Կապանի 2016 թ. բյուջեի նախագիծը՝ պետական կոռուպցիոն ռի՞սկ
Դեկտեմբերի 11-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Կապան քաղաքային համայնքի 2016 թ. բյուջեի նախագծի հանրային լսումը:
Քննարկման ժամանակ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետա Թադևոսյանը հայտարարեց, որ քաղաքի 2016 թ. կանխատեսված եկամուտները (և ծախսերը) կազմում են 1 մլրդ 155 մլն 147 հազար դրամ (մոտ 2.4 մլն դոլար): Այնուհետև նշեց, թե դա ինչի վրա պիտի ծախսվի՝
ա) ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ,
բ) տնտեսական հարաբերություններ,
գ) շրջակա միջավայրի պաշտպանություն,
դ) բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն,
ե) կրթություն,
զ) սոցիալական պաշտպանություն:
Մինչ այս պահը կարծես թե ոչինչ: Բայց հետո նա այնպիսի մի բան ասաց, որ ես զարմանքից պարզապես ապշեցի. պարզվում է, որ այդ 1 մլրդ 155 մլն 147 հազար դրամից մոտ 84%-ը (967 մլն դրամ) նախատեսված է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ համար: Այո, 84 տոկոսը:
Փաստորեն՝ քաղաքի ու քաղաքացիների վրա ծախսվելիք իրակա՛ն գումարը 2016 թ.-ին՝ ըստ նախագծի՝ կկազմի 188 մլն 147 հազար դրամ (մոտ 389 հազար դոլար ):
Պարզվում է, օրինակ, որ մոտ 40 հազար բնակչություն ունեցող Կապանում ամբողջ 2016 թ.-ի ընթացքում անապահով ընտանիքների վրա ծախսվելիք փաստացի գումարը կկազմի ընդամենը 5 մլն դրամ (մոտ 10 հազար դոլար):
Ես, ի սրտե, ցանկանում եմ, որ բոլոր կապանցիներն իրականում աշխատեն ու բարձր աշխատավարձ ստանան, բայց նման բյուջեն արդյո՞ք ընդունելի է: Կապանի ավագանին ՄԻ՞ԹԵ այսպիսի բյուջե կարող է ընդունել (որում 84%-ը աշխատավարձերին է հատկացված):
Պետական կոռուպցիա, ընդհանրապես, նշանակում է (պետական պաշտոնյաների կողմից) պետական եկամուտների օգտագործում ոչ պետական /անձնական շահերի համար:
Անկախ ամեն ինչից՝ բյուջեից 84%-ը աշխատավարձերին հատկացնելը պետական կոռուպցիայի ձև չէ՞:
Բյուջեի 84%-ը հատկացնում են աշխատավարձերին ու քաղաքում բան անելու համար հույսները դնում են «դոնորնե՞րի» վրա: Մի՞թե սա արդյունավետ կառավարում է:
Տպավորություն չե՞ք ստանում, որ ոմանք թերևս ծանոթ-բարեկամներին աշխատանքի են դասավորել ու պետական բյուջեից աշխատավարձ (կամ գուցե և «աշխատավարձ») են տալիս, որի հետևանքով էլ աշխատավարձերին հատկացվող գումարն այսքան մեծացել է:
Վարազ Սյունի
Ամստերդամ
17.12.2015
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել