HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյուղապետը հո մենակ չպետք ա գնա նստի գրասենյակում, պետք ա մի քիչ էլ ժողովրդի հոգսերով զբաղվի»

Գայանե Սարգսյան 

Դարպասում 178 հեկտար վարելահողերից մշակվում է ընդամենը 3.5 հեկտարը, այն էլ՝ մեկ վարձակալի կողմից

2018 բնակիչ ու 515 տնտեսություն ունեցող Լոռու մարզի Դարպաս համայնքում քչերն են զբաղվում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Գյուղի 178 հեկտար վարելահողերից մշակվում է ընդամենը 3.5 հեկտարը, այն էլ՝ մեկ տնտեսության կողմից վարձակալական հիմունքներով: 175 հեկտարը մնում է անմշակ կամ ծառայում որպես խոտհարք: Գյուղացիները բավարարվում են տնամերձերը մշակելով, որը կազմում է շուրջ  82 հեկտար:

Որպես հող չմշակելու պատճառ համայնքապետի պաշտոնակատար Աննա Տեր-Մակարովան մատնանշում է դրանց ոչ բերրի լինելը: Գյուղացիները, սակայն, այլ պատճառներ են նշում.

«Դարպասը հող ունի, բայց  չեն մշակում, աշունքը գնում են բազար՝ կարտոլ առնում: Գյուղը մեխանիզացիա չունի, որ հող մշակի կամ ինչ-որ մի բան անի: Ոռոգման ջուր չունենք, դրա համար շատ ենք խեղճանում: Կարկուտը որ գալիս ա տանում, ոչինչ, բա ոռոգման ջրի համար ո՞ւմ ասենք: Գետի ջուրն ով քաշել ա, նա ջուր ունի, բայց գյուղի մեծ մասն անջուր ա»,- ասում է 73-ամյա Սենիկ Մնացականյանը:

Գյուղը Վանաձորի հետ կապող երկու ճանապարհ կա: Երկուսն էլ, սակայն, գտնվում են անմխիթար վիճակում: Ստորին ճանապարհով գյուղացիները հազվադեպ են երթևեկում. Ճանապարհին երկու կամուրջ կա, որոնք ամեն պահի կարող են փլվել: Վերին ճանապարհը, որն անցնում է ժայռերի տակով, չափից դուրս նեղ է: Գյուղացիներն ասում են, որ այն կառուցվել է հետերկրաշարժյան տարիներին արտակարգ դեպքերի ժամանակ արտակարգ ծառայությունների մեքենաների արագ տեղ հասնելու համար:

Այստեղ երկկողանի երթևեկը գրեթե անհնար է: Սրան գումարվում է նաև ժայռերից քարակտորների ընկնելու վտանգը։ Այս ճանապարհին նաև դժբախտ պատահարներ են գրանցվում: Դարպասցիները մինչ օրս ցավով են հիշում մի քանի տարի առաջ գրանցված դեպքը, երբ հայր ու որդու ճանապարհով անցնելու ժամանակ քարակտորն ընկել էր ուղիղ երեխայի գլխին:

«Ճամփեքը թումբուփոս, քարուքանդ են: Ճանապարհ չկա, որ ավտոն գնա-գա, մինչև մի անգամ մեքենան գնում ա քաղաք գալիս, շարքից դուրս ա գալիս: Մեքենայով չես կարում գյուղ մտնես, տաքսին չի գալիս, ավտոբուսներն էլ գալիս, ջարդուխուրդ են լինում»,- ասում է 50-ամյա Ղազար Ավագյանը (գլխավոր լուսանկարում):

Գյուղացիների խոսքով ճանապարհների անմխիթար լինելու պատճառով նախկին երկու ավտոբուսի փոխարեն այժմ գործում է միայն մեկը: Սա նշանակում է, որ նախկին մեկժամյա պարբերականությամբ երթևեկելու փոխարեն գյուղացիներն ստիպված են լինելու սպասել 2 ժամ:

«Ժամանակ առ ժամանակ երկրորդ տրանսպորտն էլ են գիծ գցում, բայց էլի հանում են, որովհետև վարորդը բողոքում է,  որ ճանապարհները շատ վատն են: Իսկ դա հատկապես ուսանողների համար խնդիրներ է առաջացնում»,- նշում է 21-ամյա Տաթև Աբրահամյանը:

Համայնքապետի պաշտոնակատարը վստահեցնում է՝ նախկին գյուղապետը բազմիցս ներկայացրել է  ճանապարհների ու կամուրջների խնդիրը:

«Դիմել ենք կառավարություն, մարզպետարանում ևս տեղյակ են ճանապարհների վիճակից: Այս պահի դրությամբ դեռ ֆինասավորում չկա: - ասում է Ա. Տեր-Մակարովան ու հավելում, - Աստված չանի՝ ինչ-որ դեպք լինի, գյուղը կմնա կտրված, առանց քաղաքի հետ կապի»:

Վերջինս նշում է, որ համայնքի բյուջեի միջոցներով կարողանում են ժամանակ առ ժամանակ հողային հարթեցման աշխատանքեր իրականացնել և ոչ ավելին:

Դարպասի տարեկան բյուջեն 42 մլն 408 հզր դրամ է: Հարցիս՝ ինչպես է ծախսվում համայնքի բյուջեն, համայնքապետի պաշտոնակատարը թվում է.

«Բյուջեից 11 մլն 350 հզր դրամ հատկացվում է գյուղի մանկապարտեզին՝ 650.000-ը՝ հացաբուլկեղեն գնելու, մնացածը՝ որպես աշխատակիցների աշխատավարձ, տնտեսական ու կոմունալ ծախսեր:

Գյուղի կրթամշակութային կենտրոնը, որը գյուղապետարանի ու բուժկետի հետ համատեղ տեղակայվել է մանկապարտեզի շենքում, կազմված է գրադարանից ու դաշնամուրի խմբակից: Կրթամշակությաին կենտրոնի գործունեության համար ծախսվում է 3 մլն 134 հզր դրամ:

Տարեկան շուրջ 2 մլն հատկացվում է անապահով ընտանիքների սոցիալական աջակցության համար, առանձին ֆոնդով 10.000 դրամի չափով աջակցություն է նախատեսված ծնունդերի և 20.000-ական դրամ՝ ընտանիքի անդամի մահվան դեպքում»:

Ինչպես գյուղական համայնքների գերակշիռ մասում, այստեղ ևս համայնքի բյուջեի առյուծի բաժինը ծախսվում է գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձերի վրա: Դարպասի գյուղապետարանի թվով 10 աշխատողների աշխատավարձի ֆոնդը կազմում է 16 մլն 500 հազար դրամ՝ բյուջեի 39 տոկոսը:

Վերը նշված ծախսերը գումարուց հետո պարզում է, որ դեռ մոտ 10 մլն դրամ պակասում է: Հարցիս, թե դա ինչպես է ծախսվում, Ա. ՏԵր-Մակարովան պատասխանում է. «Մենք Վիլիս ունենք, որն սպասարկվում է, գազ է լցվում, լրիվ բաշխված է: Ամեն տարի շրջանավարտներին ենք գումար տրամադրում, անապահովներին դասագրքերի գումար է տրամադրվում»:

Ավելի ուշ պարզվում է, որ գյուղապետին սպասակող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան գնվել է 2011 թ.-ին համայնքի ավագանու որոշմամբ: Ավագանին համայնքի աղքատիկ բյուջեից 6 մլն 240 հազար դրամ է հատկացրել այդ մեքենան գնելու համար: Փոքր չէ նաև մեքենայի պահպանման ծախսի չափը. այս տարվա բյուջեով միայն պահեստամասերի ձեռքբերման համար նախատեսվել է 450.000, իսկ գազալիցքավորման համար 850.000 դրամ: Համայնքապետի պաշտոնակատարի հավաստմամբ դեկտեմբերի 17-ի դրությամբ պահեստամասերի ծախսը կազմել է 330.000, գազալիցքավորմանը՝ 537.650 դրամ:

Հարցիս, թե աշխատակազմից ով ուր է գնում այդ մեքենայով, Ա. Տեր Մակարովան պատասխանում է, թե գյուղապետն է դրանով գնում արտերը, նաև մարզպետարան է գնում, եթե պետք է լինում, աշխատակազմի աշխատողներն էլ են դրանով երթևեկում: Բյուջեով այլ՝ ասենք նորոգման, բարեկարգման աշխատանքներ չե՞ն արվում: Զարմացական հարցիս ի պատասխան պաշտոնակատարն ասում է.

«Աղբահանություն ենք կատարում համայնքնում 1մլն 600 հազար դրամի չափով: Վերջին մեկ տարում աշխատանքներ չենք իրականացրել, քանի որ գումար չենք ունեցել: Մյուս տարիներին մի հատվածում սելավատար ենք կառուցել, կանգառներ ենք տեղադրել»:

Գյուղի փողոցներում իրականացված փոքրիկ հարցախույզի ընթացքում գյուղապետարանի աշխատանքին վերաբերող հարցերին գյուղացիների մեծ մասը խուսափողական պատասխաններ է տալիս:

70-ամյա Լենա Ավետիսյանը, ով գյուղում մենակ է ապրում, նախ դժգոհում է իր ու դարպասեցու վիճակից.  «Տուն չունենք, տեղ չունենք, աշխատանք չկա, ժողովուրդը ցաքուցրիվ գնացել են ուրիշ երկրներ: Մեր երեխեքը ինչի՞ չեն Հայաստանում: Սոված-ծարավ սրա նրա դռներն են ընկած»:

Ապա վերադառնում է գյուղի խնդիրներին.«Փողոցները բարելավեին, լույս էղներ, հողերը ցանվեին: Գյուղապետը հո մենակ չպետք ա գնա նստի գրասենյակում։ Պետք ա մի քիչ էլ ժողովրդի հոգսերով զբաղվի»:

Դարպասում առաջիկայում  համայնքապետի արտահերթ ընտրություններ են, իսկ գյուղապետարանում  դեռ ապագայի անելիքներն են նախանշում՝ կոյուղագծերի անցկացում, ճանապահների նորոգում, անձրևաջրատարերի կառուցում, փողոցային լուսավորության ապահովում… Դրանք իրականացնելու պարտավորություններն ըստ ամենայնի բաժին կհասնեն նոր գյուղապետին:

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
Էդ փոքր գյուղում գյուղապետարանի 10 աշխատողն ի՞նչ են անում: Բացի տեղեկանք տալուց ու ընտրություններին ձայն հավաքելուց: Սրանից էլ բոլոր դժբախտություններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter