HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու արդյունաբերական մի շարք ձեռնարկություններում սկսված կրճատումները կշարունակվեն

Գայանե Սարգսյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզի տարեկան ցուցանիշները պարզ կլինեն միայն 2016թ.-ի հունվար-փետրվարին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից այսօր հրավիրված մամլո ասուլիսը հարցուպատասխանի ձևաչափով էր:

-Ո՞րն եք համարում 2015թ.-ի ամենամեծ ձեռքբերումը:

-Գլխավոր ձեռքբերումներն ըստ ոլորտների մի քանիսն են: Ես մարզի ամենագլխավոր ձեռքբերումը համարում եմ տեխնոկենտրոնի կառուցումը, որը նաև տրամաբանական շարունակություններ է ունենալու:  

Տեխնոկենտրոնից բացի, 2016թ.-ին մենք կունենանք նաև Թումո կենտրոն, եւ Սմարթ կենտրոն՝ Դեբեդ գյուղի հարակից տարածքում:

Կարևոր ձեռքբերումներից մեկն էլ համարում եմ Ստեփանավան-Օձուն ճանապարհի շինարարությունը, որի ավարտը շատ շուտով կտեսնենք: Շուրջ 3.5 միլիարդ դրամի ներդրում կատարվեց, թվով 13 համայնք այդ ճանապարհից կօգտվի. ես համոզված եմ, որ այդ ձեռքբերումը տարածաշրջանում գյուղատնտեսության արագ զարգացման հնարավորություն կտա:

-Կուզեի բացթողումներին անդրադառնայիք: Ո՞րն եք համարում այս տարվա գլխավոր բացթողումը, ի՞նչը չհասցրեցիք անել: Ինչպիսի՞ն են ակնկալիքները 2016-ից:

-Ինչ չհասցրեցինք կամ ինչը կցանկանայինք իրականություն դարձնել, որ չարեցինք: Դա,  անկեղծ ասած, սոցիալական վիճակի հետ է կապված,  որը մեզ ինչ-որ չափով անհանգստացնում է, և ես կցանկանայի, որ գոնե 2016թ.-ին սոցիալական  լարվածությունը գոնե մի փոքր մեղմվեր:

Սրա հետ կապված  մենք լուրջ աշխատանքներ ենք իրականացնում, փորձելու ենք արդյունաբերական նախկին կենտրոն Վանաձորում գոնե փոքր ու միջին բիզնեսը հնարավորինս զարգացնել, որովհետև  խորհրդային տարիների այն հնավորությունը, որը տալիս էր մեզ արդյունաբերությունը, հիմա չունենք, և այդ բացը պետք է լրացնենք փոքր ու միջին բիզնեսի զարգացումով:

Քանի որ լավատես եմ, պետք է ասեմ, որ վստահ եմ ու համոզված, որ հատկապես առաջին եռամսյակից հետո նոր ծրագրեր, նոր հնարավորություններ կբացվեն և 2016-ը շատ ավելի հաջող տարի կլինի, քան 2015-ն է:

 -Ի՞նչ  ճակատագիր է սպասվում Վանաձորի թվով 83 վթարային շենքերին ու երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներին:

-2015թ.-ի ձեռքբերումներից մեկը հենց անօթևանների հարցերին է վերաբերում,  2014թ.-ին այդ մասով  գրեթե ոչ մի ծրագիր չկարողացանք իրականացնել:  2015թ.-ի ընթացքում քաղաքաշինության նախարարն աշխատանքային այցով եղավ Վանաձորում, մենք քննարկեցինք նաև անօթևան մնացածների հարցերը և որոշեցինք, որ տնտեսված միջոցներից 2015-2016 թթ.-ին կհատկացվի որոշակի գումար, որպեսզի այդ աշխատանքները կարողանանք ինչ-որ չափով ավարտին հասցնել: Այս տարվա դեկտեմբերին արդեն կառավարության կողմից մարզին հատկացվել է 99 մլն դրամ, շուրջ 13 գյուղական համայնքների շահառուներ արդեն իսկ ստացել են 3-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն, իսկ 60 մլն դրամը հատկացվել է Վանաձորի թվով 14 բնակիչների համար, ովքեր  երկրաշարժից հետո շահառու էին ճանաչվել և մինչ օրս նրանց խնդիրները չեն լուծվել: Այդ 60 մլն-ը կհատկացվի ոչ թե որպես դրամական աջակցություն, այլ ԲԳՎ-ների տարբերակով: Այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում, Վանաձորի 10 ընտանիքների հետ պայմանագրերի կնքումն ավարտված է, մնացել է 3 ընտանիք, որոնցից մեկը հրաժարում է ԲԳՎ-ից: Կտեսնենք, թե այդ ընտանիքի համար ինչ կառաջարկվի:

 Վթարային շենքերի հետ կապված՝ քաղաքաշինության նախարարի մոտ Վանաձորի քաղաքապետն այդ հարցը բարձրացրեց: Վերջերս աշխատանքային այցով նաև ՀՀ վարչապետն էր Վանաձորում, մենք խոսեցինք նաև Վանաձորի վթարային 83 շենքերի մասին, որոնք հիմնականում երրորդ կարգի վթարայնության աստիճան ունեն: Այս մասով առայժմ որևէ կոնկրետ հարցի լուծում չկա, քաղաքապետարանին 2016թ.-ին կհանձնարարվի, որ գույքագրում կատարեն, թե այդ շենքերից քանի տոկոսն է բնակեցված, բնակիչներից քանիսն ունեն սեփականության վկայականներ կամ  այդ շենքերում բնակվողներն ընդհանրապես ինչ կարգավիճակ ունեն,որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ շենքերում ապրողների մի մասն ընդհանրապես այդ բնակարանների հետ կապ չի ունեցել, բայց այսօր պահանջատեր են դարձել: Այս առումով քաղաքապետարանը լուրջ անելիքներ ունի: Երբ գույքագրումն ամբողջական պատրաստ կլինի, միգուցե այդ փաթեթը կներկայացնենք քաղաքաշինության նախարարություն և ըստ այդ փաթեթի որոշում կկայացվի:

-Ի՞նչ կասեք արդյունաբերության ոլորտի ներկա վիճակի մասին: Զբոսաշրջության մասով առաջընթաց կա՞, թե՞ ոչ:

 -Անկեղծ ասած, ամենաբարձր աճն արձանագրել ենք արդյունաբերության ոլորտում: Հիմա եթե ես խոսեմ մեր արդյունաբերության տոկոսների մասին, բոլորիդ մոտ հարց է առաջանալու՝ լավ, ինչո՞ւ մեր սոցիալական վիճակը չի փոխվում: 11 ամսվա կտրվածքով մենք արդյունաբերությունում 194.4 տոկոս աճ ենք արձանագրել, բայց քանի որ աճը հիմնականում պայմանավորված է 2014թ.-ի դեկտեմբերին «Թեղուտ» ՓԲԸ-ի բացման հետ, աճն ամբողջությամբ արձանագրվել է  հենց Թեղուտի աշխատանքով: «Թեղուտն», իհարկե, նույն ծավալի հանքարդյունաբերության աշխատանքները շարունակում է մինչ օրս, բայց ծավալների առումով ես կարծում եմ, որ 2016թ.-ին այս աճի տեմպերը կնվազեն կոնկրետ գնային առումով: Թողարկված արտադրանքի ծավալն ընթացիկ գներով եթե նայենք, ապա պետք է համեմատենք համաշխարհային շուկայում մետաղի գների հետ: Բնականաբար, համաշխարհային շուկայում մետաղի գները կտրուկ նվազել են, և սա չի կարող իր ազդեցությունը չունենալ մարզի արդյունաբերության վրա:

Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ «Սագամարն» արդեն լուրջ խնդրի առաջ է կանգնել, և աշխատողների շուրջ 90 տոկոսն արդեն իսկ ազատվել է աշխատանքից: Մտածում էինք,  որ «Սագամարը» մինչև հունվար գոնե այս տեմպերով կշարունակի գործել, որովհետև աշխատավարձի 2/3-ով աշխատողներին ուղարկել էին տուն, մտածում էինք, որ հունվարից ինչ-որ բան կփոխվի, բայց կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչ 2016թ.-ի առաջին եռամսյակ այս տեմպերը համաշխարհային շուկայում գնային առումով կշարունակվեն և որևէ դրական փոփոխություն չի լինի:

Համաշխարհային շուկայում մետաղի գների բարձրացման հետ «Սագամարը» նորից կսկսի իր աշխատանքները, չնայած ես կարծում եմ, որ այդ ժամանակ որոշ խնդիրներ կունենա, որովհետև այն մարդիկ, ովքեր մասնագետներ էին, չի բացառվում, որ այս ընթացքում նոր աշխատանք գտնեն կամ տեղափոխվեն այլ վայր, իսկ մասնագետ կորցնելն արդյունաբերողի համար դուք բոլորդ պատկերացնում եք՝ ինչ է նշանակում:

Նույն խնդիրը կա նաև Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Այնտեղ ևս որոշ քանակով կրճատումներ կան: Չի բացառվում, որ դեռ մի քանի տասնյակ աշխատողներ կրճատվեն,  կրճատվողների ընդհանուր թիվը պետք է հասցնեն 120-ի:

«Թեղուտում», գիտեք, որ նույն վիճակն է տիրում: Չի բացառվում, որ այնտեղ մինչև 100-150 հոգու կրճատում կատարեն: Նույնը կատարվում  է նաև Ալավերդիում: Ալավերդիում գործարանը փակման եզրին կանգնած էր և մի քանի անգամ քննարկումներ անցկացնելուց հետո գործարանի տնօրինությունը եկավ այն համոզման, որ գործարանն, այնուամենայնիվ, կաշխատի, բայց կրճատումներն անխուսափելի են: Այս առումով արյունաբերության մասով առայժմ գոհացուցիչ որևէ բան չեմ կարող ասել, բայց կանխատեսումները ցույց են տալիս, որ առաջին եռամսյակից հետո համաշխարհային շուկայում գները որոշ չափով կփոխվեն: Իհարկե, դա կախված է  նաև այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակից:

 -Գնալով բնակչության թիվը նվազում է, արտագաղթի տեմպերն՝ աճում:  2016թ ի՞նչ սպասենք սոցիալական վիճակի առումով:

-2015թ. հունիսի 1-ի դրությամբ մարզի բնակչության թիվը կազմել է 225.000: Բնակչության թիվը նվազել է մեզ մոտ և մարզից տեղափոխվողերի կամ բացակայողների հիմնական թիվը Վանաձորից է: Վանաձորի բնակչության թիվը, եթե դոտացիայով հաշվարկենք, 84.000 մարդ է: Երբ մեր գործընկերուհին հարց տվեց բացթողումների մասին, ես հենց սկզբից նշեցի, որ բացթողումը հենց սոցիալական վիճակն է:  Սոցիալական վիճակն էլ կապված է աշխատատեղեր չլինելու հետ: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, նոր աշխատատեղեր բացելու ցանկացած ծրագրի  աջակցել: Միգուցե կարողանանք «Քիմպրոմի» մի քանի արտադրամասերում աշխատատեղեր բացենք, բայց շեշտը դնելու ենք փոքր ու միջին բիզնեսի վրա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter