HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

230,000 ծառ Հայաստանում ու Արցախում՝ 2015թ.-ին. «Էյ Թի Փի»-ն ծառ է տնկում

Ներկայացնում ենք «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հաղորդագրությունն ամբողջությամբ:

Մինչ Փարիզում աշխարհի 195 երկրների ղեկավարներ բանակցում էին գլոբալ կլիմայական փոփոխությունների շուրջ նոր համաձայնագիրը, Հայաստան Ծառատունկ Ծրագիրն («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) ամփոփում էր ևս մեկ հաջողված տարի՝ գնահատելով բազմաթիվ կամավորների և տեղի բնակիչների հետ հազարավոր ծառեր տնկելու համատեղ ջանքերը:

2015 թ.-ի ավարտին «Էյ Թի Փի»-ն տնկել է 229,322 ծառ՝ այսպիսով տնկված ծառերի քանակը հասցնելով 4,952,642-ի՝ սկսած 1994 թ.-ին Քերոլին Մյուգարի կողմից կազմակերպության հիմնադրման օրվանից:

Այս տարի իրականացված ծառատունկերի մեջ առանձին կարևորություն ունեին այն տեղամասերը, որոնք ընտրվել էին «Կենաց դար» նախաձեռնության շրջանակներում: Այսպես, 10 նոր համայնքային անտառներ ստեղծվեցին՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Հայոց Ցեղասպանության հետևանքով կորսված Պատմական Հայաստանի մարդկանց ու համայնքներին: Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում տնկված նոր անտառները զբաղեցնում են ընդհանուր 27 հեկտար, կամ որ նույնն է՝ ֆուտբոլի շուրջ 27 դաշտի տարածք՝ արդեն ավելի քան 13,000 նորատունկ ծառերով:

«Էյ Թի Փի»-ի «առաջամարտիկը»՝ Համայնքային Ծառատունկ Ծրագիրն այս տարի կանաչապատել է 11 համայնքներ՝ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում: Համայնքային բնակչության հետ համատեղ՝ ծառ ու թուփ է տնկվել բազմաթիվ եկեղեցիների, հուշակոթողների, այգիների, դպրոցների ու հիվանդանոցների տարածքում:

«Մեր առաքելության առանցքում  է նաև նոր տնկված ծառերի միջոցով աղքատության նվազեցումը»,- նշում է «Էյ Թի Փի»-ի փոխտնօրեն Արթուր Հարությունյանը: «Այս տարի հազարավոր պտղատու ծառեր ենք տրամադրել համայնքներին՝ ներառյալ Արցախի այն գյուղերը, որտեղ հայրենադարձ սիրիահայերն են վերաբնակեցվել: Այս տարին բացառիկ էր պտղատու ծառերի տված արդյունքի տեսանկյունից. համայնքների բնակիչները ստացել են ավելի քան 473,000 կիլոգրամ միրգ՝ ներառյալ ծիրանը, դեղձն ու տանձը»,- մանրամասնում է նա:

Համայնքային ծառատունկից զատ, պտղատու ծառեր, թփեր ու մշտադալար ծառեր են տրամադրվել Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն և Այգեպար գյուղերի բնակիչներին: Այստեղ ծառերը բաշխելու հարցում «Էյ Թի Փի»-ն համագործակցել է Հայ Օգնության Ֆոնդի հետ:

Այս տարի կանաչապատվել է նաև Արցախի Մարտունի քաղաքը՝ մասնավորապես, «Երևանի» նորաստեղծ այգին:

«Էյ Թի Փի»-ի Անտառվերականգնման բաժնի համար տարին ևս հագեցած էր. ավարտին էր հասցվում Միխայլովկա, Ստեփանավան գյուղերում ընդարձակ անտառների տնկումը, ստեղծվում էին նոր անտառներ՝ Կողեսում և Տաշիրում: Միայն այս աշնան ընթացքում Անտառվերականգնման թիմը՝ հարակից գյուղերի մոտ 100 բնակիչների հետ միասին, տնկել է ավելի քան 143,000 ծառ: «Այստեղ մեր ժամանակավոր աշխատակցիները հարակից համայնքներից եկած ընտանիքների խմբեր էին, ընկերներ, ամուսիններ: Նրանք, միանալով մեր աշխատանքին, միաժամանակ նպաստում են «Էյ Թի Փի»-ի մեր գլխավոր նպատակներից մեկին՝ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելուն և սեփական հողի հանդեպ հանձնառություն սերմանելուն», - ընդգծում է Անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանը: 

«Ծառ տնկելը մեզ համար ավելին է, քան միայն եկամտի աղբյուրն ու աշխատանքը: Մենք այժմ նաև սեփական բարիք ստեղծելու համար ենք այստեղ. մեր երեխաներն են այստեղ խաղալու, երբ մեծանան: Բացի այդ, ես եկել էի տեսնելու, արդյո՞ք աճել են նախորդ տարի տնկածս ծառերը… իսկ դրանք, իսկապես, աճել են: Միայն այսօր ես տնկեցի 220-ից ավելի ծառ», - իր ոգևորությունն էր կիսում նոյեմբերին ծառատունկին միացած Արևիկ Մխիթարյանը՝ Միխայլովկա գյուղի 30-ամյա բնակչուհին:

Բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպություններ են միացել «Էյ Թի Փի»-ի ծառատունկերին՝ իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում: «Ասիական զարգացման բանկը, Անելիք բանկը, Բիբլոս բանկը, Սինոփսիս Արմենիան, «Ըրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ն, ի թիվս այլ կազմակերպությունների, ֆինանսավորել են ծառատունկեր և ծառերի խնամքի աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով սեփական աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին: Ծառատունկերին մասնակցել են նաև դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, և մենք հաջորդ տարիներին առավել մեծ ոգևորությամբ ենք շարունակելու այս ավանդույթը»,- նշում է Արթուր Հարությունյանը:

«2016 թ.-ին «Էյ Թի Փի»-ն նախատեսում է ընդլայնել տնկարանային իր գործունեությունը՝ 4-րդ տնկարանի ստեղծմամբ ընդգրկելով Հայաստանի հարավը:  Այս տարի ձեռք ենք բերել ընդարձակ հողատարածք Վայոց ձորի մարզում՝ Հայաստանի գինեգործական այս տարածաշրջանում մեր չորրորդ տնկարանը հիմնելու նպատակով», - առաջիկա նախագծերն  է ներկայացնում Արթուր Հարությունյանը: «Այս տնկարանը մեզ թույլ կտա հարավ հասցնել և՛ ավելի մեծ քանակությամբ, և՛ տեղի բնակլիմայական պայմաններին առավել համապատասխան տնկիներ: Բացի այդ, կստեղծվեն նոր աշխատատեղեր և տեղական տուրիզմի զարգացման նոր հնարավորություններ: Առաջիկա ամիսների անելիքների մասին նոր մանրամասները՝ շատ շուտով», - խոստանում է Հարությունյանը:

«Էյ Թի Փի» ԲՀ-ն հիմնադրվել է 1994 թ.-ին: Մինչ օրս բարեգործական հիմնադրամը տնկել է ավելի քան 4,9 միլիոն ծառ, հիմնել է 3 տնկարան և 2 բնապահպանական կրթական կենտրոն, կանաչապատել է գյուղեր, քաղաքներ, եկեղեցիներ, ստեղծել է այգիներ և կանաչ գոտիներ՝ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում: Այս ընթացքում կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական նշանակության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղացիների: Կազմակերպությունը վերջերս մեկնարկել է «Կենաց Դար» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով հիշատակել Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter