HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աճուրդ-դրամահավաք Վանաձորի տնակային ավաններում ապրող ընտանիքներին օգնելու համար

Տաթեւիկ Ղազարյան

Վանաձորի տնակային ավաններում բնակվող ընտանիքների կարիքներն ինչ-որ չափով հոգալու համար իրականացվում է «Օգնենք իրար» նախաձեռնությունը: Նախաձեռնության շրջանականերում դեկտեմբերի 22-ին կազմակերպվեց նաեւ աճուրդ-դրամահավաք: Աճուրդի էին դրված ձեռքի աշխատանքներ եւ վանաձորցի գեղանկարիչների կտավները:

Գեղանկարիչ Վահան Շահբազյանը մեկն է այն 8 արվեստագետներից, ովքեր իրենց նկարները նվիրել են նախաձեռնությանը. «Ես 2 գեղանկար եմ նվիրել: Ուրախ կլինեմ, որ վաճառվեն, մասնակցեմ բարեգործությանը եւ աջակցեմ կարիքավորներին»:

«Բոլոր նկարներն իրականում ավելի թանկ արժեն, քան մենք առաջարկում ենք, քանի որ սա բարեգործական տոնավաճառ է: Նկարները մենք վաճառում ենք եռակի ու քառակի էժան,- մեզ հետ զրույցում ասաց «Օգնենք իրար» նախաձեռնության հեղինակ Մարգարիտա Կոծինյանը: Ապա հավելեց, որ վանաձորցիներն ակտիվ մասնակցություն չունեցան. «Ակտիվությունն այն չէ, ինչ ես սպասում էի, որովհետեւ հույս ունեի, որ եթե բարեգործական է, անապահովների համար է, պետք է ավելի ակտիվ լինեն: Ցավոք սրտի, այդ ակտիվությունն այսօր չեղավ: Մեր նախաձեռնությունն ունի 3 փուլ, սա վերջին փուլն է, սակայն այն շարունակական կլինի»:

Վանաձորի համայնքի ավագանու անդամ Արթուր Օհանյանը կարեւորեց նախաձեռնությունը՝ միաժամանակ հավելելով, որ տնակային պայմաններում ապրող ընտանիքներն ավելի շատ ունեն ուշադրության եւ աջակցության կարիք. «Նմանատիպ նախաձեռնություններն առհասարակ գովելի են: Մեր համայնքում այսպիսի նախաձեռնությունները մարդաշատ չեն լինում, բայց անկախ ամեն ինչից՝ մեր հասարակության մեջ կան երիտասարդներ, որոնք անհատական նախաձեռնությամբ հանդես են գալիս եւ փորձում են սառույցը տեղից շարժել: Մենք հասկանում ենք, որ օրհասական խնդիրներ ունեն տնակային ավաններում ապրող եւ՛ ընտանիքները եւ այդ ընտանիքներում մեծացող երեխաները: Հասկանում եմ՝ մի օրվա, մի շաբաթվա խնդիր ենք լուծում, բայց անտեսել այդ խնդիրները ճիշտ չեմ համարում»:

Աճուրդ-դրամահավաքն այսքանով չի ավարտվում, այն տեղափոխվում է օնլայն հարթակ: Աճուրդի ներկայացված կտավներն ու ձեռքի աշխատանքները ցանկացողները կարող են ձեռք բերել մինչեւ դեկտեմբերի 25-ը: Իսկ հավաքված ամբողջ հասույթը տրամադրվելու է Վանաձորի տնակային ավաններում բնակվող 5 ամենաանապահով ընտանիքներին, որոնք ունեն նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter