«Օգտվում են օլիգարխները, տուժում է ՀՀ քաղաքացին». Զարուհի Փոստանջյանը՝ «Դեղերի մասին» օրենքի քննարկման ժամանակ
Լիլիթ Թադևոսյան
Կարծես թե ՀՀ-ն բացակայում է ոչ միայն իր առողջապահության նախարարությամբ, այլ ընդհանուր առմամբ այլ մարմիններով ևս: Այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ ԱԺ-ում շուրջ 10 անգամ հնչեց այն միտքը, որ կարող ենք շրջանցել և դեղեր գնել ոչ միայն այլ երկրներից, այլ հենց Վրաստանից:
«Ամբողջ ամառ մենք ականատես եղանք ինչպես ՀՀ քաղաքացիները չէին կարողանում օգտվել ՀՀ օդանավակայանից, մասնավորապես՝ «Զվարթնոց» օդանավակայանից, որովհետև թռիչքուղիները բավականին թանկ էին: Իսկ հարևան Վրաստանի հանրապետությունը, որը կարելի է ասել ունի նույն ծագումը և գրեթե նույն իրավիճակում է գտնվում, բայց պարզվում է, որ այնտեղից թռիչքուղիները մի քանի անգամ ավելի էժան են, քան ՀՀ-ից: Նույնն էլ վերաբերվում է այսօր դեղերին: Վրաստանից այսօր դեղ գնելն ավելի մատչելի է ՀՀ քաղաքացիների համար, ավելի որակյալ դեղ կարող ենք ձեռք բերել այնտեղից, քան ՀՀ-ում: Օրինագծում գրված է, որ այս օրենքը սկսել են մշակել 2007 թվականից, և, փաստորեն, 8 տարի էր պետք, որ մշակեին, այն էլ մինչև վերջ մշակված չէ, որովհետև հարակից զեկուցողը բազմաթիվ հարցեր մատնանշեց, և այստեղ նույնպես հնչեցին բազմաթիվ հարցեր և զգացվում է, որ օրենքը կատարյալ չէ, օրենքը լուծում չի տալու առաջացրած խնդիրներին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Այնուհետև նա նշեց, որ պատճառները շատ պարզ են, որ այս օրենքը նույնպես որպես ոչ կատարյալ օրենք է ներկայացվել ԱԺ-ին, քանի որ ՀՀ-ում տիրում է և՛ քաղաքական, և՛ տնտեսական մենաշնորհ, որոնց դեպքում չեն կարող լինել որակյալ օրենքներ, որոնք կսպասարկեն հանրության շահին:
«Դեղերի վաճառքը շատ եկամտաբեր գործունեություն է, և այդ եկամտաբեր գործունեությունն այստեղ հնչեց, որ այս պահին պատկանում է շուրջ տասնյակ տնտեսվարողների, այսինքն՝ մոնոպոլիայի ձեռքում է: Հետևաբար, այդ մոնոպոլիան ինքն իրենով չի նահանջելու: Այդ մոնոպոլիան նաև այստեղ ներկայացված լինելով, ունենալով քաղաքական մենաշնորհ, քաղաքական հովանավորություն՝ պետք է ամեն ինչ անի, որ իր պայմանները լինեն դյուրին, իսկ մնացած բոլորի պայմանները դյուրին չլինեն և տեղի չունենա մրցակցություն: Իսկ եթե չկա մրցակցություն՝ դեղեը կլինեն և՛ անորակ, և՛ դրանց գները կլինեն բարձր, քան այլ պետություններում: Մենք դրանով ևս զրկում ենք մեր պետությանը և քաղաքացիներին եկամուտ վաստակելու հնարավորությունից: Որովհետև, իմանալով այս ամենը, մարդիկ դեղերը ձեռք են բերում այլ երկրներից: Գումարները մնում են այլ եկրներում և մենք տուժում ենք: Օգտվում են օլիգարխները, տուժում է ՀՀ քաղաքացին»,- ասաց Փոստանջյանը:
Նա այս իրավիճակից դուրս գալու համար որպես ելք տեսնում է ոչ թե օրինագծերի փոփոխությունները, այլ փոփոխությունները Հայաստանի քաղաքական համակարգում: Նա նշեց, որ հասկանալի է, որ մեր երկրում, ըստ էության, չի գործում պետական կառավարման համակարգը:
«Եթե գործեր պետական կառավարման համակարգը, ապա ոստիկանությունը չէր մատնվի անգործութան, ընտրությունները չէին կեղծվի, ապա խուժանը չէր կարող ներթափանցել ընտրատեղամաս և իրեն զգար որպես ղեկավար մարմին: Բոլոր հանցագործությունների մասին հաղորդումները քննության առարկա կդառնային»,- ասաց պատգամավորը:
Փոստանջյանը ելքերից է համարում նաև տեղական ինքնակառավարման նոր մարմինների ստեղծումը և նշում, որ քաղաքացիներն իրենք պետք է առաջադրեն իրենց մարզպետին, քանի որ, ըստ էության, ՀՀ-ում չկան մարզպետներ:
«Այն մարզպետները, ովքեր որ գործել են, ուղղակի հանցագործներ են, որոնք մեղսակից են դեկտեմբերի 6-ի կեղծարարությանը: ՀՀ-ում չկա գործադիր իշխանութան ղեկավարում, ՀՀ-ն չունի նախագահ, այս ամենը մենք պետք է նոր ստեղծենք, նոր հիմնադրենք՝ նոր ընտրությունների միջոցով»,- ասաց պատգամավորը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել