
«Օղիների գործով» նոր դատական հայցեր Սամվել Ալեքսանյանի ընկերությունների դեմ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դարձյալ հայտնվել է տհաճ իրավիճակում. «մեղավորը» կրկին օղիներն են: Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» և «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունները դատական գործընթաց են սկսել պատգամավորի ընտանիքին պատկանող «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների դեմ: Երկու ընկերություններն էլ պահանջում են «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին արգելել օգտագործել ապրանքային նշանը:
Հայցադիմումները ներկայացվել են հոկտեմբերի 14-ին և լսվելու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ տարբեր դատավորների վարույթում:
Ավելի վաղ՝ 2014թ. նույն պահանջով դատարան էր դիմել նաև «Վի Այ Վեդա Ինվեսթմենթ Լիմիթեդ» ընկերությունը, որի դատաքննությունը շարունակվում է:
Այս վիճակում հայտնվելը Սամվել Ալեքսանյանի համար նորություն չէ: Տարիներ շարունակ տնտեսվարողները և ոլորտով զբաղվող պատկան մարմիններն արձանագրում են, որ պատգամավորի ընկերությունները օգտագործում են ալկոհոլային խմիչքներ արտադրող հայտնի ընկերությունների ապրանքային նշանները և սեփական արտադրանքը իրացնելու նպատակով մոլորության մեջ գցում հայ սպառողներին: Ստացվում է, սպառողը գնում է ընդամենը նույն կամ շփոթության աստիճան նման «արտասահմանյան» պիտակ, որը փակցված է «արտասահմանյան» շշի վրա, սակայն շշի մեջ ոչ թե արտասահմանյան, այլ հայկական օղի է՝ արտադրված «Ալեքս Գրիգ» կամ «Ա և Գ» ընկերությունների կողմից:
Պետական ապարատն անզոր է պատգամավորի դեմ
«Վլաքթոր Թրեյդինգ Լիմիթիդ»-ը առաջին անգամը չէ, որ դատական վեճ է ունենում «Ալեքս Գրիգ»-ի հետ: Դեռևս 2008թ. դեկտեմբերի 18-ին ընկերությունը հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի՝ ընկերության ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին: Սակայն 2009թ-ին ընկերության ներկայացուցիչը հրաժարվել էր հայցապահանջից և գործի վարույթը կարճվել էր:
Նշենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունում «ԶԵԼՅՈՆԱՅԱ ՄԱՌԿԱ» ապրանքային նշանը գրանցել է «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը: Սամվել Ալեքսանյանի ընկերությունները սեփական արտադրանքն իրացնելու նպատակով օգտագործում են «Зеленая МЕТКА» ապրանքային նշանը, որը տառային, գունային և պատկերային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են «Վլաքթոր Թրեյդինգ Լիմիտեդ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Зеленая МАРКА» անվանումով ապրանքային նշանի տառային, գունային և պատկերային համադրություններին:
ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը դեռևս 2009թ. նոյեմբերի 5-ին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքով վարույթներ էր հարուցել «Մանուկյան և գործընկերներ» ՍՊԸ դիմումի հիման վրա, որը օղու արտադրությամբ զբաղվող ռուսական մի քանի ընկերությունների` մտավոր սեփականության հարցերով շահերի ներկայացուցիչն է Հայաստանում: Ըստ դիմումի՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունը արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերության արտադրած օղիների ապրանքային նշաններին: Տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել և ենթակա են պահպանման նաև Հայաստանում:
Հանձնաժողովի ռուսական «Պառլամենտ գրուպ» և «Պառլամենտ դիստրիբյուշն» ընկերությունների և «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող և վիճարկման առարկա հանդիսացող ապրանքանիշերի հնարավոր շփոթության աստիճանի նմանության հանգամանքը պարզելու նպատակով ուղարկել էր փորձաքննության: Փարձաքննությունը հաստատել էր, որ «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող օղիների ապրանքային նշանները և ռուսական ընկերությունների կողմից վիճարկվող ապրանքային նշանները՝«Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ» և «Բուֆետնայա Տրադիցիա», գրաֆիկական և իմաստային առումով շփոթության աստիճան նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին:
Հանձնաժողովն «Ալեքս Գրիգ» ընկերության վերոհիշյալ վարքագիծը որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն և յուրաքանչյուր դեպքի համար տուգանել 500 հազար դրամով` ընդհանուրը 1,5 մլն դրամ: «Ալեքս Գրիգ»-ին հանձնարարվել էր 10-օրյա ժամկետում դադարեցնել և հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը և մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:
Պետական մարմնի միջամտությունը արդյունք չտվեց և 2010թ. «Ալեքս Գրիգ» ընկերության դեմ հարուցվեց ևս 7 վարչական վարույթ: Ընկերության նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամ տուգանք՝այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:
Իսկ 2007թ. ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն և «Իմիջ հոլդինգ» ընկերության տնօրեն Ա. Գուսակը դիմել էի ՏՄՊՊՀ-ին: Այդ ժամանակ Սամվել Ալեքսանյանի «Սալեքս Գրուպ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող «Խլոպցի» անվանումով օղու արտաքին ձևավորումը (շիշը, խցանը եւ պիտակները) գործնականում ամբողջությամբ նմանեցված է եղել «Իմիջ հոլդինգ» ընկերության կողմից արտադրվող և իրացվող «Խորտիցա» անվանումով արտադրանքի արտաքին տեսքի տարբերակիչ առանձնահատկություններին: Հանձնաժողովը տուգանել էր «Սալեքս Գրուպ» ընկերությանը:
Պարզվում է այսօր էլ Սամվել Ալեքսանյանը նույն գործելաոճն է որդեգրել և ստացվում է, որ պետական մարմիններն անզոր են նրա դեմ:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը դեռևս 2012թ. հուլիսի 10-ի ասուլիսում լրատվամիջոցներին ասել էր, որ «Ալեքս Գրիգ» ընկերության բոլոր արգելված օղիները շրջանառությունից հանել է, ընդ որում՝ առգրավել է ոչ միայն պատրաստի արտադրանքը, այլև արտադրության ռեսուրսները՝ շշերը, խցանները, պիտակները, արտադրության միջոցները: ԴԱՀԿ պետի հայտարարությունից որոշ ժամանակ անց արգելված օղիները նորից հայտնվել էին Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում:
Ընկերությունը «գտել» էր շրջանցելու ձևը և արգելված օղիների շշի պիտակի վրա վրա փոխել էր ընդամենը արտադրողի անունը: Արգելված օղիներն արտադրվում էին «ԱԳ» ընկերության անունից, իսկ դրանից հետո արտադրողը դարձել էր «Ա և Գ» ՍՊԸ-ն, որը նույնպես Սամվել Ալեքսանյանինն է: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված ԴԱՀԿ-ն շրջանառությունից չէր հանել «նոր» օղիները:
Ովքե՞ր են հայցվոր ընկերությունները
Պատգամավորի ընկերության դեմ դուրս եկած «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում և մի շարք դատական գործերի մեջ է հայտնվել:
Օֆշորային գրանցում ունի նաև «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերության բաժնետեր «PASALBA LTD» ընկերությունը: «PASALBA LTD»-ը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ: Դեռևս 2008թ. ընկերությունը գնել է ռուսական խմիչքների արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերությունների բաժնեմասեր:
«PASALBA LTD» ընկերությունը ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ 250 մլն դոլարի խոշոր գործարք կնքել է նաև 2014թ-ին:
«Վի Այ Վեդա Ինվեսթմենթ Լիմիթեդ» ընկերությունը ևս օֆշորային ընկերություն է, գրանցված է Կիպրոսում: Ընկերությունը դարձյալ զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ:
«Պառլամենտ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն գրանցված է Ռուսաստանում՝ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում: Ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին՝ 323 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով: «Պառլամենտ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն մատուցում է տարբեր տեսակի ծառայություններ՝ գովազդային, ամսագրերի հրապարակման, հյուրանոցային և ռեստորանային, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների մեծածախ և մանրախախ վաճառք:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել