Կառավարությունը հավանություն է տվել Վեդու ջրամբարի կառուցման համար վարկ ստանալու պայմանագրին
Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է կնքել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ» վարկային համաձայնագիր: Գործադիրն այսօրվա նիստում համաձայնություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմել սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջև նամակ-հավաստագրին: Որոշմամբ, համաձայնություն է տրվել ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին կնքելու շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր «Կրեդիտ Սվիս» վարկային կազմակերպության լոնդոնյան մասնաճյուղի հետ:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության զարգացմանը և ամրապնդմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել