HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմությունը կրկնվում է. Գուգարքում անօթևան է դարձել վեց ընտանիք

Գոհար Մովսիսյան

Օֆելյա Եգանյանը մեկն է Լոռու մարզի Գուգարք գյուղական համայնքի Էներգետիկների փողոցի երրորդ հարթակի փայտե երկհարկանի տնակի բնակիչներից, որ դեկտեմբերի 22-ի վաղ առավոտյան բռնկված հրդեհից հետո դարձել է անօթևան: Տիկին Օֆելյան այստեղ ավելի քան տասը տարի է ապրել: Տղային ու աղջկան ամուսնացնելուց հետո միայնակ էր բնակվում, բայց երեխաները հանգստյան օրերը միշտ այստեղ էին անցկացնում: Երկհարկանի տնակում բնակվում էին 6 ընտանիքներ։
«Առավոտը շուտ արթնացել եմ, որ պատրաստվեմ իմ գործին գնամ, 8-ին 15-20 պակաս դուրս եկա, գնացի իմ աշխատանքին: Հասել եմ իմ գործի տեղը՝ 10 րոպե չեղած, հետևիցս հարևանուհիս զանգել ա, թե շտապ հասիր, տունդ այրվում ա: Եկել եմ, տեսա հրշեջ- մեքենաներ են կանգնած, ուզեցի մտնեմ տուն, որ գոնե մի բան կարողանայի հանեի, թեկուզ մի հագուստ, թույլ չտվեցին, որ ներս մտնեմ…Առավոտը թողել եմ դուրս եկել տանից, եկել եմ և ոչ մի բանից տեղյակ չեմ՝ ինչից ա եղել հրդեհը»,-կատարվածի մասին պատմում է տիկին Օֆելյան:


Պատահածի մասին սարսափով է պատմում նաև նույն տնակի մեկ այլ բնակիչ՝ Գոհար Այվազյանը: Տարեց կնոջն ու վերջինիս թոռներին բառացիորեն հարևանի տղան է փրկել: «Մենք քնած ենք եղել՝ թոռներիս հետ: Մեկ էլ հանկարծ տենամ էս մեր հարևանը դուռը, պատուհանը ջարդում ա, թե վեր կացեք, վեր կացեք: Թոռս վեր թռավ՝ տատ ասավ ձեն ա գալիս, մտիկ արեցի տենամ պաժառ»:

Տիկին Գոհարի պատմությունն այստեղ ավարտվում է, նա ուշագնաց էր եղել:
«Հլա լավ ա թոռներս չվառվեցին, վույ Աստված ջան, թոռներս բա որ… ես ջհանդամ, թող ես վառվեի, բա թոռներս… Դոմիկ էր էլի, վեր ինք ընգե մեզ հմար, գլխի չլանք, թե ինչ կատարվեց, ինչ էլավ: Էհհհ: Զուլում ա էլի: Էս ինչ կրակ էր: Խելքս գլուխս էլ չի գալի ինչ անեմ, ոնց անեմ, ուր գնամ, դվորը գնամ, էս ձմեռվա կիսրին ուր տենք գնա: Ու՞ր գնամ, մենձ կնիկ, թափառաշրջիկ եմ դառել»,-ասում է Գոհար Այվազյանը։


Օֆելյա Եգանյանը, սակայն, ավելի ծանր է տանում ոչ թե տնակի, այլ գույքի կորուստը: Կենցաղային գրեթե բոլոր իրերը վարկով նոր էր ձեռք բերել։ Ասում է՝ անգամ օգտագործել չէր հասցրել: «Չեմ կարողացել իմ եղածից ոչ մի բան հանել, ոչ մի բան չկարողացա փրկեմ, էդքան գույք եմ առել վարկով. լավ խոլ էի վերցրել, գոնե մի անգամ չէի էլ օգտագործել, ասում էինք, որմ ենք տնակում ենք ապրում, բայց ոչինչ չի նշանակում, տանն ինչ պետք էր, ամեն ինչ էլ ունեինք: Ամեն ինչը վարկով ստեղծեցի, բայց չօգտագործեցի, մնացինք էսպես դռանը: Միայն էս հագուստով եմ մնացել, հիմա ոչ մի տեղ չունենք, ոչ մի օթևան չունենք, բարեկամի տանն եմ գիշերել, բայց դե դա գիշերել չի, որ ես գիշերել եմ, ամբողջ գիշեր էդ հրդեհը աչքիս առաջին ա եղել»:

Դեկտեմբերի 22-ի հրդեհը անջնջելի հետք է թողել նաև հարևանների սրտերում: Ավելին՝ ինչպես իրենք են ասում՝ դեռ չէին հասցրել թոթափել նախանցած տարվա գրեթե նույն ժամանակաշրջանի հրդեհի վախը, երկրորդ անգամ նույն սթրեսին ենթարկվեցին: «Ներկա դրությամբ իմ էրեխեքս էլ են շատ վախեցած, ահավոր, էս էլ երկրորդ տնակն ա, որ իրանց աչքի առաջին այրվմ ա: Իրանք փոքր են, փոքրը 2.5 տարեկան ա, մեծը՝ 7 տարեկան: Ուղղակի էրեխեքը շատ վախեցած են: Տատիկ, պեչկը մի վառի, մամա պեչկը մի վառի, պաժառ կնգնի, էս կեղնի, էն կեղնի»,-պատմում է տուժողների հարևան Սոֆյա Գրիգորյանը:

Հրո ճարակ դարձած երկհարկանի փայտե տնակը, որի «բախտին» 2013թ.-ին ևս մեկ տնակ էր արժանացել, Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանի պատմելով կառուցվել էր 1988թ.-ի երկրաշարժից հետո՝ Լոռու մարզի «Փամբակ» ՓԲԸ-ի աշխատակիցների համար:Տարիներ անց նշված երկու և ևս չորս փայտե երկհարկանի տնակները հանձնվել են համայնքին, որն էլ որպես ժամանակավոր կացարաններ բնակության է տվել համայնքի անօթևան բնակիչներին: 

«Էս տնակները հիմնականում ժամանակավոր կացարաններ ա, բայց դե արդեն իրանց ժամկետը վաղուց ի վեր անցել ա, բայց դե տեղ չունենալով, հնարավորություն չունենալով, որ տուն առնենք, ստիպված մարդը այսպիսի տեղեր բնակվել ա, հիմա էլ էս փաստի առաջին կանգնեցինք, մնացինք դրսում՝ ձմեռվա էս պահին»,-ասում է Օֆելյա Եգանյանը:
Անօթեւան մնացած վեց ընտանիքները այժմ հարազատների տներում են ապաստանել:

«Մեզ գյուղապետարանից ասեցին, որ մի կարճ ժամանակով դուք մի կացարան վարձեք, մենք կվճարենք, մինչև որ տեսնենք՝ ինչ կարող ենք անել ձեզ համար: Դե ինչքան կարելի ա բարեկամի տանը մնալ. մեծ ընտանիք են իրենք, ես չեմ կարող երկար մնալ, հիմա մնացել ենք էսպես…մի տուն կվարձեմ երևի կամ չգիտեմ, արդեն չեմ էլ կարողանում կողմնորոշվել՝ ինչ պիտի անենք»,-նշում է Օֆելյա Եգանյանը:
Գուգարքի ավագանին որոշում է կայացրել, համաձայն որի՝ կփոխհատուցի հրդեհից տուժած ընտանիքների բնակարանների վարձակալության 2-3 ամսվա գումարը:

«Մարզպետը կառավարություն կդիմի, տեսնենք ինչ միջոցներ կձեռնարկեն կառավարությունում: Ուղղակի տարվա վերջ ա, տեսնենք կառավարությունը կհասցնի ինչ-որ մի բան անի, թե կփոխանցվի հաջորդ տարի: Դե փոխանցվի էլ ոչինչ, ես մեր բնակիչների էդ նեղ պայմանները կհոգամ՝ որպես համայնքի ղեկավար, մինչև տեսնենք կառավարությունը ինչ կանի»,-ասում է համայքապետ Աշոտ Աշուղյանը:
Աչքի առաջ ունենալով նախանցած տարվա փորձը՝ Գուգարքի համայնքապետը հավատացած է՝ կառավարության աջակցությունը շատ չի ուշանա: «Նախկինը շատ կարճ տևեց, կառավարությունը ընդառաջեց, կարճ ժամանակում կարողացավ օգնել բնակիչներին:

Բարերարներն էլ, մեր Հայաստանի բնակչները, մեր դրսի հայ մարդիկ իրենց աջակցությունը ցուցաբերեցին՝ որը հագուստով, որը գումարով, բոլորը աջակցեցին»,-հիշում է Աշոտ Աշուղյանը:
Դեռևս հնարավոր չէ ասել, թե որն է եղել հրդեհի առաջացման պատճառը, հայտնի է միայն, որ տնակային այս ավանի բոլոր բնակարանները ջեռուցվում են փայտե վառարաններով, սակայն հրդեհի բռնկման պահին բնակիչներից շատերը արթուն չեն էլ եղել:

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հրաչյա Մարգարյանի խոսքով՝ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայտնի է նաև, որ թեև Գուգարքի Էներգետիկների փողոցի երրոդ հարթակի հինգերորդ տնակը հնարավոր չի եղել փրկել, բայց հրշեջ-փրկարարների տևական աշխատանքի շնորհիվ հաջողվել է կրակից պաշտպանել կից տնակը, որն ընդամենը 50-60 սմ հեռավորության վրա է գտնվում այրվող տնակից, ինչպես նաև ևս մեկ փայտաշեն տնակ, որի հեռավորությունը 4-5 մ է եղել:

Այժմ Գուգարքի տնակային այդ ավանում նախկին 6-ի փոխարեն կանգուն է 4 երկհարկանի տնակ: Էներգետիկների փողոցի երրորդ հարթակի տնակներում բնակվողներին մի հարց է տանջում՝ ի վերջո ինչ ճակատագիր է սպասվում մնացած տնակների բնակիչներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter