Փոխնախարար. «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Արտաշատ-Աշտարակ հատվածը նախատեսվում է բացել դեկտեմբերի վերջին
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» նախագիծը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին, թե «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները երբ կավարտվեն, և երբ ի վերջո շահագործման կհանձնվի այդ ավտոճանապարհը:
«Այս պահի դրությամբ էլ տեսնում ենք, որ հատվածներ կան, որ կարծես թե ավարտուն տեսք ունեն, և ինչի՞ համար չեն հանձնում: Ավտոճանապարհի հետ կապված մտահոգություններ են հնչում, որ խնդիրներ կան, վատ որակի է կառուցապատվել, ժամկետների հետ կապված թերություններ կան: Իրականում Դուք կփաստե՞ք, որ նման երևույթներ տեղի են ունենում, և եթե այո, ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել այդ երևույթների հետ կապված»,- ասաց Էնֆիաջյանը:
Պատասխանելով հարցին՝ Արթուր Առաքելյանն ասաց, որ իրենք նախատեսում են «Տրանշ 1»-ը՝ Արտաշատից մինչև Աշտարակ ընկած հատվածը, բացել դեկտեմբերի վերջին օրերին՝ երկկողմ երթևեկության համար, այս պահին ավարտվում են կահավորման աշխատանքները, այսինքն՝ ներկում են ճանապարհը համապատասխան նշաններով, լուսավորության աշխատանքներն են ավարտվում:
«Ինչ վերաբերում է թերություններին, ապա շարունակվում են թեստավորման աշխատանքները, իսկ պատժամիջոցները շատ հստակ են, այն բոլոր թերացումները, որոնք որ կարձանագրվեն և կփաստագրվեն լաբորատոր փորձարկումներով, նախատեսում են երկու տիպի պատիժ, որից հիմնականը ֆինանսականն է: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ մենք կկիրառենք առավելագույն այն սանկցիաները, որոնք նախատեսված են պայմանագրով»,- ասաց Արթուր Առաքելյանը:
Վահե Էնֆիաջյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք ապագայում նախտեսվում է, որ նման արագընթաց ճանապարհները նաև վճարովի հիմքերով ծառահեն բեռնափոխադրողների համար:
Փոխնախարարի խոսքերով՝ այս պահին նախատեսված չէ, որ «Հյուսիս-հարավն» ամբողջությամբ վճարովի լինի, սակայն օտարերկրյա բեռնափոխադրում իրականացնողների համար, բնականաբար, կա ճանապարհային վճար հասկացություն, և հենց այս պահին էլ դա գործում է:
«Եվ, բնականաբար, այդ ճանապարհը երբ տարանցիկ դառնա, վստահեցնում եմ, որ այդ Ձեր նշած բոլոր օգուտները ՀՀ-ն կունենա այդ բեռնափոխադրումներից: Ինչ վերաբերում է վճարովի հատվածներին, այո՛, մենք միտում ունենք, որ եթե կարողանանք մասնավոր ներդրմամբ բարդ ենթակառուցվածքներ կառուցենք, մասնավորապես, թունելներ և կամուրջներ, ապա այդ հատվածները հնարավոր է դառնան վճարովի, բայց պահպանելով այլընտրանքային հնարավորությունը, որը պարտադիր պայման կլինի: Այսինքն՝ դուք կընտրեք, կա՛մ վճարեք, խնայեք ժամանակ և բարձրակարգ ենթակառուցվածքով երթևեկեք, կա՛մ շրջանցեք, այլընտրանքային պետական ենթակառուցվածքով, բայց ամբողջ ճանապարհի վճարովի լինելու մասին քննարկումներ չեն եղել»,- եզրափակեց փոխնախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել