HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնում երկու թեկնածուներ դուրս մնացին ընտրապայքարից

Միսաք Գաբրիելյան

Թիվ 19 ընտրատարածքը մնաց «մեկուկես» թեկնածուով: Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի եւ Սուսաննա Անդրանիկի Հարությունյանի թեկնածությունները Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր Հրաչ Սարգսյան) ապրիլի 10-ի վճռով ճանաչվեցին անվավեր եւ բողոքարկման ոչ ենթակա:

Հիշեցնենք, որ Էջմիածնի ԸԸՀ-ն մի կերպ էր գրանցել նրանց թեկնածությունները` «նկատի ունենալով նախաձեռնող խմբերի ցուցակներում կեղծ ստորագրությունների առկայությունը: ԸԸՀ նիստից անմիջապես հետո նույն ընտրատարածքում գրանցված Հակոբ Վարշամի Հակոբյանը (Երեւանի Արաբկիր համայնքի թաղապետի օգնական) դիմեց դատարան` երկու թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու հայցով: Էջմիածնում Հակոբ Վարշամի Հակոբյանին ի սկզբանե համարում էին հատուկ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի հետ շփոթություն ստեղծելու նպատակով ներդրված թեկնածու եւ Սեյրան Սարոյանի դրածո, ով ցանկացած պահի կարող է ինքնաբացարկ հայտնել` գեներալի համար ապահովելով անմրցակից ընտրություն:

Դատարանում Հակոբ Հակոբյանին եւ Սուսաննա Հարությունյանին մեղադրում էին նախաձեռնող խմբի 50 հոգանոց ցուցակներում 2-3 հոգու ստորագրությունները կեղծելու մեջ: Ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` «ՀՀ ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 քաղաքացի կարող են կազմել ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրելու համար նախաձեռնող խումբ»: Եթե ցուցակներից դուրս են գալիս «2-3 կեղծ ստորագրությունները», ԸԸՀ-ն առաջադրման պայմանը չբավարարելու հիմքով կարող է մերժել թեկնածության գրանցումը:

«Նախաձեռնող խումբը ոչ թե 50, այլ 61 հոգանոց 3 էջից բաղկացած ցուցակ է ներկայացրել թիվ 19 ԸԸՀ, եւ ոչ թե երկու, այլ երեք էջով: Թե երրորդ էջն ի՞նչ է եղել, հայտնի չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Ռ. Հակոբյանը:

«Նախաձեռնող խմբի անդամ Թոռնիկ Գեւորգյանը երկու անգամ է փաստաթղթեր ներկայացրել: Առաջին անգամ բերել է դիմումը, նախաձեռնող խմբի ժողովի որոշումը եւ Հակոբյանի հայտարարությունը` թեկնածու գրանցվելու համաձայնության մասին: Ընդհանուր թվով 3 էջից բաղկացած թղթերը ստացել ու ստացական եմ տվել»,- ասում է թիվ 19 ԸԸՀ նախագահ Մովսես Քարտաշյանը: Վերջինիս ասելով` նախաձեռնող խմբի ցուցակը ոչ թե 3, այլ 2 էջից ինքը Թ. Գեւորգյանից ստացել է ավելի ուշ, ինչի դիմաց ստացական չի տվել: «Չպահանջեց, ես էլ չտվեցի, բայց իրենց մոտ պահպանվող օրինակների վրա գրեցի, որ ստացել եմ: Հիմա ինձ ներկայացնում են իբր այդ պատճենները` առանց իմ ստորագրության: Ո՞նց հասկանամ...»,- հարցնում է Մովսես Քարտաշյանը:

Մեր տրամադրության տակ գտնվող Հակոբ Հակոբյանի նախաձեռնող խմբի ցուցակներում 61 ստորագրություն է, բայց դրանց վրա Քարտաշյանի ստորագրությունը չկա. այն առկա է միայն տիտղոսաթերթի վրա:

Այսպիսով` Արմավիրի առաջին ատյանի դատարանը քննեց Հ. Ռ. Հակոբյանի նախաձեռնող խմբի ոչ թե 61, այլ 50 եւ Ս. Հարությունյանի նախաձեռնող խմբի դարձյալ 50 հոգանոց ցուցակների արժանահավատությունը: Դատաձեռագրաբանական փորձաքննությունը ապացուցված համարեց Հակոբյանի ցուցակում` 2, Հարությունյանի ցուցակում` 3 անձանց ստորագրությունների կեղծված լինելու փաստը եւ նրանց թեկնածությունների գրանցումն անվավեր ճանաչեց:

«Այս ամբողջ խառնաշփոթի համար ես մեղադրում եմ Սարոյանին: Նա Քելբաջարում իր հետ ծառայած տղաներից երկուսին, ովքեր իմ խմբում են եղել, ստիպել է, որ ասեն, թե իրենց ստորագրությունները կեղծել են»,- ասաց Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը: Թեպետ նրան դուրս թողեցին պայքարից, բայց նահանջել, առավել եւս հանձնվել չի պատրաստվում. «Իմ ընտրազանգվածին կոչ եմ անելու իրենց ձայնը տան Հակոբ Վարշամի Հակոբյանի օգտին: Իսկ եթե նա ինքնաբացարկ հայտնի, կհորդորեմ ընտրողներիս անպայման մասնակցեն ընտրություններին եւ դեմ քվեարկեն Սարոյանին: Հայաստանի պատմության մեջ Էջմիածինը բացառիկ դեպքերից է լինելու, որտեղ միակ թեկնածուն պարտվելու է»,- հայտարարեց Հակոբ Ռ. Հակոբյանը:

Ապրիլի 8-ին պատգամավորության արդեն նախկին թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ երկու դիտորդների հետ. «Նախընտրական Էջմիածնի մասին էինք խոսում, բայց կոնկրետացնել չեմ կարող, որովհետեւ չունեմ նրանց համաձայնությունը` նյութի թեման մասսայականացնելու»,- ասաց նա:

Մեր տեղեկություններով` բրիտանացի եւ կանադացի դիտորդներն ասել են, որ իրենց զեկույցներում անպայման անդրադառնալու են Էջմիածնում կատարվող անօրինականություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter