
Կեղտաջուր՝ խմելու ջրի փոխարեն
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչների համար խմելու ջրի աղտոտվածությունն ու դրանից պարբերաբար առաջացող աղիքային հիվանդությունները սովորական երեւույթ են դարձել:
Գյուղին առ այսօր խմելու ջուրը մատակարարվում է բարոյապես ու ֆիզիկապես մաշված խողովակներով, որոնց օգտագործումը 1999-ից ստանձնել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:
Քաղցրաշենի բնակիչները «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի հետ ստորագրել են պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը, մասնավորապես, պարտավորվել է սպառողներին մատակարարել խմելու ջրի որակի ջուր եւ բաժանորդի պահանջի դեպքում ներկայացնել ջրի որակի երաշխիք:
Բնակիչների հավաստմամբ՝ իրենց պահանջած ջրի որակի երաշխիքը ջրամատակարարը երբեք չի ներկայացրել, իսկ իրենց մատակարարվել է ոչ թե խմելաջուր, այլ կեղտաջուր: Սա արդյունք է այն բանի, որ քայքայված խողովակներով հոսող ջուրն անցքերից ու ճեղքերից դուրս է հորդում դեպի փողոց, այնտեղ ջրափոսեր գոյացնում, հետո, երբ ջուրն անջատվում է, փողոցի կեղտաջրերը լցվում են խողովակներն ու դառնում «խմելաջուր»: Սա էլ աղիքային հիվանդությունների պատճառ է դառնում:
Սպառողները մի քանի անգամ դիմել են ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն, որի մասնագետ Սեւոյանը խմելաջրի փորձանմուշներ է վերցրել գյուղից, բայց հետազոտության արդյունքների մասին բնակիչներն այդպես էլ չեն իրազեկվել: Միայն մեկ ամիս անց տեսչության պետ Ա. Վանյանը մեկ նախադասությամբ գրավոր պատասխան է գրել բնակիչներին, թե «սանիտարական կանոնների պահանջների խախտումներ չեն արձանագրվել»:
Գրեթե նույն ժամանակահատվածում գյուղացիների խնդրանքով Քաղցրաշենում խմելաջրի նմուշառում է անցկացրել «Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետ Անուշավան Սարգսյանը: Լաբորատոր հետազոտությամբ պազվել է, որ գյուղի չորս բնակիչների տների ծորակներից վերցված նմուշները չեն համապատասխանում ստանդարտներին, իսկ մագիստրալի նմուշը մաքուր է:
Երբ հետագայում գյուղի բնակիչ Ծաղիկ Կարապետյանը դատի է տվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Կենտրոն-Արեւմտյան» մասնաճյուղին, Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը գտել է, որ Անուշավան Սարգսյանը նմուշառման ժամանակ խախտել է կարգը, քանի որ այդ մասին նա տեղյակ չի պահել ջրմուղին, հայտնի չէ նաեւ, թե ինչպես են վերցվել նմուշները:
Ըստ դատարանի՝ այնուամենայնիվ, հետազոտությունը ցույց է տվել, որ մագիստրալի ջուրը մաքուր է, իսկ ահա բնակիչների ծորակներից հոսող ոչ պիտանի ջրի որակի համար պատասխանատու են հենց իրենք՝ սպառողները, քանի որ նրանց եւ ջրմուղի միջեւ կնքված պայմանագրով՝ կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է «պահպանել իր տնօրինության տակ գտնվող ջրամատակարարման համակարգերի սահմանազատման տեղում մատակարարման ջրի որակը»: Ստացվում է, որ կեղտաջուրը զուտ բնակիչների սեփականություն հանդիսացող խողովակների քայքայվածության հետեւանք է:
Դատարանի եւ ջրմուղի այս ձեւակերպումն, իհարկե, դուրս է տրամաբանությունից, քանի որ հենց «Կենտրոն-Արեւմտյան» մասնաճյուղի «Արտաշատ» տեղամասի աշխատակիցները 2006-ի հուլիս-օգոստոս ամիսներին Քաղցրաշենում խմելաջրի ցանցի հատվածների 24 նորոգում են իրականացրել:
Այլ հարց է, որ գյուղացիները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում առանց այդ էլ քայքայված ցանցը քիչ թե շատ կարգի բերելու գործում: Մասնավորապես, ինքնակամ կառուցապատումները դառնում են տեխնիկայի տեղաշարժի արգելք, ոմանք ապօրինի ծորակներ են միացնում ջրատարին, ոմանք էլ թերեւս անտեղի խոչընդոտում են ջրմուղի աշխատակիցների աշխատանքին:
Քաղցրաշենցիների՝ ջրի վեցժամյա գրաֆիկը շուրջօրյա դարձնելու պահանջն էլ, ըստ ջրամատակարարների, իրատեսական չէ, քանի որ ջրի սակավության պատճառով Վեդու եւ Արարատի տարածքների սպառողները նույնպես գրաֆիկով են ջուր ստանում:
Այդուհանդերձ, բնական եւ ըմբռնելի է ջրի որակի վերաբերյալ գյուղացիների բողոքն ու զայրույթը: Խողովակաշարերի հատվածաբար նորոգումներից հետո էլ շարունակվող կեղտաջրերի հոսքը եւ հիվանդությունները, անորակ ջրի դիմաց չվճարված հարկերը մուծելու պահանջները նրանց ստիպել են դիմել զանազան ատյանների, այդ թվում` վերաքննիչ բողոք ներկայացնել Արարատի մարզի դատարանի վճռի դեմ:
Մեկնաբանել