HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցիները ավտոկայանատեղում կայանելու համար տուրք չեն վճարի»

Գայանե Սարգսյան

Դեկտեմբերի 23-ին նշանակված Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ինչպես վանաձորցիների, այնպես էլ քաղաքի լրագրողների ու հասարակական կազմակերպությունների շրջանում: Հետաքրքրության հիմնական պատճառը օրակարգում ընդգրկված տեղական տուրքերից մեկով դրույքաչափ սահմանելուն վերաբերող հարցն էր: Ավագանու ներկայացված նախագծով առաջարկվում էր ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանել տեղական տուրք հետևյալ դրույքաչափերով. յուրաքանչյուր ժամվա համար՝ 100, 1 օրվա համար՝ 500, մեկ շաբաթվա համար՝ 1000, մեկ ամսվա համար՝ 2200, մեկ տարվա համար 12000 դրամի չափով:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը Սամվել Դարբինյանը հանդես եկավ հայտարարությամբ:
«Նախքան օրակարգի քննարկումը ես ուզում եմ մի շատ պարզ բան ասել: Չգիտեմ ով, ոնց, ինչ դիվիդենտներ է ուզում հավաքել, բայց Վանաձորի քաղաքապետն ու հատկապես ավագանին երբեք չի ցանկացել, որ Վանաձորում կարմիր գծեր անցկացվեն: Խոսքը գնում է օրենքի մասին: Օրենքով նախատեսվում է, որ եթե Վանաձորում կամ ընդհանրապես որևէ համայնքում ավտոկայանատեղեր կան, պետք է տուրք սահմանվի: Տուրք սահմանողն էլ, քաղաքում ավտոկանգառների տեղերը նշանակողն էլ ավագանին է: Քաղաքապետարանը միայն իրավասություն ունի օրենքը ներկայացնի ավագանուն: Այսինքն՝ օրենքով տրված է, որ յուրաքանչյուր գործունեության համար պետք է ավագանին տուրք սահմանի, իսկ տվյալ դեպքում նաև տեղեր: Քաղաքապետարանը առաջարակել է տուրք սահմանել, ավագանին կարող է և սահմանել, և չսահմանել,- նշեց Ս. Դարբինյանը, հավելելով,-վճարովի ավտոկայանատեղերի մասին օրենքը արդեն երկու տարի է գործում է, մենք նախորդ տարի էլ գրեցինք որպեսզի տուրք սահմանենք, ավագանին չսահմանեց:Այս տարի նույնպես մենք իրավունք ունենք դնելու, որովհետև եթե մենք օրենքի կետը չենք կատարում, դրա համար մենք պատասխանատվության կարող ենք ենթարկվել»:
Ավագանու անդամներից մի քանիսի առաջարկով քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Մարինե Գալստյանը ներկայացրեց հարցի իրավական կողմը:
«Նշված տուրքի սահմանումը ունի որոշակի առանձնահատկություն: Դա դեռ չի նշանակում, որ առհասարակ ցանկացած ավտոմեքենա ցանկացած տարածքում կայանելիս պետք է գանձվի տուրք: Դա որոշակի գործընթաց է ենթադրում: Այսինքն՝ տուրքը նախատեսվելուց հետո ավագանին պետք է որոշում կայացնի և սահմանի այն վայրերը, որտեղ թույլատրվում է կազմակերպել ավտոկայանատեղի, այնուհետ անհրաժեշտ է սահմանել նաև ավտոկայանատեղի կազմակերպման կարգ, որից հետո նոր միայն որոշվում է, արդյո՞ք ավտոկայանատեղերի կազմակերպումը տեղի է ունենում համայնքի միջոցներով, թե դա կարող է փոխանցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Ավագանու որոշմամբ այն կարող է դրվել նաև մրցույթի՝ գնումների մասին օրենքին համապատասխան»:
Ավագանու անդամներից ոմանք հանդես եկան տուրքատեսակն ընդհանրապես տեղական տուրքերի ցանկից հանելու, իսկ ոմանք էլ տուրքատեսակի դրույքաչափը 0 սահմանելու առաջարկով: Ու ներկաների մոտ առաջ եկավ հաջորդ հարցը. իրավական տեսանկյունից ի՞նչ տարբերություններ կան առաջինի ու երկրորդի միջև:
«Եթե 0 է, որևէ մեկը որևէ վայրում մեքենա կանգնեցնելու համար որևէ վճար կատարելու պարտավորթւոյւն չունի, իսկ եթե տուրքի տեսակը որպես այդպիսին հանվում է, դրույքաչափ չունեք, հարցը չի կարգավորվում»,- նշեց իրավաբանը:
«Հայաստանի ոչ մի համայնքում դեռ ավտոկայանտեղերի տուրք սահմանված չէ…Կարմիր գծերի օրենք որ ասում ենք, ոչ մի տեղ գրած չի կարմիր գծերի օրենք: Այդ կարմիր գծեր բառը ոչ մի տեղ չկա: Եթե ընդունում ենք տուրքը, մենք կատարում ենք առաջին քայլը, որից հետո պետք է այդ տուրքի հավագաքրումը հանձնենք ինչ-որ մի կազմակերպության, որովհետև քաղաքապետարանը չի կարող… Վանաձորում կա 14 000 ավտոմեքենա: Այդ մեքենաների համար եթե սահմանվի տարեկան 12 000 դրամ տեղական տուրք, մեր քաղաքացիներից տարեկան կգնա 150 մլն դրամ: Այսօրվա սոցիալական պայմաններում դա ինձ թվում է, ոչ մի ձևով հնարավոր չի…»,- նշեց ավագանու անդամ Արմեն Մատինյանը, ում խոսքն ընդհատելով, քաղաքապետն ասաց.
«Պարոն Մատինյան, մեկ րոպե: Մենք չենք ասում հաշվարկներ կատարեք և Կիկոսի պատմության օրը գցեք: Ներկայացրել ենք ավագանուն, հիմա ավագանին կարող է ասել այո կամ ոչ»:
«Պարոն Դարբինյան, Կիկոսի պատմությունը չի: Ձեր տված թղթերի թվերի հիման վրա եմ ասում»,- հակադարձեց ավագանու անդամը:
Ավագանու անդամ Արթուր Օհանյանն առաջարկեց տուրքատեսակն ընդհանրապես հանել.
«Առաջարկում եմ ընդհանրապես տուրքը որպես այդպիսին հանել և մեր ազգաբնակչությանը հայտարարել, որ մեր համայնքում ավտոկայանատեղերի տուրք չի սահմանվում և կարող են անվճար կայանել,- նշեց նա իր և գործընկերների անունից խոստանալով,- մենք հասկանում ենք, որ այսօր մեր ազգաբնակչության մոտ սոցիալական վրդովմունք կա, որ որոշակի խնդիրներ ունենք բյուջեի հետ կապված: Իմ և իմ գործընկերների անունից խոստանում ենք, որ 2016-ին կանենք ամեն ինչ, որ մեր բյուջեն ավելի էֆեկտիվ աշխատի»:
Ավագանու անդամ Հայկազ Մովսիսյանն առաջարկեց սահմանել 0 դրույքաչափ:
«Ոչ թե 0-ական սահմանել, այլ հանել, որովեհտև այս տուրքը պարտադիր տուրք չէ, հայեցողական տուրք է և մենք ենք որոշողը»,- ճշգրտեց Ա. Օհանյանը:
Շուրջ 40 րոպե տևած բուռն քնարկման արդյունքում Վանաձորի քաղաքապետը հարցը դրեց ավագանու քվեարկության: Նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ տուրքատեսակն ընդհանարպես հանվեց ցանկից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter