HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում ծառայողական բնակարաններ են հանձնվել սպաների

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վանաձորում մասնակցել է սպաների ու նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան զինվորականներ: Այս մասին հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը:

«Սեյրան Օհանյանը, շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքների անդամներին բնակարանամուտի կապակցությամբ, նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում և արվում  է հնարավորը ամենը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ մնալով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը անցկացրեց բնակելի շենքի տնօրհնեքի արարողությունը:

Խորհրդանշական կարմիր ժապավենի հատման հանդիսավոր արարողությունը Սեյրան Օհանյանը  իրականացրեց բնակարանամուտը տոնող  սպաների երեխաների հետ միասին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, սպաներին և նրանց ընտանիքի անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց արգասաբեր և հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter