HY RU EN

Բազմամետաղներ կորոնեն Վարդենիս և Քաչալսար լեռների փեշերին

«Գեոմայնինգ» ՍՊԸ-ն պատրաստվում է որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնել Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում: Այն ընկած է Վարդենիս և Քաչալսար լեռների փեշերին: Որոնողագնահտողական աշխատանքների տարածքը զբաղեցնում է 18.32 կմ2 մակերես: Հանքային գոտին խորքում հետախուզելու նպատակով նախատեսվում է հորատել 10 հորատանցք 100-180 մ խորությամբ:

«Գեոմայնինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012թ.-ին: Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, ունի երկու բաժնետեր՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի (նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի») և Աշոտ Հարությունյանը:

Նախագծի բնապահպանական մասում նշվում է, որ հանքերևակման շրջանում հանդիպում են ողնաշարավոր կենդանիների ավելի քան 220 տեսակ. բեզոարյան այծ, հայկական վայրի ոչխար, գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, քարակաքավ, բազմաթիվ ճնճղուկազգիներ, ձկներից կարմրախայտ, կոդակ:

Գիշատիչ թռչուններից են սև և սպիտակագլուխ անգղերը, գառնանգղր, քարարծիվը, սև ճուռակը: Շատ են սողունները՝ օձեր (գյուրզա, շահմար) և մողեսներ:

Որոնողագնահատողական աշխատանքների ընթացքում բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վտանգը մեծ չէ, սակայն եթե հայտնաբերվեն բավականաչափ պաշարներ և սեփականատերերը որոշեն շահագործել հանքավայրը, բնապահպանական լուրջ ռիսկ կլինի կարմիր գրքում գրանցվծ բուսական և կենդանական աշխարհի համար: 

Երևակմանն ամենամոտ գյուղը Գետիկվանքն է, որը գտնվում է համանուն գետակի ձորահովտում: Գետիկավանքը մտնում է Վարդահովիտ համայնքի կազմի մեջ: Վարդահովիտի համայնքապետ Սամվել Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հանրային լսումներ եղել են, և համայնքն արդեն տվել է համաձայնությունը:

«Բնակչությանը, կարելի է ասել, հուզող հարցեր չեն եղել: Բնակիչներն ուրախ են եղել աշխատատեղերի ստեղծման համար: Խոստացան, որ ուսումնասիրության ժամանակ տեղի բնակիչներից աշխատողներ կվերցնեն, բանվորական աշխատուժի տեղ ունեն»,-ասաց Սամվել Գևորգյանը: 

Ըստ գյուղապետի, տարածքը շատ բարձր է՝  ընկնում է գյուղատնտեսական այլ հողերի կամ հեռագնաց արոտավայրերի տարածքում, որը գրեթե չի օգտագործվում:   

«Գեոմայնինգ» ՍՊԸ-ն արդեն իսկ ուներ 2012-2015թթ. երկրաբանական ուսումնասիրության լիցենզիա, սակայն գյուղապետի խոսքով, չեն իրականացրել ուսումնասիրություններ: Սկսելու են 2016թ. գարնանից: