HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14 մլն-ի չափով պարգևատրումների շռայլում՝ Վանաձորի քաղաքապետարանում

Գայանե Սարգսյան

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը տարբեր առիթներով բազմիցս է նշել, որ համայնքի բյուջեն սուղ է, որ եղած միջոցները չեն բավարարում, որ բյուջեի եկամուտները նվազել են, իսկ ծախսային մասը տարեցտարի միայն ավելանում է: Այս ամենից ելնելով կարելի էր ենթադրել, որ համայնքի բյուջեն պետք է առավելագույնս խնայողաբար ծախսվեր: 2015թ.-ի 9 ամսվա կատարողականով ներկայացված բյուջեի ծախսային մասի մի քանի տողեր, սակայն, այլ բան  են կայում: 

Մի քանի տողերով կատարված հատկացումների մասին պարզաբանումներ ստանալու համար նոյեմբերի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էինք Վանաձորի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել ում, ինչ հիմքով և ինչ չափով են  կատարվել հատկացումները: Մեկ ամիս անց ստացանք հարցման պատասխանը:

2015թ. բյուջեի Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ տողով ծախսը կազմել է 14.378.800 դրամ, որը բաշխվել է այսպես.

-9 մլն 862 հզր դրամ-պարգևատրումներ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներին՝ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ,

-839հզր 600 դրամ-խրախուսումներ Մարտի 8-ի՝ Կանանց տոնի և ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ

-3 մլն 677 հզր դրամ կազմել է եկամտահարկը:

Պատասխանին կից ուղարկվել էին նաև քաղաքապետ Սամվել Դարբինյանի համապատասխան որոշումները: Դրանցից առաջինում` ընդունված 2014թ. դեկտեմբերի 3-ին, նշված էր.

Հաշվի առնելով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագիրը` հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 15.11.2013թ.-ի թիվ 100-Ն և 30.06.2014թ.-ի թիվ 31-Ա որոշումները, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով որոշում եմ.

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքական և հայեցողական, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին խրախուսել յուրաքանչյուրի պաշտոնային դրույքաչափին համապատասխան միանվագ գումարի չափով:

2015թ.-ի մարտի 2-ին ընդունված որոշման համար հիմք էր ծառայել հետևյալը.

Հաշվի առնելով աշխատակազմի աշխատակցուհիների բարեխիղճ աշխատանքը` Մարտի 8-ի՝ Կանանց տոնի և ապրիլի 7-ի՝ Մայրության ու Գեղեցկության տոնի առթիվ, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով և Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ որոշում եմ.

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակցուհիներին՝ համաձայն հավելվածի, խրախուսել յուրաքանչյուրին 20.000-ական դրամի չափով: Հավելվածը՝ բարեխիղճ աշխատակցուհիների անվանացանկով, ինչպես նաև վերը նշված տողով կատարված հատկացման արդյունքում պարգևատրվածների անվանացանկը քաղաքապետարանից հարկ չէին համարել մեզ տրամադրել` չնայած նրան, որ հարցման մեջ հստակ նշել էինք տեղեկացնել, թե ում, ինչ հիմքով և ինչ չափով են  կատարվել հատկացումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter