HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են Տաթեւի վանական համալիրի հյուսիսային մուտքի վերականգնման աշխատանքները

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամից հայտնում են, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Տաթեւի վանական համալիրի վերականգնման  աշխատանքները: Դեկտեմբերից արդեն իսկ սկսվել  է համալիրի հյուսիսային մուտքի վերանորոգումը:

«Որոշվեց աշխատանքներն սկսել հյուսիսային մուտքից, ինչը կարեւոր էր թե զբոսաշրջիկների համար խոչընդոտներ չստեղծելու, թե համալիրի վերականգնման աշխատանքները ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Սա այն դարպասն է, որը գործել է պատմականորեն: Այս դարպասից մուտք գործելիս՝  միանգամից իր ողջ վեհությամբ երեւում է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, եւ շատ գեղեցիկ տեսարան է բացվում: Աշխատանքների ընթացքում ոչ միայն կամրացվի մուտքի պարսպապատը, այլեւ կվերականգնվի սկզբնական տեսքը»,- նշում է «Տաթեւի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:

Մինչեւ շինարարական աշխատանքների մեկնարկը՝ մասնագիտական կազմակերպությունների կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ երկրաֆիզիկական, երկրաբանական, նյութաբանական, տարածքի սեյսմիկ վիճակի, կառույցների ինժեներական ուսումնասիրություններ, լազերային սքանավորում: Ուսումնասիրվել են նաեւ Տաթեւի վանական համալիրին վերաբերող մատենագիտական եւ արխիվային փաստաթղթերը՝ վերականգնման աշխատանքները պատմական տեսքին եւ կառուցապատմանը համապատասխան իրականացնելու համար:

Վանական համալիրի հիմքը ստորգետնյա  ջրերից պաշտպանելու եւ խոնավությունից  զերծ պահելու համար դրենաժային նոր համակարգ է կառուցվել:

«Հյուսիսային մուտքից հետո կմեկնարկեն համալիրի մյուս կառույցների՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, զուգահեռ կիրականացվի Ճոճվող սյան՝ Գավազանի  եւ Զանգակատան վերականգնումը»,- ասում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

Տաթեւի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնելիս IDeA հիմնադրամը համագործակցում է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում նախատեսվում է  վերանորոգել եւ վերականգնել վանական համալիրի բոլոր՝ թե եկեղեցական, թե օժանդակ կառույցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter