HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Կալանավորված ամբաստանյալն արդեն 4 տարի սպասում է իր դատավճռին

«Քանի տարի է արդեն ինձ կալանքի տակ են պահում: Տարբեր ատյանների դատարանները մի քանի անգամ գործը նորից նախաքննության են ուղարկել: Իսկ իրավապահ մարմիններն էլ ոչ կարողանում են մեղքս ապացուցել, ոչ էլ բաց են թողնում ինձ»,- պատմում է ամբաստանյալ Արարատ Մուրադխանյանը:

Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքների առաջին ատյանի դատարանում արդեն ամիսներ շարունակ քննվում է դեռեւս 2002 թվականի հունիսի 24-ին Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցքի 50 տան բակում կատարված սպանությունների գործը: Ատրճանակի կրակոցների հետեւանքով սպանվել էր 4 մարդ, իսկ 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հենց նույն օրն էլ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում հարուցվում է քրեական գործ, որում որպես կասկածյալ ներգրավվում է Արարատ Մուրադխանյանը: Իրավապահ մարմիններն առանց դատարանի համապատասխան որոշման խուզարկում են Մուրադխանյանի` Տավուշի մարզի Կոթի գյուղի հայրական տունն ու Մրմաձոր հանդամասի վագոն-տնակը եւ հայտնաբերում զինամթերք, որը Մուրադխանյանը պահել է դեռեւս պատերազմի տարիներից: Գործով քննիչ Ա. Գրիգորյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին միջնորդոում է Արարատ Մուրադխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանք` երկու ամիս ժամանակով: Նույնը օրը քննիչը Մուրադխանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարում: Մի քանի օր անց գործը Երեւանի դատախազությունից ուղարկվում է ՀՀ Գլխավոր դատախազություն: Նշենք, որ Մուրադխանյանն այս գործընթացին տեղյակ չի եղել եւ ընդհանրապես այդ ժամանակահատվածում բացակայել է հանրապետությունից, որի պատճառով էլ քրեական գործի վարույթը կասեցվել է:

Նախքան Երեւանում կատարված սպանությունը Արարատ Մուրադխանյանն Ուկրաինայի Օտտավա քաղաքում տնտեսական գործունեության կանխատեսումներով էր զբաղվում եւ բավականին գումար էր աշխատել: Նույն քաղաքում էր ապրում նաեւ սպանված Լեւոն Մեհրաբյանը: «Մեհրաբյանը հանցագործ էր, ռեկետով էր զբաղվում, մեծ կապեր ուներ տեղի իրավապահ մարմինների հետ: Հետեւում էր, որ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները չնեղեն հայ գործարարներին ու դրա համար էլ խոշոր գումարներ էր աշխատում»,- պատմում է Արարատ Մուրադխանյանը: Մի օր էլ Լեւոն Մեհրաբյանը զանգում է Արարատ Մուրադխանյանին ու ասում, որ խոսելու բան ունի նրա հետ: Սրճարանում նստած` զրույցի ընթացքում Մեհրաբյանը Մուրադխանյանից պարտքով 1.000 ԱՄՆ դոլար է խնդրում: Սակայն Մուրադխանյանը, կասկածելով, որ սրանով չի պրծնի, միանգամից 10.000 ԱՄՆ դոլար է առաջարկում Մեհրաբյանին ու պայման դնում, որ վերջինս այլեւս ոչ մի պատրվակով չի անհանգստացնի իրեն: Մեհրաբյանը համաձայնվում է: Շարունակելով իր գործունեությունը` Արարատ Մուրադխանյանն ուկրաինացի գործարար Վիկտոր Պրեդկոյի միջոցով պայմանավորվում է պահեստավորել 720.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սննդամթերք : Պահեստավորումից հետո Պրեդկոն ձգձգում է Մուրադխանյանին ապրանքը վերադարձնելու գործընթացը, որի պատճառով էլ Մուրադխանյանը սպառնում է Պրեդկոյին հաշվեհարդար տեսնել նրա հետ, եթե վերջինս չկատարի իր պարտավորությունը: Դրանից հետո Արարատ Մուրադխանյանի անձնական մեքենայի վրա հարձակում է կատարվում: «Լյովայի վրա կասկած չունեի, քանի որ փող էի տվել: Մտածում էի` Պրեդկոն է ուզում վախեցնել: Հետո ականջիս հասավ, որ Մեհրաբյանի ու Պրեդկոյի մեջ 30.000 ԱՄՆ դոլարի բազար է գնում: Հետո հասկացա, որ սրանք իմ փողերն են կիսում: Վիկտորը 150.000 ԱՄՆ դոլար էր տվել Լյովային ինձ վերացնելու համար, սակայն Լյովան 30.000 էլ էր ուզում: Պրեդկոն չէր տալիս, քանի որ Մեհրաբյանին չէր հաջողվում ինձ սպանել: Մի կերպ վերադարձա Հայաստան, բայց Մեհրաբյանն այստեղ էլ էր իմ ետեւից տարբեր վարձու մարդկանց ուղարկում, բայց վերջիններս տեսնում էին, որ ես էլ իմ հերթին եմ պատրաստ նրանց «դիմավորելու»: Ամեն դեպքում, Լյովային ձեռք էր տալիս իրավիճակը. ես սպանեի` նստելու էի, ինձ սպանեին` խնդիրը կլուծվեր»,- պատմում է Արարատ Մուրադխանյանը:

Հայաստանում գտնվելու ժամանակ 2001թ.-ի մարտի 31-ին Ուկրաինայի Պոլտավա քաղաքում հայտնաբերվում է Վիկտոր Պրեդկոյի դիակը` գլխի շրջանում հրազենի վնասվածքով: Բանից անտեղյակ Արարատ Մուրադխանյանն առանց որեւէ խոչընդոտի մեկնում է Ռուսաստան` նորից տնտեսական գործունեություն իրականացնելու: 2003-ի հունվարի 24-ին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ոստիկանները բերման են ենթարկում Մուրադխանյանին ու տեղափոխում Ուկրաինայի Պոլտավա քաղաք: «Ինձ պահում էին ձերբակալված անձանց պահելու վայրում ու ձեւակերպել էին, թե իբր ես եմ ինքնակամ ներկայացել ոստիկանություն: Հետո դիմեցի Կիեւյան շրջանի դատախազին, որ Պրեդկոյի սպանության ժամանակ ես Հայաստանի Հանրապետությունում եմ գտնվել»,- պատմում է Մուրադխանյանը:

Պոլտավա մարզի Վերաքննիչ դատարանն Արարատ Մուրադխանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնում է վեց ամսով: 2003-ի սեպտեմբերին դատարանը որոշում է գործն ուղարկել նախաքննության, քանի որ հայտնաբերվել էին մի շարք խախտումներ: Որոշ ժամանակ անց նորից կազմվում է նույնաբովանդակ մեղադրական եզրակացություն, որը դատարանը կրկին ուղարկում է նախաքննության: Մեղադրող կողմը բողոք է ներկայացնում Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը հաստատում է առաջին ատյանի` գործը նորից քննելու վճիռը:

Արդեն 2004-ի հունվարին Ուկրաինայի դատախազությունը ներկայացուցիչ է ուղարկում Հայաստան Արարատ Մուրադխանյանի` Վիկտոր Պրեդկոյի սպանության օրերին Հայաստանում գտնվելու հանգամանքները պարզելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունը, տեղեկանալով Մուրադխանյանի գտնվելու վայրի մասին, գրություն է ուղարկում Ուկրաինայի դատախազություն Մուրադխանյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ, քանի որ վերջինս մեղադրվում է 4 հոգու (Լյովա Մեհրաբյանի, նրա եղբոր եւ ընտանիքի եւս երկու անդամների) սպանության եւ ապօրինի զինամթերք պահելու մեջ: Ուկրաինայի դատախազությունը տեղի չի տալիս եւ գործը նորից է ուղարկում առաջին ատյանի դատարան: Դատաքննությունը հետաձգվում է մեղադրական կողմի` գործին ծանոթանալու համար ժամանակ խնդրելու միջորդության պատճառով: Մարտին Ուկրաինայի դատախազությունը որոշում է Արարատ Մուրադխանյանին հանձնել ՀՀ գլխավոր դատախազությանը: Վերջինիս հետ միասին հանձնվում է նաեւ Ուկրաինայում հարուցված գործը` արդեն Հայաստանում քննությունը շարունակելու համար: «Այսինքն, ես Ուկրաինայում նախնական կալանքի տակ եմ գտնվել 2003-ի հունվարից մինչեւ 2004-ի մայիսը, որից հետո մինչեւ օրս էլ շարունակում եմ կալանքի տակ մնալ այստեղ` Հայաստանում»,- ասում է Արարատ Մուրադխանյանը:

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության Հատկապես կարեւորագույն գործերի քննիչ Ա. Թամրազյանը Մուրադխանյանի հանդեպ կալանքը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Դատավոր Էդիկ Ավետիսյանը նորից է բավարարում քննիչի միջնորդությունը: Ա. Թամրազյանն Ուկրաինայում հարուցված գործը վերադարձնում է` պատճառաբանելով, որ տվյալ գործում առկա քրեադատավարական խախտումները կարող են վերացվել միայն հանցանքի կատարման վայրում, այսինքն` Ուկրաինայում: Երեւանում կատարված սպանութունների նախաքննությունն ավարտվում է 2004-ի սեպտեմբերին, եւ միայն այդ ժամանակ Արարատ Մուրադխանյանը կարողանում է ծանոթանալ քրեական գործին:

«Թեեւ իմ կալանքի տակ գտնվելու ժամկետը մինչեւ 2004-ի սեպտեմբերի 18-ն էր, սակայն մինչեւ մեղադրական եզրակացությունը հաստատելու օրը` 2004-ի սեպտեմբերի 24-ը, կալանքի տակ եմ եղել: Չնայած այդ ժամանակահատվածի համար ինձ կալանքի տակ պահելու դատարանի որոշում չկար»,- ասում է Ա. Մուրադխանյանը:

Գործն ուղարկվում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան: Շուրջ մեկ տարի տեւած դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանը 2006-ի հոկտեմբերին գործն ուղարկում է լրացուցիչ նախաքննության, իսկ Մուրադխանյանի հանդեպ խափանման միջոցը թողնում անփոփոխ: Մեղադրական կողմը դիմում է Վերաքննիչ դատարան, սակայն բողոքը մերժվում է: Վճռաբեկ դատարանը նույնպես անփոփոխ է թողնում առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործը նորից ուղարկում դատախազություն: Սակայն մեղադրական կողմը, անտեսելով բոլոր երեք ատյանների որոշումները, գործը կրկին ուղարկում է առաջին ատյանի դատարան, այս անգամ արդեն` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների: Թեեւ գործը դատարան է մտել 2006-ի մայիսին, սակայն առաջին դատական նիստը տեղի է ունեցել միայն հոկտեմբերի 16-ին:

Նախաքննության ընթացքում բոլոր ականատես վկաները հայտնել էին, որ դեպքը կատարվել է մութ ժամանակ, ուստի կրակողի դեմքը չեն տեսել եւ ճանաչել չեն կարող: Նրանց ներկայացվել են մի քանի լուսանկարներ, որոնց մեջ առկա է եղել նաեւ Արարատ Մուրադխանյանի լուսանկարը: Վկաներից ոչ մեկը, այդ թվում եւ տաքսու վարորդը, ով կրակողին տարել է տուժողների տուն, Մուրադխանյանին չեն ճանաչել: Սակայն դատաքննության ողջ ընթացքում, բացի տաքսու վարորդից, տուժողի իրավահաջորդներն ու ներկայացուցիչները պնդում էին, որ հենց Արարատ Մուրադխանյանն է կրակել իրենց կողմ: «Չեմ բացառում այն, որ տուժող կողմի տենչն ուղղված է ոչ թե իրական մարդասպանին բացահայտելու ուղղությամբ, այլ` դեպի ինձ, քանի որ ես մինչեւ օրս Լյովա Մեհրաբյանի հարազատներից պահանջում եմ ինձ պարտք գումարը»,- ասում է Արարատ Մուրադխանյանը:

2007 թվականի մարտի 12-ի դատական նիստում մեղադրական կողմի միջնորդությամբ դատարանը վճռեց դատահոգեբուժական փորձագիտության ենթարկել վկաներ Սիրակ Դարբինյանին եւ Ռուզաննա Մեհրաբյանին: «Մեր խորին համոզմամբ, մարտի 12-ին դատարանը պետք է արդարացնող դատավճիռ կարդար, քանի որ գործում առկա բոլոր փաստերը խոսում են Արարատ Մուրադխանյանի օգտին, սակայն դատարանը մեզ համար անսպասելի որոշում կայացրեց»,- ասում է ամբաստանյալի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Սիրակ Դարբինյանն այն տաքսու վարորդն է, որը հանցագործին դեպքի վայր է հասցրել: Նա եւ՛ նախաքննական ցուցմունքներում, եւ՛ դատարանում հստակ հայտնել էր, որ ինչքան ժամանակ էլ անցնի, միեւնույն է, ինքը կճանաչի իր մեքենան նստած մարդուն, որն ամբաստանյալը չէ: Իսկ Ռուզաննա Մեհրաբյանը` սպանված Ռուբեն Մեհրաբյանի ( Լյովա Մեհրաբյանի եղբայրն է ) աղջիկը, իր նախաքննական ցուցմունքներում նշել է, որ մթության պատճառով չի տեսել կրակողի դեմքը: Իսկ արդեն դատարանում վերջինս «հիշել էր», որ կրակողը հենց Արարատ Մուրադխանյանն է եղել:

«Մեղադրող կողմը փորձում է կասկածի տակ դնել երկու վկաների ամենահիմնավոր ցուցմունքները, որոնք իմ պաշտպանյալի արդարացման դատավճռի հիմնական փաստերն են»,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը:

Ավելացնենք, որ դատաքննության ընթացքում արդեն նշանակվել էր դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` վկաները քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու առումով միանգամայն ունակ են ճանաչվել:

Դատաքննությունը շարունակվելու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter