HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության և ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը:

Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Զինված ուժերի 2016-2020թթ. զարգացման պլանն ու Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով Զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է եղել Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նախորդ՝ 2011-2015թթ. պետական ծրագրի իրագործմանը. արձանագրվել է, որ այն կատարվել է ամբողջությամբ:

Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակը գերժամանակակից տեխնիկայով լայնորեն համալրման գործընթացին համահունչ, անհրաժեշտ է նույնքան ուշադրություն դարձնել այդ տեխնիկայի օգտագործման մասնագիտական կարողությունների անընդհատ կատարելագործմանը: Հանրապետության նախագահը հանձնարարություններ է տվել Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման վերաբերյալ` սահմանելով պլանավորման ղեկավար փաստաթղթերի կատարման վերաբերյալ հաշվետվողականության ժամկետներն ու կարգը:

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ զարգացման պլանի և սպառազինության ծրագրի իրականացումը, Զինված ուժերում նոր մոտեցումների ու սկզբունքների արմատավորումը թույլ կտան զգալիորեն ավելացնել բանակի մարտական կարողությունները, ապահովել ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացումը՝ շարունակելով իրականացնել Հայաստանի և Արցախի հուսալի պաշտպանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter