
Դժվարությունները հիասթափեցրել են սիրիահայ ընտանիքին
Դիանա Ղազարյան
«Մինչ պատերազմի սկսվելը ամեն ինչ հանգիստ և բարվոք էր: Գործերներս լավ էր, մեզ համար կապրեինք: Կուզեինք Հայաստան գալ շրջելու, արձակուրդ անցկացնելու: Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց»,- պատմում է հալեպահայ Կարապետ Դավոյանը:
Պատերազմ էր, ռմբակոծումներ, բազամթիվ դժվարություններ, բայց շարունակում էին ապրել Հալեպում։ Ամեն ինչ փոխվեց, երբ Կարապետի որդին՝ տասնյոթամյա Հակոբը, ռումբի պայթունից վիրավորվեց: Վնասվեցին տղայի թոքը, լյարդն ու ողնաշարը: Բժիշկները հորդորեցին Հալեպից հեռանալ: 2014-ի օգոստոսին Կարապետը, կինն ու երկու զավակներն արդեն Երևանում էին: Երկու տարի է անցել, բայց Հակոբը դեռ անկողնային հիվանդ է: Սպասում են պարկելախոցերը լավանան, որ «Կարմիր Խաչ» ֆիզիոթերապիայի տանեն:
«Եկանք Հայաստան, իմ Մասիսին մոտիկ: Տուն վարձակալեցինք: Սկզբնական հինգ ամիսների ընթացքում Հակոբը մնում և բուժվում էր հիվանդանոցում: Լավ է, որ գոնե սփյուռքի և առողջապահության նախարարությունները տղայիս բուժման ողջ ծախսերը վճարեցին: Ամեն ամիս էլ տան վարձի համար այլ ընկերություն է 60 հազար հատկացնում»,-ասում է Կարապետը:
Վեց ամիս առաջ նրանց է միացել նաև Կարապետի եղբայրը՝ Հովհաննեսը, ընտանիքի հետ միասին: Հուլիսին եղբայրների հետ նա հիմնադրել է «Կարօ և Յովիկ» վարսավիրանոցը: Նույն անունով վարսավիրանոց իր գերդաստանը յոթանասուն տարի ունեցել է Հալեպում: Մինչ հիմա Հալեպում նրանց վարսավիրանոցն ու տունը պահպանվում է։ Վարսավիրանոցը պատերազմական գործողությունները սկսվելուց հետո չեն կարողացել աշխատացնել, հաճախորդ չկար։
Մինչ Հայաստան գալը չեն իմացել այստեղի դժվարությունների մասին: Խոստովանում է՝ մինչ այժմ չեն հարմարվել:
Օրենքի չիմացության պատճառով հարկային ծառայության հետ խնդիր են ունեցել: Վարսավիրանոցը գրանցելիս չեն իմացել, որ եթե երկու աշխատանքային աթոռ ունես, պետք է երկու աշխատող էլ գրանցես: Իրենք գրանցել են մեկին և 110 հազար դրամ տուգանվել:
«Գնացի հարկայինի պետի մոտ: Արդեն ակտը գրել էին: Աղաչեցի՝ չեղարկեն: Բացատրեցի, որ պատերազմից ենք եկել, երեխաս վիրավոր է: Ես մեկ կոպեկի կարոտ եմ: Այս անգամ ներող եղիր: Չներեց: Պետք է էս ձև չլիներ: Սիրիայում եթե խախտում ես անում, զգուշացնում են, որ այսինչ օրենքը խախտել ես: Եթե կրկին խախտես, տուգանքդ կավելանա և արդեն ստիպված կլինես վճարել»,- պատմում է Կարապետը:
Նա ասում է, որ ժողովուրդը շատ է օգնել իրենց։ Տաքսու վարորդները երբ իմացել են Սիրիայից եկած են, գումարը չեն վերցրել: Սակայան նա չի մոռանում իրենց տուգանած պաշտոնյային։ «Այն հարկայինի մարդը ներող չեղավ: Կյանքում իրեն չպիտի ներեմ»,- ասում է Կարապետը:
Դավոյանները չեն ուզում մնալ Հայաստանում։ Ասում է՝ շատ դժվարություններ կան այստեղ: Չեն հասցնում տան, վարսավիրանոցի վարձերը մարել, վճարել հարկային մուծումները: Շատ ընկերությունների, պետական մարմինների է դիմել, օգնություն խնդրել: Սկզբում Կարմիր խաչն է սնունդ տվել, հիմա օգնությունը միայն տան վարձն է։
«Առաջին հնարավորության դեպքում ես էլ կցանկանամ Հայաստանից ձգեմ, երթամ: Ափսոս, բայց.. : Մեկնելու համար դեռ որևէ տեղ չեմ դիմել, բայց հաստատ կդիմեմ: Ցանկանում եմ ընտանիքիս հետ Կանադա մեկնել: Եղբորս ընտանիքը դեռ չի որոշել՝ գալու՞ է, թե՞ ոչ: Բայց ես որոշած, վերջացրած եմ: Նորից ափսոս կասեմ, որ մարդ իրա հայրենիքը պետք է թողնի, գնա այլ երկիր: Այստեղ ամեն ինչ թանկ է, կյանքը թանկ է: Չենք կարող հասցնել: Շատ էի ցանկանում մնալ. սիրուն երկիր, սիրուն ժողովուրդ է»,- ասում է Կարապետը:
Կարապետ Դավոյանը որոշել է Կանադայում ևս վարսավիրանոց հիմնել․ մտածում է, որ դրանով կկարողանան ապրել։
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել