HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալյուրի ֆորտիֆիկացիայի հնարավոր ռիսկերը

Վարդան Գասպարյան, ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ կ․գ․թ․ 

Ֆոլաթթու

Ֆոլատն առաջին անգամ անջատվել է սպանախից 1941 թվականին և ստացել է իր անվանումը լատինական folium բառից, որը նշանակում է տերև: Իրականում ֆոլատը դա տետրահիդրոֆոլատի և նրա ածանցյալների հավաքական անվանումն է: Այս միացությունները պատկանում են B վիտամինների շարքին և մասնակցում են այն ռեակցիաներին, որոնք, մասնավորապես, ապահովում են ԴՆԹ-ի և ամինաթթուների սինթեզը: Այս վիտամինը լայնորեն տարածված է բուսական աշխարհում՝ մասնավորապես բույսերի կանաչ զանգվածում: Ֆոլատը դիտարկվում էր որպես արդյունավետ միջոց անեմիաները բուժելու համար: Հետագայում մկների վրա փորձերը ցույց տվեցին, որ այս վիտամինի բարձր դոզաները նպաստում են կենդանիների կրծքի քաղցկեղի ռեգռեսիային: Դրանից ոգևորված հետազոտողները փորձեցին օգտագործել այս պրեպարատը լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման համար: Սակայն հետազոտողների սպասումները չիրականացան: Ավելին, պարզվեց, որ պրեպարատը արագացնում է լեյկեմիայի զարգացումը: Այսինքն ստացվում էր, որ արագ աճող բջիջներին անրաժեշտ է ֆոլատ, որպեսզի այդ աճն ապահովվի: Դրա հիմքում հետագայում դրվեց հակաֆոլատային թերապիայի գաղափարը՝ քաղցկեղի դեմ պայքարելու համար, և մինչև օրս այդ մոտեցումը լայնորեն կիրառվում է: Բուժման իմաստը կայանում է ֆոլատի քանակը միջավայրում պակասեցնելու մեջ և այդ միջոցով արգելակել քաղցկեղային բջջիջների զարգացումը: Այս եղանակի կիրառումը առաջացնում է լեյկեմիայով հիվանդ երեխաների մոտ լրիվ ռեմիսիա:

Սակայն հետագա հետազոտությունները և էպիդեմիոլոգիական տվյալները ցույց տվեցին, որ այլ է ֆոլատների դերը նորմալ հյուսվածքներում: Մասնավորապես, այդ տվյալները ցույց են տալիս, որ ֆոլատի դեֆիցիտը նորմալ հյուսվածքներում մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկերը:

1965 թ բացահայտվեց կապը ֆոլատների դեֆիցիտի և պտղի նյարդային խողովակի արատների հետ: Մի շարք հետազոտություններից պարզվեց, որ հղիության ժամանակ ֆոլատների օգտագործումը բերում է նյարդային խողովակի արատների կտրուկ պակասեցման: Եվ շատ զարմանալի է, որ հենց այս վերջին հանգամանքը հաշվի առնելով ԱՄՆ, Կանադան և մի շարք այլ երկրներ 1996 թվականից սկսեցին ոչ թե ֆոլատների թիրախային կիրառումը ռիսկային խմբերում, այլ ալյուրի պարտադիր ֆորտիֆիցացիայի ծրագիրը, որը շարունակվում է մինչ օրս: Եվ, քանի որ բնական ֆոլատները անկայուն միացություններ են, ալյուրը ֆորտիֆիկացնում էին ֆոլատի սինթետիկ նմանակով՝ ֆոլաթթվով: Այս ծրագրի կիրառումը բերեց նրան, որ ԱՄՆ-ում և Կանադայում կարճաժամկետ ավելացավ կոլոռեկտալ քաղցկեղի քանակը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Եվ հայտնվեցին հետաքրքիր մեկնաբանություներ, որ դա պայմանավորված չէ նոր քաղցկեղի զարգացման դեպքերով, այլ դա ֆոլատի հայտնի էֆֆեկտների հետևանքն է նախաքաղցկեղային բջիջների վրա: Այսինքն մեջ են բերվում և՛ կլինիկական, և՛ նախակլինիկական հայտնի փաստերը, որ ֆոլատները արագացնում են քաղցկեղի զարգացումը, և կասկածի տակ չի դրվում, որ մարդկանց որոշակի խմբերի մոտ մեծանում է քաղցկեղի զարգացման ռիսկերը: Դրան կարելի է ավելացնել նաև այն, որ ֆորտիֆիկացիայի ծրագրի իրականացումը բացի նյարդային խողովակի արատների քանակի պակասից ոչ մի այլ դրական օգուտ չի տալիս այլ հիվանդությունների դեպքում: Եվ այդ իմաստով պարտադիր ֆորտիֆիկացիան առաջացնում է ավելի շատ հարցեր, քան տալիս հստակ պատասխաններ նրա նպատակահարմարության մասին:

Երկաթ 

Մարդու օրգանիզմը պարունակում է 3.5-4.5 գ երկաթ, որի զգալի մասը գտնվում է արյան մեջ:  Երկաթը հանդիսանում է տարբեր սպիտակուցների և ֆերմենտների բաղադրամաս և այդ իմաստով նա  ունի բազմաթիվ ֆունկցիաներ: Հասկանալի է, որ երկաթի դեֆիցիտը իր հետ կբերի մի շարք խանգարումեր, որոնց քննարկումը դուրս է այս հոդվածի շրջանակներից: Փորձենք հասկանալ, թե ինչը կարող է առաջացնել այդպիսի դեֆիցիտ: Ներկայումս համարվում է, որ մոտ 2 մլրդ մարդ այս կամ այլ կերպ տառապում է երկաթի դեֆիցիտից:  Կարող են լինել մի քանի պատճառներ, որոնք առաջացնում են անեմիա: 1. Սննդակարգը չի պարունակում բավարար չափի երկաթ: Դա հիմնականում նկատվում է մարդկանց այն խմբերի մոտ որոնց սննդակարգը հիմնականում բուսական է: 2. Սննդակարգը պարունակում է բավարար քանակի երկաթ, սակայն այն չի յուրացվում: Հիմնականում յուրացվում  է  ընդհանուր երկաթի 5-10%.: Երկաթը սննդակարգում գոյություն ունի երկու ձևով՝  հեմային և ոչ հեմային: Հեմային երկաթը դա մսի մեջի երկաթն է, իսկ ոչ հեմային երկաթը բուսական երկաթն է:  Հեմային երկաթի յուրացումը կազմում է 15-35%, իսկ բուսական ոչ հեմային երկաթի  կլանումը հաճախ 10%-ից ցածր է:  Վերջին տիպի  երկաթի յուրացումը խթանվում է վիտամին C-ով և արգելակվում է  կալցիումով, թեյով, սրճով և այլն:

3. Երկաթի կորուստներ, որոնք չեն կոմպենսացվում սննդակարգով: Սովորական մարդկանց մոտ այդ կորուստները կազմում են օրական  մոտ 1 մգ, որը կազմում է  երկաթի ընդհանուր քանակի  մոտ  0.025% : Սեռահասուն տարիքի կանանց մոտ, ելնելով նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, կորուստների  թիվը որոշակիորեն մեծանում է: Երկաթի զգալի կորուստներ կարող են տեղի ունենալ  արյան զգալի կորուստների ժամանակ և մի շարք պարազիտային ինֆեկցիաների դեպքում: Համարվում  է, որ երկաթային անեմիաների մոտ 50%  պայմանավորված է հենց այդպիսի ինֆեկցիաներով: Որոշ էնդեմիկ ռեգիոններում  անեմիաների 73% պայմանավորված է այդ պարազիտային ինֆեկցիաներով:

Ալյուրի ֆորտիֆիկացիան Հայաստանում ենթադրում է նաև երկաթի ավելացում  և պետք է հասկանալ թե ինչ պոտենցիալ օգուտներ և ռիսկեր կան այս ծրագրում

  1. Հայտնի չէ, թե Հայաստանում բնակչության քանի տոկոսն է տառապում երկաթա-դեֆիցիտային անեմիայով, և, որը մի գուցե ավելի կարևոր է, հայտնի չէ, թե որ տոկոսի մոտ է այդ անեմիան առաջնային՝ այսինքն պայմանավորված երկաթի դեֆիցիտով սննդակարգում:
  2. Հասկանալի է, որ ալյուրին ավելացվելու է ոչ հեմային երկաթի աղեր, որոնք մի կողմից բավականին տոքսիկ են, ակտիվ փոխազդում են ալյուրի մյուս կոմպոնենտների հետ՝ մոդիֆիկացնելով նրանց, իսկ մյուս կողմից, այս երկաթի յուրացումը բավականին ցածր է և պետք է օգտագործվեն երկաթի շատ բարձր կոնցենտրացիաներ,  որպեսզի ապահովվի նրանց բավարար յուրացումը:
  3. Ինչպես և ֆոլաթթվի պարագայում, այս դեպքում էլ կան ռիսկային խմբեր, որոնց մոտ կարող է զարգանալ անեմիա: Սակայն բոլորի սննդակարգում այդ բարձր քանակի երկաթը կարող է առաջ բերել մի շարք պրոբլեմներ: 

Օրգանիզմի հագեցումը երկաթով  առաջացնում է մի շարք լուրջ պրոբլեմներ, որոնցից կարելի թվարկել միայն երկուսը:

Վերջին ժամանակներում կատարված հետազոտությունները, որոնք տպագրվել են շատ հեղինակավոր ամսագրերում, ցույց են տալիս երկաթի կենտրոնական դերը կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման գործում, և հեղինակները նշում են որ երկաթը կարող է խթանել  քաղցկեղը՝ ակտիվացնելով լիպիդների պերօքսիդացիան: Գրեթե կասկած չկա որ հեմոխրոմատոզը  նպաստում է լյարդի քաղցկեղի զարգացմանը:

Բացահայտ է կապը երկաթի և բակտերիալ ինֆեկցիաների միջև: Հայտնի է, որ օրգանիզմի հագեցումը երկաթով  մեծացնում է նրա զգայունությունը տարբեր ինֆեկցիաների նկատմամբ: Մասնավորապես մայրական կաթի բակտերիոստատիկ հատկությունները պայմանավորված են լակտոֆերին սպիտակուցով, որը կապում է ավելցուկային երկաթը՝ արգելակելով մանրէների զարգացումը: Լակտոֆերինի հագեցումը երկաթով մեծացնում է ինֆեկցիաների զարգացման վտանգը:  Եվ այդ փաստը իհայտ էր եկել աֆրիկյան երկրներից մեկում, որտեղ իրականացվում  էր ալյուրի ֆորտիֆիկացիայի ծրագիրը:  Երեխաները, որոնք ստանում էին ավելցուկային երկաթ, մահանում էին մալարիայից:

Վերջաբանի փոխարեն

Ցանկացած ֆորտիֆիկացիոն ծրագիր ենթադրում  է, որ ամբողջ ազգաբնակչությունը ունի միանման դիետիկ պահանջներ, մի  տեսակետ, որը չի դիմանում քննադատության: Հասկանալի է, որ տարիքից, սեռից, գործունեության որորտից կախված այդ պահանջները պետք է լինեն տարբեր: Հասկանալի է, որ աճող օրգանիզմների սննդակարգը պետք է էականորեն տարբերվի հասուն մարդկանց սննդակարգից, և այդ իմաստով դժվար է պատկերացնել, թե ինչպես ֆորտիֆիկացիան կարող է դրական ազդեցություն ունենալ ամբողջ ազգաբնակչության վրա: Այդ նյութերը փաստացի հանդիսանում են դեղամիջոցներ և ֆորտիֆիկացիոն ծրագրերը փաստացի ստիպում են ազգաբնակչությանն օգտագործել այս դեղամիջոցները :

Մեկնաբանություններ (6)

Արթուր Ստեփանյան
Ակնհայտ է, արտասհամանի ծրագիր է որը ազգի հիվանդացնելու նպատակ ունի, պետության համապատասխան վարկավորման դիմաց: ԱԱԾ -ն անհապաղ պետք է զբաղվի, բայց փոխարենը .......
Գայանե
Հետքի հարգելի՛ խմբագրակազմ, ինչու՞ Ձեր կայքում հրապարակվող գիտական հոդվածների հեղինակներից չեք պահանջում գրականության ցանկ: Լավագույն գիտնականի կողմից հեղինակված գիտական հոդվածն անգամ աղբյուրներին հղումների կարիք ունի: Հասկանալի է, որ Հետքը գիտական կայք չէ և ձգտում է հանրամատչելի տեղեկատվություն հաղորդել, բայց բացարձակապես առանց որևէ հղման նման հոդվածներ հրապարակելն ընթերցողի նկատմամբ անպատասխանատու է: Հետգրություն Որպես օրինակ` «Լակտոֆերինի հագեցումը երկաթով մեծացնում է ինֆեկցիաների զարգացման վտանգը: Եվ այդ փաստը իհայտ էր եկել աֆրիկյան երկրներից մեկում, որտեղ իրականացվում էր ալյուրի ֆորտիֆիկացիայի ծրագիրը: Երեխաները, որոնք ստանում էին ավելցուկային երկաթ, մահանում էին մալարիայից»: Ո՞ր երկրի մասին է խոսքը, և պնդումը հիմնավորող ի՞նչ հետազոտություն կա:
Վարդան Գասպարյան
Արթուրի համար Ես կարծում եմ դավ էր գտնել պետք չէ: Սա պարզապես սովորական բիզնես ծրագիր է: Մի թիվ ասեմ միայն Միայն ԱՄՆ-ում սննդային հավելումների շուկան կազմում է 40 մլրդ դոլար: Այնպես, որ այստեղ կան զուտ տնտեսական շահեր: Գայանեի համար Հարգելի Գայանե եթե ունեք ցանկություն ես կարող եմ ուղարկել Ձեզ բազմաթիվ հոդվածներ այս թեմայի վերաբերյալ, որոնք տպագրվել են հեղինակային միջազգային ամսագրերում
Կարին
Պրն. Գասպարյան, շնորհակալություն հոդվածի եւ ձեր խոսքը հանրայնացնելու համար: ԳԱԱ աշխատակցի հեղինակած գրությունը, այդուհանդերձ, ենթադրում է հղումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչի մասին նշում է Գայանեն եւ ես՝ որպես շարքային ընթերցող, համամիտ եմ նրա հետ: Այդ հղումները բնավ չունեն ձեր խոսքն առավել հեղինակավոր դարձնելու նպատակ այս որոշակի դեպքում, այլ պարզապես ակադեմիական գրության անհրաժեշտ պայման են: Շնորհակալություն:
Գոհար
Շատ շնորհակալություն հարգելի պարոն Վարդան Գասպարյան ձեր հոդվածի համար։ Գայանեին Երկաթի հավելումների և մալարիայի ռիսկի աճի մասին կարող եք կարդալ օրինակ ստորև հղվող հոդվածում։ Մի փոքրիկ մեջբերում․ The main causes of anemia worldwide were attributable to 3 syndromes: iron deficiency (iron deficiency anemia, hookworm, and schistosomiasis), hemoglobinopathy (sickle cell disorders and thalassemia), and malaria. Coexistence of iron deficiency and malaria as top causes of anemia in sub-Saharan Africa highlight the paradox for anemia control in such regions, insofar as iron supplementation might increase malaria risk. Stevens GA, Finucane MM, De-Regil LM, et al. Global, regional, and national trends in haemoglobin concentration and prevalence of total and severe anaemia in children and pregnant and non-pregnant women for 1995-2011: a systematic analysis of population-representative data. The Lancet. Global health. 1(1): e16-25. DOI: S2214-109X(13)70001-9. http://legacy.labroots.com/user/publications/detail-search/ipi/Pubmed/id/25103581/title/global-regional-and-national-trends-in-haemoglobin-concentration-and-prevalence-of-total-and-severe-anaemia-in-children-and-pregnant-and-non-pregnant-women-for-1995-2011:-a-systematic-analysis-of-population-representative-data.
Գոհար
Հարգելի ադմին, իմ գրած նախորդ մեկնաբանության մեջ սխալմամբ այլ հղում եմ դրել։ Եթե դժվար չէ, խնդրում եմ փոխարինել այն այս մեկով։ Sant-Rayn Pasricha. Anemia: a comprehensive global estimate. BLOOD, 30 JANUARY 2014. VOLUME 123, NUMBER 5. http://www.bloodjournal.org/content/bloodjournal/123/5/611.full.pdf?sso-checked=true Կանխավ շնորհակալությամբ և ամանորյան բարեմաղթանքներով՝ Գոհար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter