Ավարտվել է ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը նյութապես շահագրգռելով խոչընդոտելու գործով նախաքննությունը
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Զավեն Միրիջանյանը, ընդգրկված լինելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպող թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում, նույն հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին նյութապես շահագրգռելով` խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը:
Մասնավորապես՝ թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ Զավեն Միրիջանյանը 2015 թվականի նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, հանդիպել է նույն հանձնաժողովի անդամ Վ. Հարությունյանին և նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող, չլրացված երկու վկայականներ, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը նյութապեսշահագրգռելով խոչընդոտելու համար Զավեն Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել