HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինձ քո մասին պատմել են

Մանե Գրիգորյան

4 տարի ես ու Ա.-ն  նստում էինք լսարանի  առաջին նստարանին, խոսում աշխարհից, տղաներից, հետագայում ՝ անգործությունից, ինքնուրույն լինելու մեր ճիգերից:  Այդ օրը  Ա-ն տանը շպրտեց աթոռը, դուրս  թռանք բարձրահարկ շենքից, իսկ առաջին հարկում աշխարհն էր, որի հետ չգիտես՝ ինչ անել,  բայց մի բան հաստատ է՝ շրջանցել չես կարող: Ես կրծում էի մատներս, սկզբում եղունգներս, այսօր արդեն պոկում եմ մաշկս. գիշերը քնաթաթախ սառը տեղ եմ ման  գալիս, որ բաց վերքիս դնեմ, տեղերիս մեջ մի պահ է գալիս՝ կարծես արև շպրտած լինեն. արև՝ բաց վերքիս, անիծվեք: Ես չորս տարի համալսարան-տուն ճանապարհին պատմում էի մեռած հորս մասին, նախանձում՝ հայր ունեցողներին, մեծ-մեծ դուրս էի տալիս` իբր իր բոլոր երեխաների  համար հայրս փող, ազատություն, սեր ուներ, ինձ համար էլ կունենար, որ հայտնվում  էր մեր ծանոթի երազում, տեսնում բոլոր մարդկանց գետնին քնած ու ասում՝ ոնց եմ էրեխուս մենակ թողել էս աշխարհում, ասում էր հայրս ու լացում:

Հայրս փոխգնդապետ էր, այսինքն մահից առաջ նշանակեցին փոխգնդապետ, մայրս էնպես է ասում` կարծես վերջին շնչին դա էլ հասցրեց: Միջանցքի մեր պահարանում նրա գլխարկն էր, ուսադիրները... ոսկեփայլ աստղերը առանձնահատուկ էին պսպղում. ինձ նրանք դուր էին գալիս, կարծես այդ ոսկեգույնի մեջ հայրս էր փայլում: Հորս երբեք չէի վերլուծում: Չէի վերլուծում, որովհետև չկար: Սիրում էի մորիցս առավել հենց նույն պատճառով: Մորս պատմած պատմությունները կարագի պես սահուն քսվում էին վրաս: Հետո գրում էի հորս մասին- հերոս, հորս մասին- գեղեցիկ, հորս մասին- ուրիշ: Չեմ թաքցնում՝ ինձ դուր էր գալիս, որ նա պաշտոն ուներ, դուր էր գալիս, որովհետև մորս էր դուր գալիս, դուր էր գալիս, որովհետև ամեն ինչ այլ լույսի ներքո էր. նրան հաջորդած պատմություններն էլ, նրանից հետո եկած ծանր օրերն էլ: Դուր էր գալիս, որովհետև մեծամասնությունն իմ հիշած  օրերի  առանց հովանավորի էի ապրել, ու ինձ  համար հաճելի էր  խոսել այդ պատրանքի մասին, պատկերացնել, թե ոնց կապրեի նրա ապահով հովանու ներքո: Հայրս՝ իր ամեն ինչով, ոչ մի մազ պակաս, սերտաճել էր հետս: Երբ նրա մահվանից շատ տարիներ անց նրա նախարար ընկերներից մեկի մոտ գնացինք՝ մորս համար աշխատանք խնդրելու, այդ մարդու և մեր միջև խոր անդունդ զգացի: Նրա շարժումներում  և հայացքում զգացվում էր՝ մենք կպչուն ենք նրա համար, մենք գալիս ենք մի տեղից, որտեղից նա հեռացել է, և խորշում է ետ նայել մեզ..․ վախենում է, չի ուզում: Առաջին անգամ զգացի հորս, որ կանգնած է այն կողմում, իսկ ես ու մայրս այս կողմում  ենք. մենք տարբեր բևեռներից էինք: Ինձ միշտ թվում էր՝ հորս բոլոր ընկերները կիրթ են ու ազնիվ: Երբ թերթում կարդացի  տվյալ նախարարի հետ հարցազրույցը ... երբ տեսա՝ հայերեն նախադասություն կազմելը նրան ճիգով է տրվում, և ազնվությունն էլ ուժեղ կողմը չէ, կասկածի մի հատիկ ներսումս գլուխ բարձրացրեց: Գուցե ամեն ինչ այնպես չէ, ինչպես ես էի պատկերացնում: Գուցե: Բայց, միևնույն է, հորս մասին մորս պատմությունները միշտ, ամեն օր  հաղթում են. հայրս իր մահով  անմահացրեց իրեն, նա հերոս է՝ իր ամեն ինչով: Եթե պարզվի, որ նրա շուրջը պտտվող ամեն ինչ չար էր ու տգեղ, ես բավականաչափ շատ պատմություններ գիտեմ նրան` լույսի պես մաքուր տեսնելու: Հայրս ջրից միշտ չոր է դուրս գալու, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից ամեն:

Ա.-ն և մնացած հայր ունեցողները տղաների հետ շփումներում  ավելի համարձակ կարող էին լինել, ու իրենց թույլ տալ մի այնպիսի շռայլություն, որը ես չէի կարող - լինել կտրուկ, ասել՝ մի բառ էլ, ու կզանգեմ ախպորս/հորս: Ես ոչ մեկն ունեի, և ոչ էլ ՝ մյուսը, դրա համար տղաների հետ հարաբերություններում ավելի նրբանկատ ու երկար-բարակ էի:

Ամեն անգամ, երբ փողի մասին խոսք էր լինում, մայրս հիշեցնում էր, որ անհայր էրեխա է պահում, երբեմն էլ հեռու էր գնում, ասում՝ ինձ համար յոթ մոմ պետք ա վառես: Ոչ լիարժեք ընտանիքում մեծացող երեխաներից շատերի նման ինձ էլ թվում  էր՝ ես մի օրգան եմ, որը, հնարավորության դեպքում, առանց երկար ախուվախերի կհեռացնեին-ասենք՝ կույրաղիք: Այդ ժամանակ մորս դժվարությամբ, ճիգով էի համբուրում, շրթունքներս մատիտի պես սրում էի, որ համբույրս հպանցիկ լինի. չէի հավատում, որ սիրում է ինձ, զգում էի իմ ծանրությունը նրա կյանքում:

4 տարիների ընթացքում ես ու Ա-ն առաջին նստարանից չտեղափոխվեցինք՝ վերջին: Մենք  վախ չունեինք. թվում էր՝ երկուսով նույն նավակում  ենք: Դասեր կային, որոնց ժամանակ դասախոսները ինչ-որ գրքից  ինչ-որ անհասկանալի բաներ էին թելադրում, ու լավն էն էր` այդ ամենը չէինք գրառում ոչ թե դեմոնստրատիվ, ցույց տալու համար, որ ըմբոստ ենք, այլ պարզապես չէինք ուզում  և վերջ, մեր արածին գնահատական համալսարանն ավարտելուց հետո` շատ ավելի ուշ տվեցինք: Դասախոսի հարցին, թե ինչո՞ւ չեք գրում, պատասխանում էինք՝  գիրքը, որից թելադրում եք, ավելի ուշ կառնենք, տիկին չգիտեմինչյան: Գիրքն առանք, բաժանեցինք երկու հավասար մասի, երկուսս էլ բաժանված գրքից ոչինչ չկարդացինք, քննության օրը սպասեցինք երկար, սպունգի պես ներծծեցինք միջավայրը, ուսանողներին, որ սպասում էին իրենց՝ փողով- ցանկալի հերթին: Ամենավերջում  մտանք լսարան  ու ամեն ինչ տեսածի վստահությամբ սպասեցինք բավարար գնահատականին, որը, մեզ, առանց  ծանոթ-բարեկամի, այդ ոչ տոնական օրը նվիրվեց:

Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը ասում է` երեխան մաքուր գրատախտակ է, որի վրա ինչ ուզեն` կարող են գրել: Ինձ վրա մայրս գրել էր հորս: Թեպետ ես չորս տարի համալսարան տուն ճանապարհին խոսում էի այդ գրածի մասին, իրականում ահավոր ուզում էի ուրիշ ընտանիք ունենալ, մորս` ավելի կանացի, թող գնչուհի լիներ, հայրս էլ կիթառահար, ու թող աղքատ լինեինք, երբ օրվա լույսերը մարեին, թող անլույս լինեինք.... նույնիսկ հիմա՝ գրելիս, ներսս մի տեսակ երգում է, երբ պատկերացնում եմ թիթեռի պես թեթև մորս` հովհարի պես բացվող շրջազգեստներով, հորս՝ ուրախ, ջահել, երաժիշտ... ինձ՝ էնպիսին, ինչպիսին՝ կամ, ու մի բան էլ ավելի իրական, ավելի «ես»: Երբ հասկացա՝ իմ ուզած ընտանիքը ինձ չի կարող որդեգրել, պատկերացրեցի` իբր թոշակառու դերասանների տղայի հետ եմ ամուսնացել, պահարանում հին սպասք ունենք, որը հյուրախաղերից մեկի ժամանակ ահավոր  գայթակղիչ է թվացել սկեսուր մայրիկիս, հիմա դրանով թեյում ենք, և մի ամբողջ երեկո լսում եմ պատմություններ թատրոնի մասին: Իմ երևակայական աշխարհում ամուսինը ընդամենը դետալ էր, միջնորդ, զոհ... ու թեև նույն պնակից էր, բայց, միևնույն է, ավելցուկ էր: Ես չէի պատկերացնում՝ ինչպես մի մարդով կարելի է լցնել այն, ինչը տարիներ շարունակ դատարկ է եղել: Իմ կյանքում մի բան արդեն խեղվել էր: Ցաքուցրիվ էի, անկանոն: Տանը ապրելը դառնում էր ծանր: Մի ժամանակ մորս կարդում էի գրածներս, հետո դադարեցի, որովհետև նա ամեն անգամ նույնն էր ասում՝ որտեղի՞ց քեզ այս մտքերը: Տանը ինձ էմիգրանտ էի զգում:  Կուզեի մորս հետ խոսել հավերժության, անմահության, կորուստի մասին... կուզեի գոնե մեկ անգամ մայրս ձայնիս մեջ որսար անզորությունս, ու երբ նայեր ինձ՝ իսկապես տեսներ ինձ:  Կուզեի հորս մահվան համար մորս առջև գլխիկոր չլինել:

Ա-ի հայրը վարորդ է, իսկ ես ասել էի՝ չէ, վարորդի տղայի հետ չեմ ամուսնանա: Ինձ թվում է` 18ից -20-ի միջակայքում եմ ասել,  հաստատ չեմ հիշում: Ա-ն էլ ամեն անգամ առիթը բաց չէր թողնում վրեժխնդիր լինելու, երբ պատմում էի հորս մասին ասում էր՝ ինչ գիտես, ընդամենը 7 տարեկան ես եղել, չես էլ ճանաչել նրան: Ներսից կարմրում էի, ուզում էի ճչալ, որովհետև ինքդ քեզ խոսոտովանել, ասել՝ այո, գրողը քեզ տանի, դու չես իմացել նրան-այդ հերոսին, հաղթանդամին, ուժեղին, թուլության մեջ գեղեցիկին, ահավոր դժվար է, դա նույնն է, որ ասես -հա, ես որբ եմ:

Հիմա ես ու Ա-ն չենք խոսում, որովհետև ինչ-որ ժամանակ չմտածեցի, որ ողջերը նույնպես հերոսներ կարող են լինել իրենց երեխաների համար: Ա-.ն ասում է՝ դիտավորյալ ասեցիր. չգիտեմ, գուցե... այդ օրվանից հետո շատ ջրեր են հոսել: Ես չեմ արդարանում. ես ունեցա դժբախտություն ունենալու հորս՝ մորս պատմություններում, որ ձեթի պես հոսեց վրաս, ներծծվեց մաշկիս մեջ: Ես դարձա ձանձրալի իմ պատմություններով: Ես դարձա ձանձրալի քո մասին խոսելով, պապ: Իսկ քեզ ոչ մեկ էլ հետ չի բերի, եթե հիմա գաս` նույնիսկ կվախենամ դուռը բացել, որովհետև քո բացակայությամբ ես դարձա այն, ինչ եմ-հիմա:

Մագիստրատուրան շարունակեցինք մայր բուհում: Ա-ի հետ անցկացրած օրերի թեթևությունը չկար, ու, ընդհանրապես, ինձ հանդիպած համալսարանականներից շատերի համար պետ. համալսարանի ուսանող լինելը պանծանք էր, որը  տապանաքարի պես իջել էր նրանց վրա,  դարձրել նրանց ծանր, կեղծ, զառամյալ: Չէ, ոչ թե հպարտություն, այլ պանծանք: Ուսանողների՝վախի հետ շաղախված պատկառանքը, համալսարանը դարձնում էր  հիվանդ՝ անտանելի ծանր շնչառությամբ: Հիշում եմ՝ ինչպես էի դասի ընթացքում ինձ պես՝ նախկինում ոչ պետ. համալսարանական մեկի մազից քաշում, ուղղակի, որ մի բան հիշեմ անցած օրերից, որ մի բան սխալ լինի... ես այդ համալսարանի համար շատ անհանգիստ ու շարժուն էի, ինձ թվում է` շատերը կարծում էին` թքած ունեմ, բավականաչափ լուրջ չեմ, որ մտածեմ վաղվա մասին: Որ չեմ մտածում՝ կարմիր դիպլոմով հղի ժամանակ լուսանկարվելու, լուսանկարը  սոցցանցում դնելու, այն ՝ իմ կյանքի ձեռքբերումները բառերով բնութագրելու  հիանալի հեռանկարի մասին: Ամեն անգամ քննությունից դուրս գալիս նկատում էի ակնկալած առավելագույնից մի բալ ցածր ստացած ասենք Գ.-ի շուրջը հավաքվածներին, որ մխիթարում էին նրան. այդպես է լինում սգի դիցուք երրորդ օրը, երբ այրու շուրջը հավաքվում են  ամուսնացած կանայք, և սփոփանքի  բառեր ասում: Դասախոսի տված գիրքը հաջողությամբ գրավոր վերաշարադրողները (որպես ռեֆերատ) կարող էին հավակնոտ լինել, նրանք դա վաստակել էին. ամեն ինչ հետո էլ էր լավ լինելու, ներկան դա էր խոստանում: Իսկ ինձ՝ ապաշնորհիս, մնում էր արտագրել գրքի բովանդակությունը և սկզբում պարզապես գրել՝ ըստ էսինչ էսինչյանի: Դասախոսներից ոմանք, ասենք՝ ամբիոնի վարիչը,  ցույց էր տալիս իր՝ հնարավորինս երկար ժամանակ անհասկանալի շարադասությամբ, համալսարանի պատերից դուրս վաղուց մոռացված, համալսարանականների պանծանքին համարժեք պանծալի  ձևակերպումներով մշուշոտ մտքեր արտահայտելու կարողությունը: Դասից հետո, եթե մեկը մատը թեթև հպեր ինձ, ապա այն՝ մատը,  առանց արգելքների ամբողջովին ներս  կսուզվեր: Դատարկ էի, չորացած, հիասթափված: Վերլուծել քիչ, մտածել քիչ, քննադատել՝ անվնաս, մի խոսքով, չշեղվել  առաջին հարկում գտնվող այն աշխարհից, որի հետ չգիտես՝ ինչ անել,  բայց մի բան հաստատ է՝ շրջանցել չես կարող:

Դասախոսը պատմում էր երկու գորտերի մասին, որոնք հայտնվել էին կաթով լի կճուճի մեջ, մեկը ոչինչ չէր անում, իսկ մյուսը այնքան է ցատկում, որ կաթը կարագ  է դառնում: Ա-ն հարցնում է՝ իսկ ձեզ այդ պատմությունը ո՞վ է պատմել, գո՞րտը: Ինձ պակասում էին նման հարցերը... ու թեպետ կարծում եմ` ես ու Ա-ն տարբեր  ենք , որ իր չարածներից և արածներից շատ բան ինձ համար անհասկանալի է, որ այսօր իմ իմացած Ա-ն եղած աշխարհին, իմ ընկալմամբ,  կուլ է գնացել, այնուամենայնիվ,  ուզում եմ ասել՝ այն Ա-ն, որը կար մի ժամանակ, ազնիվ էր, ու ամենևին էլ վրեժ չէր լուծել, երբ ասել էր՝ իսկ դու ի՞նչ գիտես հորդ մասին, քեզ նրա մասին ընդամենը պատմել են:

Մեկնաբանություններ (2)

Իռա
Շատ լավն էր..
Գոհար
Հետաքրքիր էր ու խորիմաստ ! ԱՊՐԵՍ !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter