Վանաձորի «Ավտոգեն Մ» ընկերությունը ռուբլու արժեզրկման պատճառով չի կարողանում վճարել աշխատավարձի պարտքը
Գոհար Մովսիսյան
Արդեն երկրորդ օրն է, ինչ Վանաձորի «Ավտոգեն Մ» գործարանի աշխատակիցները հավաքվում են գործարանի տարածքում՝ սպասելով իրենց աշխատավարձերի պարտքերի մարմանը: Վերջիններիս խոսքով՝ իրենց տրամադրվում է ընթացիկ տարվա վերջին ամիսների աշխատավարձը, մինչդեռ նախորդ տարվանից 4 ամսվա աշխատավարձ այդպես էլ չեն ստացել:
«Մեր բողոքն էն ա, որ «Ավտոգեն Մ»-ի ժողովուրդը 2014թ.-ից մինչև հիմա 4 ամիս ոչ մեկը փող չի ստացել: Արդեն մի տարի ա անցել, և ոչ մեկ ոչ մի բան էլ չի անում: Էդ ա մեր հարցը, մեր բողոքը դա է, որ էդ փողերը մենք ստանանք»,- ասում է գործարանում որպես կարգավորող աշխատող Համլետ Բուլղադարյանը:
Գործարանի աշխատակիցների խոսքով՝ աշխատողների մեծ մասը տարեսկզբից այլևս չի աշխատում, սակայն վերջնահաշվարկ այդպես էլ չեն ստացել, իսկ աշխատողների գերակշիռ մասն էլ աշխատում է միայն այն ժամանակ, երբ իրենց կարիքը լինում է, ասել է թե՝ ամսվա մեջ 4-6 օր մոտավորապես: «Ասում են էսօր եկեք, վաղը մեք գա, եկեք, մեք գա, տենց ա կարգը»,-դժգոհում է գործարանում որպես փորձարկող աշխատող Սերգեյ Անտոնյանը:
«Հարցն այն է, որ այդ չորս ամիսը աշխատել ենք ծանրաբեռնվածությամբ, արտադրանքը տեղափոխվել է, վաճառվել, բայց մեզ համար գումար չկա: Անցած տարվա հունվարի 1-ից էլ աշխատանքից ազատված ենք մեծամասամբ, ո՛չ վերջնահաշիվ կա, ո՛չ սկզբնահաշիվ կա, ո՛չ արձակուրդ, ո՛չ բուլետեն, իսկ սեպտեմբեր, հոկտեբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին էլ՝ բացառությամբ մի քանի հոգու, աշխատավարձ չենք ստացել: Մեր պահանջը միայն անցած տարվա փողերն ա: Քիմգործարանը 17 տարի ա, ոչ մի կոպեկի արտադրանք չի տվել, բայց մարդիկ իրանց աշխատավարձը ստացան, իսկ մենք արտադրանք տվել ենք, բայց չենք ստանում»,-դժգոհում է նախկին էլեկտրոմոնտյոր Սերոբ Մարգարյանը:
Գործարանում հավաքված աշխատակիցներին լսել, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանել չցանկացավ գործարանի բաժնետերերից Աշոտ Մելիքյանը, իսկ գլխավոր ինժեներ Կարեն Գրիգորյանը աշխատակիցների հետ զրուցել ցանկացավ դռնփակ՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության՝ վերջիններիս մուտքը սենյակ արգելելով հետևյալ արտահայտությամբ. «Եթե եկել եք էս հարցը լուծելու, ասեմ, որ դուք դա չեք կարա անեք»:
Շուրջ մեկ ժամ տևած բանակցություններից հետո աշխատակիցները հեռացան նույն անորոշությամբ ու խոստումներով, ինչ մեկ տարի առաջ: «Ոչ մի որոշում էլ չունեն, սպասում են. ռուսականը երբ կբարձրանա, էն ժամանակ էլ կտան, էդ էլ եսիմ երբ կբարձրանա, կարող ա տասը տարի հետո ա բարձրանում»,-պարզաբանեց գործարանի աշխատակից Սերգեյ Անտոնյանը:
Իսկ գործարանի գլխավոր ինժեներ Կարեն Գրիգորյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ աշխատավարձերի պարտքը կուտակվել է ռուսական ռուբլու արժեզրկան պատճառով: «Մեր բոլոր պայմանագրերը ռուսական ռուբլով է, մենք մեր ապրանքը արտահանում ենք Ռուսաստան, մեր ինքնարժեքը բոլորը հաշված ա 13 կուրսով, էն ժամանակ ասենք 1 մլն ռուսական էր գալիս, դառնում էր 13 մլն դրամ, հիմա դառնում է ուղիղ կեսը՝ 6.5 միլիոն դրամ, էն կեսը օդում կորչում է, այ դրանից է ամեն ինչ առաջանում: Ու Հայաստանում մենակ մենք չենք, արդեն համարյա 20 հազար արտահանող հիմնարկ էս վիճակին ա ու փակվել ա»:
Գործարանի գլխավոր ինժեները մեզ հետ զրույցում չցանկացավ նշել գործարանի աշխատակիցների թիվը և վերջիններիս աշխատավարձի պարտքի ընդհանուր չափը՝ ասելով. «Դե ես հաշվապահ չեմ, որ ձեզ էդ թվերն ասեմ»: Փոխարենը նշեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի գործարանն աշխատի: «Մենք փորձում ենք, որ աշխատենք, չենք ուզում ժողովրդին կորցնենք, ես էստեղ արդեն 35 տարի ա աշխատում եմ, էս կոլեկտիվի հետ կյանք ունենք ապրած»,-ասում է Կ. Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է գործարանի հետագա գործունեությանը և կուտակված պարտքերի մարմանը, ապա, ըստ ամենայնի, ամեն ինչ կախված է ռուսական տարադրամի փոխարժեքից: Եթե Ամանորից հետո ռուբլին քիչ թե շատ կայունանա, գործարանը կշարունակի արտադրանք թողարկել և վճարել աշխատակիցներին, վատագույն դեպքում կդիմեն դատարան՝ սնանկության ճանաչման նպատակով, որից հետո արդեն գործարանի գույքի վաճառքից գոյացած գումարով էլ կմարեն աշխատակիցների աշխատավարձերի պարտքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել