HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ կարիքներով անձանց համար հարմարեցված ևս 10 ավտոբուս մտել է երթուղի

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսներում տեղադրվել են հատուկ կարիքներով անձանց հարմարեցված վերելակներ: Ծրագրի հերթական փուլի շնորհանդեսին մասնակցել են ՀԿ-ների ղեկավարներ, նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ավտոբուսների շահագործումից առաջ ուսումնասիրվել են շահառուների կարծիքներն ու առաջարկները: Այս նախաձեռնությունն ի սկզբանե  դիտարկվել է որպես «Ավելի մատչելի Երևան» ծրագրի մի մաս: Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին սպասարկելու գործում կաջակցեն ավտոբուսների վարորդները,  ովքեր վերելակները կիրառելու գործնական պարապմունքների են մասնակցել:  

Ընտրված երթուղիները  համաձայնեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ այն սկզբունքով,  որ ծայրամասային համարվող թաղամասերում բնակվող հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու առավել հարմար հնարավորություն ունենան: Հարմարեցված ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ: Բացի այդ, ավտոբուսներում առկա է տվյալ երթուղու  կարգավարական ծառայության  հեռախոսահամարը, որով  շահառուն կարող է տեղեկանալ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին:

Վերելակների աշխատանքն ու ընձեռած հնարավորությունները փորձարկած շահառուները նշել են, որ դրանք իսկապես հարմարավետ են, և շնորհակալություն են հայտնել իրենց նկատմամբ Երևանի քաղաքապետարանի ցուցաբերած մշտական ուշադրության և հոգածության համար: Այսպիսով, հատուկ կարիքներ ունեցող, ինչպես նաև մանկասայլակներով անձանց տրանսպորտային տեղաշարժի համար վերելակներ ունեցող ավտոբուսների թիվը հասավ 20-ի:

Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են, որ 2014 թ.  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  հատուկ կարիքներ ունեցող անձանց տրանսպորտային տեղաշարժն ապահովելու նպատակով վերելակներ են տեղադրվել 10 ավտոբուսներում: Ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter