խորագրով: «Նկարիչը պետք է իր գործը հանրային դարձնի ու ստանա նրանց գնահատականը: Դա է ոգևորում ու արժևորում նրանց աշխատանքը»,- ասում է Հասմիկը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել