
Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների սովորողներով գործատուներն արդեն հետաքրքրվում են
Գայանե Սարգսյան
«Եթե մենք պատրաստ լինենք առաջարկել լուծումներ աշխարհի բիզնեսներին, ապա նրանք Հայաստանին կնայեն ոչ թե որպես երկիր, որտեղ պետք է բարերարություն անել, այլ որպես երկիր, որտեղ կարող են գտնել ամենաամբիցիոզ լուծումները՝ իրենց բիզնեսների համար»:
Շուրջ 5 ամիս է` Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում ընթացքի մեջ են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրավորման ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի դասընթացները (վեբ ծրագրավորում, մոբայլ ծրագրավորում, համակարգչային ճարտարագիտություն):
Ներկայումս անվճար հիմունքներով իրականացվող դասընթացներին Գյումրիում մասնակցում է 205, Վանաձորում ՝ 160 մարդ: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը սա լուրջ ցուցանիշ է համարում:
«Ամիսներ առաջ քննարկում էինք՝ արդյո՞ք կկարողանանք ամսական 10-20 մասնագետ պատրաստել: Այսօր խոսքը վերաբերում է ամեն քաղաքում շուրջ 200 մարդու մասին, և սա միայն սկիզբն է,- ասում է նա ու վստահեցնում,- 2016թ. հուլիսին մենք կունենանք 1000-ական մասնագետ Գյումրիում ու Վանաձորում»:
Անդրադառնալով իրականացվող ծրագրի հեռահար նպատակներին՝ Բ. Ենգիբարյանը մատնանշում է Հայաստանը տարածաշրջանում տեխնոլոգիական միջավայր դարձնելու գաղափարը, երբ Հայաստանն աշխարհին ցույց կտա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտի լուծումներ ու մշակումներ:
Որպես ծրագրի իրականացման հաջող օրինակ ՁԻՀ-ի տնօրենը բերում է մեկուկես տարի առաջ բացված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի օրինակը.
«Կենտրոնում այսօր ընդհանրապես տեղ չկա: Դա մի միջավայր է, որտեղ ունենք նորաստեղծ ու գործող կազմակերպությունններ: Մի բան մեզ հաջողվեց, որը, ես կարծում եմ, ամենակարևորն էր: Կարողացանք կազմակերպություններ ձևավորել ոչ միայն Գյումրիից, այլեւ Երևանից ու արտասահմանից բիզնեսներ տեղափոխվեցին Գյումրի՝ աշխատանքի վերցնելով տեղացիներին»:
Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար ՁԻՀ-ում երկու մարտահրավեր են կարևորում՝ կադրերի ու վերապատրաստող մասնագետների շարունակականության ապահովումը:
Այսօր՝ ծրագրավորման դասընթացներից շուրջ 5 ամիս անց, Գյումրու ու Վանաձորի սովորողները գրանցում են առաջին հաջողությունները, նրանցով արդեն հետաքրքրվում են երևանյան կազմակերպությունները.
«Մարդիկ արդեն սովորելու ընթացքում պահանջարկ ունեն և շատ կազմակերպություններ, հատկապես Երևանից, արդեն հարցազրույցներ են սկսել, որպեսզի որոշակի մակարդակի հասնելուց հետո իրենց մոտ աշխատանքի վերցնեն»,- ասում է Բ. Ենգիբարյանը:
Դասընթացների առաջին փուլը Վանաձորում դեռ չի ավարտվել, սակայն ինչպես Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական բաժնի ղեկավար Նելսոն Մամուլյանն է վստահեցնում, արդեն իսկ 100-ից ավել նոր հերթագրվածներ կան հաջորդ փուլին մասնակցելու համար: Գրանցվածների թվում նաև Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայեր են:
Վանաձորում հետաքրքրվողների տարիքային տատանումները մեծ են.
«Նույնիսկ դպրոցականներ են գալիս, որոնց 17-ը դեռ չի բոլորել, ունենք նաև 50-նն անց տարիքի սովորողներ»,- նշում է Ն. Մամուլյանը:
Պատասխանատուների հավաստմամբ՝ դասընթացների ձևաչափը Վանաձորում դինամիկ փոփոխությունների է ենթարկվում՝ ելնելով աշխատաշուկայի ու ուսանողների պահանջներից:
«Սա մի հերթական ուսումնական պրոցես չէ, այլ ուղղված է ելքին: Մենք մեր հայացքն ուղղում ենք ելքին, որտեղ սպասելու ենք բարձրորակ մասնագետների, ովքեր այսօրվա ՏՏ ոլորտի պահանջներին պետք է բավարարեն»,- ասում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական բաժնի ղեկավարը:
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Ամալյա Եղոյանն էլ վստահ է. «Եթե մենք պատրաստ լինենք առաջարկել լուծումներ աշխարհի բիզնեսներին, ապա նրանք Հայաստանին կնայեն ոչ թե որպես երկիր, որտեղ պետք է բարերարություն անել, այլ որպես երկիր, որտեղ կարող են գտնել ամենաամբիցիոզ լուծումները՝ իրենց բիզնեսների համար»:
Մեկնաբանել