HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Վիրաբույժն արևմտյան», կամ ինչո՞ւ է ԱՄՆ-ն սպառնում Հայաստանին

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին հեռուստալրագրողներին տված հարցազրույցում ասաց.  «Ինձ համար ժողովրդավարությունը պակասեցնելն ընդունելի չէ, որովհետև մենք դրա ռեսուրսը չունենք, և այդ բռունցքի ուժի առասպելներն ինձ համար ընդունելի չեն: Չկա այդպիսի բան: Հայաստանում այդ ուժեղ ձեռքը չի գործել, չի գործում և չի էլ գործելու: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարություն: Հայաստանին անհրաժեշտ է կանոնակարգել իր կյանքը, որպեսզի այդ կյանքը դառնա շատ ավելի հաճելի: Մենք չունենք այդ ռեսուրսը: Այդ ռեսուրսը կարող են օգտագործել մեր այն հարևանները, ովքեր հավելյալ փող ունեն և չգիտեն՝ այն ուր դնել՝ ճանապարհներ կկառուցեն, հիվանդանոցներ կկառուցեն ու հետո ընդդիմադիրներին կձերբակալեն, չգիտեմ՝ էլ ինչ: Աշխարհը մի երկու բան կասի, բայց կյանքը կշարունակվի, իրենց իշխանությունն էլ ամուր կլինի և իրենք 90 տոկոս ձայն կստանան: Մենք չունենք այդ հնարավորությունը»: Դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի որակը, սակայն, ապացուցեց, որ ժողովրդավարությունը նվազեցնելու ռեսուրս իշխանությունը Հայաստանում, այնուամենայնիվ, ոչ միայն տեսավ, այլև հարկ եղած չափով շահագործեց:

Իշխանությունն, իհարկե, նոր Սահմանադրության օգտին 90 տոկոս ձայն ապահովել չցանկացավ, ինչպես սովորաբար անում են Սերժ Սարգսյանի ակնարկած հարևան երկրները: Բայց ակնհայտ է, որ հանրաքվեի արդյունքները կառուցելիս հայաստանյան իշխանությունն ինքը ևս հույսը դրել էր նախկին համապետական քվեարկություններում մշտապես փորձված և իրեն արդարացրած «աշխարհը մի երկու բան կասի, բայց կյանքը կշարունակվի» բանաձևի վրա: Ցինիզմի հասնող այդ ներքին ինքնավստահությունը, սակայն, կարծես այս անգամ կուլ չի գնալու:

Հանրաքվեից հետո ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարություններով: Նախնական հայտարարությունների իմաստն այն էր, որ  չնայած Վաշինգտոնը սահմանադրական հանրաքվեն կայացած է համարում, հանրաքվեի արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու նպատակով կոչ է անում հետաքննել բազմաթիվ ընտրակեղծիքների մասին ներկայացվող «արժանահավատ» տեղեկությունները։ Սակայն քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացից հետո, թերևս հենց դրա արդյունքները հաշվի առնելով, դեսպանատունը հանդես եկավ անթաքույց սպառնալիքով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներն աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Ավելի պարզ ասած՝ դեսպանատունը զգուշացրեց, որ ընտրախախտումների փաստերը հետաքննելու ուղղությամբ ոչ բավարար աշխատանք տանելու դեպքում ԱՄՆ-ն կարող է Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառել: Այն փաստը, որ դեսպանատունը նման զգուշացումն արեց ընտրախախտումների մասին տեղեկությունների հիման վրա տասնյակից ավելի քրեական գործերի հարուցումից, իրավապահ մարմինների ղեկավարների կողմից հրավիրված ասուլիսներից հետո, փաստացի ցույց էր տալիս, որ ԱՄՆ-ն չի բավարարվելու զուտ ձևական հավաստիացումներով և հետևանք չթողնող քրեական գործերով: Չնայած նախազգուշացումն ինքնին արդեն աննախադեպ էր, սակայն դրա առարկայական հետևանքների առումով ամենակարևորը նույնիսկ դա չէր:

Հայտարարությունից մեկ օր անց հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրես բանաձևի նախագիծ է ներկայացվել Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում խայտառակ նահանջ արձանագրելու համար այդ երկրի կառավարության անդամների, գործարարների, ուժային մարմինների աշխատակիցների և դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Ակնհայտ էր, որ Ադրբեջանի նկատմամբ սկսված գործընթացով ԱՄՆ-ն Երևանին պարզորոշ ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել, եթե իշխանությունները չսրբագրեն իրենց գործելաոճը: Դա նման էր նախքան մտրակելը այդ մտրակը պոտենցիալ «զոհին» ցուցադրելուն:

Ամեն դեպքում, ԱՄՆ-ի՝ նման կոշտ արձագանքն առաջին հերթին Հայաստանում ներքին ռեսուրսներով իշխանության վարքագծի վրա ազդելու հնարավորությունների բացակայության ուղղակի և ամոթալի արձանագրումն էր: Ամոթալի ոչ միայն ընդդմադիր դաշտի և հասարակական դիմադրության կատարյալ ֆիասկոյի առումով, այլ այն պարզ պատճառով, որ փաստացի տեղի է ունենում ԱՄՆ-ի կոպիտ միջամտություն «ինքնիշխան» երկրի ներքին գործերին: Այլ իրավիճակում եւ ողջ ընդդիմություն, առոողջ իշխանություն և նույնքան առողջ հասարկություն ունենալու պարագայում ԱՄՆ-ի այս հայտարարությունն իրավացիորեն կհամարվեր անհանդուրժելի: Բայց ո՛չ իրավիճակն է ուրիշ, ո՛չ էլ իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունն են առողջ: Եվ այս համատարած հիվանդության պատճառով ԱՄՆ-ի, այսինքն՝ արտաքին միջամտությունը դառնում է ոչ միայն հանդուրժելի, այլև պահանջված՝ իբրև մահամերձ հիվանդին բուժելու համար դրսից հրավիրված վիրաբույժի ծառայություն:

Վիրաբուժական այս միջամտությունը, սակայն, ուղղված չէ հենց հանրաքվեի արդյունքների վերանայմանը: ԱՄՆ-ն նման խնդիր չի դնում առհասարակ: Ավելին, դեսպանատան հայտարարությունների հիմնական ենթատեքստային ուղերձներից մեկն այն է, որ անհրաժեշտ է համակերպվել հանրաքվեի արդյունքների հետ և կենտրոնանալ դրա արդյունքում ընդունված Սահմանադրության կենսագործման վրա: Թիրախը, սակայն, առաջնահերթորեն ոչ թե սահամանդրական նորմերի կենսագործումն է առհասարակ, այլ ՝ դրա հենքին առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատշաճ կազմակերպումը, որը համարվում է ապագա լեգիտիմ իշխանութան ձևավորման միակ ռացիոնալ միջոցը: Ահա թե ինչպես է այս խնդիրը ձևակերում ԱՄՆ դեսպանատունը. «Առաջիկայի հետ կապված՝ մենք վերահաստատում ենք մեր կոչը ՀՀ կառավարությանն ու խորհրդարանին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին համահունչ նոր ընտրական օրենսգիրք ընդունելու մասին և հորդորում ենք նոր օրենսդրական բարեփոխումներն իրականացնել համաձայն միջազգային ստանդարտների՝ մեծացնելու համար ընտրական գործընթացների անաչառությունը Հայաստանում»:

Իրականում սա իշխանությունների համար նույնիսկ ավելի վտանգավոր է, քան թվում է առաջին հայացքից: ԱՄՆ-ն փաստացի մատը դրել է հենց այն իրական գործոնի վրա, որը երշխավորելու էր իշխանության վերարտադրման օպերացիայի հաջողությունը: ԱՄՆ-ն շատ պարզ հասկացնում է, որ չի հանդուրժելու այս հանրաքվեի որակով անցկացված որևէ ընտրություն: Իսկ կայացած հանրաքվեն իրականում փորձարկում էր, թե որքանով է հնարավոր, առանց մեծամասնական ընտրակարգի տված «բոնուսային» ռեսուրսի, ապահովել ՀՀԿ-ի քաղաքական մեծամասնությունը կամ որ նույնն է՝ գործող իշխանության վերարտադրումը: Ակնարկն առավել քան պարզ է, դրան գնալու հետևանքը լինելու է այն, ինչ, հնարավոր է՝ արվի Ադրբեջանի հետ:

Սա, մի կողմից, քարտ բլանշ է հայաստանյան ընդդիմադիր բոլոր ուժերի համար, որոնց անուղղկիորեն կոչ է արվում մի կողմ թողնել անպտուղ պայքարի արդեն շաբլոնային ու անարդյունավետ միջոցները և համախմբվել  նախ կոնսենսուսային ընտրական օրենսգիրք ընդունելու, ապա նաև՝ ընտրությունների ընթացքի տոտալ վերահսկողության միասնական պլատֆորմ ստեղծելու վրա, ինչի համար կստանան Արևմուտքի աջակցությունը:

Սակայն, մյուս կողմից պարզ է, որ ԱՄՆ-ի այս կոշտ քայլը զուտ Հայաստանի «գեղեցիկ աչքերի» համար չի արվում և պայմանավորված է նրա տարածաշրջանային քաղաքական շահերով: Դրա մասին է վկայում երկու իրողություն: Նախ՝ որ ԱՄՆ-ն, Արևմուտքը համառորեն լեգիտիմացրին  2008, 2012, 2013թթ. ընտրություններն այն դեպքում, երբ դրանք ընտրախախտումների մեթոդների և ծավալների առումով ոչ միայն չէին զիջում այս հանրաքվեի որակին, այլև 2008թ. նույնիսկ հանգեցրին մարդկային զոհերի: Երկրորդ՝ հնարավոր չէ պատահականություն համարել ԱՄՆ-ի կողմից թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում միևնույն պահին նույն մտրակը ցուցադրելու քայլը: ԱՄՆ-ն մեծացնում է քաղաքական ազդեցությունը Հայաստանում և Ադրբեջանում՝ երկուսում էլ ստեղծելով ներքին հասարակական-քաղաքական ապակայունացման պոտենցիալ: Բայց եթե Ադրբեջանն իր ներքին էներգետիկ-տնտեսական ռեսուրսների հաշվին տեսականորեն ունի դրան դիմադրելու որոշակի ռեսուրս, Հայաստանը բացարձակապես չունի: Եվ այս տեսակետից Սերժ Սարգսյանը ճիշտ ախտորոշում էր տվել: Բայց, ինչպես ասում են՝ ջինն արդեն բաց է թողնվել: Եվ այն բաց է թողել իշխանությունն ինքը՝ գնալով այդ արգելված «ռեսուրսը» շահագործելու ճանապարով: Հետևաբար, դրա հետևանքների պատասխանատվությունն էլ նա է կրում: Ցավն այն է, սակայն, որ տուժողը նախ պետությունը, ապա նաև հասարակությունն է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter